Tert.am-ը գրում է.

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերինամակը՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում առաջարկում է ամրապնդել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրային կապերը՝ «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը  վերլուծելով, նշեց, որ չի շտապում ժամանակից առաջ ընկնել, քանի որ, ըստ նրա, ԵՏՄ-ԵՄ բանակցությունների վրա մեծ է լինելու նաև ԱՄՆ-ի  քաղաքական ուժի ազդեցությունը:

«Ես մի փոքր զգուշավոր եմ իմ մեկնաբանություններում, որովհետև ԵՄ-ի վարվող բանակցությունների վրա մեծ է լինելու նաև ԱՄՆ-ի  քաղաքական ուժի ազդեցությունը և պետք է ուշադիր  հետևել, թե ինչպես ԱՄՆ-ն կուղղորդի ԵՄ-ին՝ ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ հարաբերություններ հաստատելու հարցում: Ամեն դեպքում այս հայտարարությունը  դրական է և պետք է ստեղծել մթնոլորտ, որը կնպաստի հետագա բանակցություններին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հիշեցնենք, որ Կրեմլն իր հերթին արձագանքել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի նամակին՝ նշելով, որ ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև երկխոսության միտքը վաղուց էր զարգացել, և այն առաջադրել էր ռուսական կողմը, քանի որ այն անհրաժեշտ է առևտրատնտեսական հարաբերությունները կարգավորելու համար:

Արամ Սաֆարյանի խոսքով՝ Պուտինի  վարչակազմը միշտ էլ շահագրգռված է եղել Եվրոպական միության հետ հարաբերությունները զարգացնելու ու խորացնելու հարցում և հիշեցնում է, որ  մինչև ուկրաինական ճգնաժամը, 2012թ-ի մայիսին դեռ ՌԴ նախագահը պատմական  հրամանագիր էր ստորագրել, որտեղ ՌԴ-ի արտաքին  քաղաքականության դրույթների շարքում նշել էր նաև ԵՄ-ի հետ այնպիսի հարաբերությունների ձևավորման  անհրաժեշտությունը, որոնք կստանային ռազմավարական գործընկերության բնույթ:

«2013թ.-ի ՌԴ-ի արտաքին  քաղաքականության դրույթի մեջ նույն  գաղափարը նշվում էր: Հիշեցնեմ, որ Պուտինին  է պատկանում այն միտքը, որ Եվրասիական տնտեսական միության զարգացման կարևոր ուղղություններից մեկն է,  այնպիսի առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումը, որը միասնական կդարձնի Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ  ընկած ամբողջ տարածքը՝ ընդգրկելով նրա մեջ ԵՏՄ-ն և ԵՄ-ն: Այս տեսլականի մասին  անցյալ տարիների ընթացքում շատ չի խոսվել, որովհետև բախվել է եվրոպական  և ամերիկյան շրջանակների չընկալմանն ու չհամադրմանը»,- ասաց նա:

Իսկ նման հայտարարության համար, ըստ նրա, հիմք է հանդիսացել այն, որ կողմերը հասկացել են, որ թշնամիներն աշխարհում ընդհանուր են: «Դրանք ծայրահեղականներն են,  ահաբեկչություններն ու այն սպառնալիքները, որոնք հավասարապես սպառնում են և՛ ԵՄ-ին, և՛ ՌԴ-ին, ու այդ  սպառնալիքները հնարավորություն են ստեղծել նորովի հայացք գցելու այս հարաբերությունների  ամբողջ համալիրին, և ըստ էության, ունեցել են իրենց  ազդեցությունը Յունկերի գրած նամակի վրա»,- ասաց նա և հավելեց, թե սա բարենպաստ ֆոն կստեղծի, որպեսզի առճակատման և փոխադարձ արգելամիջոցների քաղաքականությունից կարողանան  անցում կատարվել դեպի երկխոսության և համագործակցության դաշտ:

«Վերջին հաշվով  ՌԴ-ն և նրա գործընկերները՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, բոլորն անկեղծորեն շահագրգռված են ԵՄ-ի հետ գործընկերային  փոխշահավետ հարաբերությունների զարգացման մեջ, ինչի համար հայտարարել են բազմիցս, և հիմա երբ  ստեղծվում է այսպիսի հնարավորություն, այն պետք չէ բաց թողնել»,- ասաց նա:

Ըստ Սաֆարյանի՝ իհարկե ՀՀ-ի անկեղծ ցանկությունն է տեսնել  ՌԴ-ին և ԵՄ-ին  որպես համագործակցող գործընկերներ, այլ ոչ թե  առճակատող հակառակորդներ, ու դա պետք է որ գնահատվի ըստ  արժանավույն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել