(մաս 1)

Դեկտեմբերի 6-ի նախաշեմին փորձենք միասին հերթով վերլուծել նոր Սահմանադրության նախագծի առավելությունները։

ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԿԱՐԳ

Պառլամենտական հանրապետությունն այլ տիպի պետությունների համեմատությամբ մի շարք առավելություններ ունի:

Պառլամենտական պետություններն առավել ժողովրդավար և կայուն են: Դրանցում ավելի քիչ հավանական են հեղաշրջումներն ու դիկտատուրաների հաստատումը:

Կառավարման պառլամենտական ձևն իշխանությանը տալիս է ապաանձնավորված բնույթ, քանի որ ժողովուրդը նախ և առաջ կուսակցությունների է ընտրում, այլ ոչ անձերի:

Պետական իշխանության հիմնական մասը գլխավորապես կենտրոնացված է մեկ մարմնի՝ խորհրդարանի ձեռքում, որի որոշումներն ընդունվում են կոլեգիալ ձևով: Գոյություն չունի որևէ մարմին կամ պաշտոնատար անձ, որն ունակ լինի խոչընդոտել խորհրդարանի որոշմանը՝ դրա վրա վետո դնելու միջոցով:

Կառավարման պառլամենտական համակարգի շրջանակներում հստակորեն տեսանելի են պետական քաղաքականության իրականացման պատասխանատվության սահմանները: Բոլոր հաջողությունների և առանձնապես անհաջողությունների, ձախողումների և այլնի պատասխանատվությունն առաջին հերթին կրում է կառավարությունը և իշխող կուսակցությունը:

Սակայն պառլամենտական կառավարման ձևն ընդունելու պարագայում խիստ արդիական է դառնում կառավարության կայունության խնդիրը:

Կառավարությունների հաճախակի փոփոխություններն անկայուն են դարձնում երկրի քաղաքական կյանքը, հնարավորություն չեն տալիս հեռանկարային ծրագրեր ու քաղաքականություն մշակելու, ինչի արդյունքում հնարավոր չի լինում պատշաճ կերպով լուծել տվյալ պետության հասարակության սոցիալ-տնտեսական բարդ խնդիրները:

Միջազգային փորձը հաշվի առնելով՝ նախագծով ամրագրվել են կայունության ապահովման մի շարք լուծումներ`

- ընտրական օրենսգիրքը պետք է ապահովի կայուն պառլամենտական մեծամասնություն,
- վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի անց,
- վարչապետը կարող է պաշտոնանկ արվել բացառապես կոնստրուկտիվ անվստահության միջոցով, այսինքն` նոր վարչապետ ընտրելու միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել