image

GalaTV.am-ը գրում է․

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ընթացող՝ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացքում բանաձև է ընդունվել Հայաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:

Այս մասին տեղեկանում ենք «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության կայքից: Բանաձեւի մեջ ասված է. «Մենք՝ Կիևում անցկացվող՝ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության Ֆորումի 7-րդ վեհաժողովի մասնակիցներս, կիսելով ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի մտահոգությունը, հայտարարում ենք, որ Հայաստանում առկա՝ ՀՀ Սահանադրության մեջ փոփոխություններ մտցնելու գործընթացը բազմաթիվ բաղադրիչներով չի համապատասխանում ժողովրդավարական նորմերին:

Մեր մտահոգությունն են առաջացնում սահմանադրական փոփոխությունների մշակման և քարոզչության գործընթացները, այդ թվում՝ քաղաքացիներին տեղեկացնելու մասով հավասար հնարավորությունների ապահովման և քվեարկողների ցուցակների կազմման աշխատանքները, որոնք իրականացվում են ակնհայտ խախտումներով և այժմ արդեն անվստահություն են ներշնչում հանրաքվեի վերջնական պաշտոնական արդյունքների հանդեպ:

Հիշեցնում ենք, որ Հայաստանի ազգային պլատֆորմն ավելի վաղ հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունը ժամանակավրեպ է և չի բխում հասարակության և պետության շահից, այլ արտացոլում է բացառապես ստեղծված քաղաքական կոնյուկտուրան:

Մեզ համար անընդունելի է, որ հասարակական ռեսուրսը միակողմանիորեն օգտագործվում է իշխող կուսակցության միակողմանի քարոզչության համար և իշխանության վերարտադրության շահից ելնելով:

Մենք ընդգծում ենք, որ ՀՀ սահմանադրության փոփոխության նախագծում պատշաճ տեղ չեն գտել մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների երաշխիքները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման, շրջակա միջավայրի պաշտպանության և վերականգնման, բնական պաշարների խելամիտ օգտագործման և բազմաթիվ այլ ոլորտների խնդիրները:

Հայտարարում ենք, որ ՀՀ Սահմանադրության այս փոփոխության գործընթացը չի նպաստում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ ընդունմանը մասնակցելու իրավունքի իրացմանը և այս հանգամանքն արժանի է բոլոր այն միջազգային կառույցների ուշադրությանը, որոնց առաքելությունն է մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարության զարգացումը»:

Նշենք, որ Ֆորումին մասնակցում են Արևելյան գործընկերության վեց պետությունների քաղաքացիական հասարակությունները ներկայացնող պատվիրակներ: Բանաձևն ընդունվել է միաձայն՝ 91 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել