Tert.am-ը գրում է.

Սահմանադրության փոփոխության հանրաքվեից առաջ հրավիրված ասուլիսին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հարկ է համարում  հասարակության տրամադրություններից խոսել, որոնք, ըստ նրա, կա՛մ տրամադրված են գնալ տեղամասեր և ոչ ասել, կա՛մ էլ ընդհանրապես միտք էլ չունեն գնալ ընտրության:

Այսօր հրավիրված բանավեճին Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իր և իր կողմնակիցների  համար երկու տարբերակն էլ ընդունելի են: «Հասարակությունը ոչ միայն կարող է գնալ և ասել «ոչ», այլ կարող է ընդհանրապես չգնալ էլ»,-ասաց նա և ավելացրեց, թե դրա պատճառն այն է, որ այս փոփոխությունները կազմակերպում են չընտրված իշխանությունները, որոնք բազմաթիվ խոստումներ են տվել և չեն իրականացրել, տարբեր խնդիրների հետ կապված դրական կանխատեսում են արել և ճիշտ հակառակն է ստացվել, ինչպես օրինակ գազի թանկացման դեպքում:

«Եթե դուք չցանկանաք գնալ, մենք հո ձեռքից չենք բռնելու, ասենք՝ չէ, գնա: Խոսքը սրա մասին է, ուստիև, ցանկացած պարագայում հասարակությունն այլընտրանք էլ ունի, մեր տեսանկյունից՝ մինչև հանրաքվեի օրը հավաքվել և լուրջ ազդեցություն ունենալ գործընթացների վրա: Եթե հնարավոր է մինչև ամսի 6-ը իշխանափոխություն իրականացնեն, կամ էլ վերահսկողական գործառույթ իրականացնենք տեղամասերում: Ուզում են գնան «ոչ» ասել, ուզում են՝ բոյկոտեն, տեղամասում պետք է ֆիքսվի»,- ասաց նա և հավելեց, թե ցանկացած պարագայում տարանջատում պետք չէ տեսնել, իրենք՝ «ոչ»-երով իրար հետ շփվում են և համաձայնեցում:

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը հակադարձում է՝ մեկ անգամ ևս պարզվեց, որ խնդիրը կազմակերպիչների մեջ է և ոչ թե ներկայացված նախագծի, որը, ըստ նրա, ակնհայտորեն երկրի զարգացման նախադրյալ կարող է լինել:

«Բայց քանի որ կազմակերպվում է իշխանության կողմից, հարգարժան ընդդիմությունը մերժում է: Նման չէ տպավորությանը, որ «ոչ»-ը կարող է մեծամասնություն դառնալ: Ավելին՝ «այո»-ի կողմնակիցները մեկուկես անգամ կգերազանցեն»,-կանխատեսեց նա և հիշեցրեց, թե մի ժամանակ իրենք էին առաջարկում, ինչ դրված է բարեփոխման տարբերակում, ինչ դրված է սեղանին, և այսօր տարօրինակ է, որ դեմ են:

Արմեն Մարտիրոսյանը համաձայնեց, որ իրենք խորհրդարանական համակարգին կողմ են, սակայն այս նախագծով առաջարկվում է միակուսակցական համակարգ. «Սա պառլամետկան չէ, սա միակուսակցական է, իր կայուն մեծամասնության դրույթով»,-ասաց նա և կրկին որոշ հոդվածներ մեջբերեց, որոնք ըստ նրա, վտանգավոր են:

«Այնպես չէ, որ միայն այն պատճառով ենք ասում, որ այս իշխանությունն է կազմակերպում, չնայած լեգիտիմ իշխանությունը կարող է նման փոփոխություն առաջարկել, բայց նաև տեքստն էլ թերի է»,- ասաց նա:

Ի պատասխան Տաճատ Վարդապետյանն ասաց,որ այս իշխանությունները լեգիտիմ են, դա անվիճելի է և վերջում մեջբերեց Ջիվանու տողերից՝ նախապես շեշտելով, որ պետք չէ հասցեական ընդունել:

Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած,
Աքլորը քարոզչի վերարկու հագած
Ամբիոն է ելել, խելքի աշեցեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել