Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովը ծավալուն հայտարարություն է պատրաստում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հակահայկական զեկույցների մասին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Անպայման, մեծ ծավալուն հայտարարություն կլինի: Ամեն ինչ իր ժամանակին»,- նշեց Գալուստ Սահակյանն՝ ասելով, որ բացի հայտարարությունից նախապատրաստվում են նաև այլ քայլեր: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ բնույթ կունենա հայտարարությունը, արդյոք ԵԽԽՎ-ին դատապարտելո՞ւ եք հակահայկական բանաձևերը քննարկելու համար: Ի պատասխան խորհրդարանի նախագահն ասաց. «Իհարկե… Առաջ չընկնենք, ճիշտ ժամանակին կլինի, ռազմավարությունը մշակվում է»:

Անդրադառնալով խոսակցություններին, թե ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմը իրեն չի արդարացնում, այն պետք է փոխել, Գալուստ Սահակյանն ասաց, թե ամեն խմբակցություն ինքն է որոշում՝ ով է ներկայացնելու իր քաղաքական ուժն այդ կառույցում:

«Գիտեք, պետք է քաղաքական գրագիտությունը շատ բարձր լինի: Այն մարդիկ, ովքեր դա են ասում՝ պիտի ասեն՝ ում են ուզում: Այդտեղ հիմնականում ընդդիմադիր ներկայացուցիչներն են, ամեն խումբ իր թեկնածուին է առաջարկում: Նման խնդիրներում բոլորը միասին պետք է լինեն, միասնականությունը քանդելը… Գիտեք, ամենաշատը դժգոհում են նրանք, խոսում են նրանք, ովքեր գործուղվել են այս հարցով, ու այսօր նրանք ասում են, որ իրենք ավելի լավն են»,- շեշտեց ԱԺ նախագահը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ են դրվել հակահայ երկու փաստաթուղթ: Առաջինը հունվարյան լիագումար նիստում քննարկվելիք զեկույցն է՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և օկուպացված այլ տարածքներում» վերնագրով, որի հեղինակը բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերն է: Երկրորդ զեկույցը վերաբերում է Սարսանգի ջրամբարին: Այս հարցով էլ դեռևս քննարկում է լինելու ԵԽԽՎ սոցիալական հարցերով հանձնաժողովում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել