Առավոտյան աշխատանքի գալիս նորից ականատես եղա տհաճ մի դեպքի՝ տատիկը, երկու թոռների ձեռքը բռնած, Մաշտոցի պողոտան է հատում չթույլատրված վայրում, մեքենաների արանքով երեխաներին տանում է դիմացի մայթ: Չհասցրեցի ոչինչ ասել, թերևս բան ասելն էլ ոչինչ չի տալիս, քանի որ կամ պատասխանում են՝ դու ո՞վ ես, որ ինձ ասես՝ ես ինչ անեմ, կամ ասում են՝ ոտքս է ցավում, կամ ուղղակի զարմացած նայում են: Նման իրավիճակներում երկու բան է մտքովս անցնում՝ ինչո՞ւ մենք չենք կարող վարչական տույժի ենթարկել այն մարդկանց, ովքեր անչափահասներին փողոց են անցկացնում վտանգավոր տեղերից, քանի որ դրանով վտանգում են երեխաների կյանքը, և մյուսն էլ այն է, թե ինչ պահանջենք դպրոցից, երբ երեխան տեսնում է, թե ինչպես են իր ծնողը կամ տատիկն ու պապիկը խախտում սահմանված կարգը: Առաջին հայացքից աննշան բան է, բայց երեխայի վրա այն ավելի մեծ բացասական ազդեցություն է ունենում: Հետո ասում ենք՝ դպրոցը լավ չի աշխատում, ուսուցիչը թերանում է, ուսուցիչը սխալ է, ի՞նչ կարող է անել ուսուցիչը, երբ երեխային, տնից ու փողոցից սկսած, սխալ ենք դաստիարակում, ու այդ սխալ դաստիարակությունը չենք տեսնում ու ամեն ինչում մեղադրում ենք դպրոցին, իբրև մեր ուսուցիչներն ինչ-ինչ հարցով թերանում են: Ես անկեղծորեն եմ ասում՝ համարում եմ, որ ուսուցչի աշխատանքն ամենադժվարներից է, նրանցից երբեք չեմ լսել բողոք այս կամ այն աշակերտի մասին, բայց լսում եմ բողոքներ աշակերտների ծնողներից, որոնց երեխաների արարքներն ու խոսքերն ապշեցնում են: Ասելիքս այն է, որ հարգեք դպրոցը, գոնե մի խանգարեք մանկավարժներին ու ճիշտ դաստիարակեք ձեր երեխաներին, մեղադրելուց առաջ մի պահ ձեզ դրեք մանկավարժների տեղը, ովքեր աշխատում են տասնյակ երեխաների հետ: Մեղադրելն ամենահեշտն է, ասելը, որ դպրոցն է մեղավոր, դա էլ է ամենահեշտը, ու երբ երեխաներիդ մոտ ասում եք՝ այս կամ այն ուսուցիչը վատ է, դրանով երեխայի մոտ հիմնավորում եք նրա վատ սովորելն ու սպանում եք ձգտումը: Գնահատեք դպրոցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել