Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, մեջբերելով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, վստահեցնում է՝ Լեռնային Ղարաբաղի տարածքները Ադրբեջանին տալու հարց չկա:

Tert.am-ի հետ զրույցում Արտակ Զաքարյանն ասաց, թե իրականությանը չեն համապատասխանում լուրերը, որ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եկել էր Հայաստան՝ Ղարաբաղի վերաբերյալ տարածքային զիջումներ պարտադրելու մտադրությամբ:

«Հայ-ռուսական օրակարգը խիստ բազմազան է: Ռուսաստանի դերակատարությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում շատ կարևոր է, ուստի բնական է, որ այցի ընթացքում քննարկվել է հակամարտության խաղաղ կարգավորման հարցը»,- նշեց Արտակ Զաքարյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հստակ է ու անփոփոխ:

«Միայն Ադրբեջանի կառուցողական գործողությունների արդյունքում հնարավոր կլինի առաջ տանել բանակցային գործընթացը, այլապես մենք կունենանք ավելի մեծ մտահոգություն սահմանին, իսկ տարածաշրջանում՝ կայունության սպառնալիքի մեծացում»,- նշեց Արտակ Զաքարյանը:

Հարցին, թե բացի Մադրիդյան սկզբունքներից, այս պահին բանակցությունների սեղանին կա՞ մեկ այլ փաստաթուղթ, Ա. Զաքարյանը պատասխանեց, թե որքան ինքը տեղյակ է՝ այլ առաջարկներ չեն քննարկվում:

Նշելով, որ առկա են քննարկումներ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իրեն սպառել է, որ Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցն այլ հարթակներ է փորձում տեղափոխել, ինչի մասին վկայում է ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույց ներկայացնելու ադրբեջանական կողմի նախաձեռնությունը, Tert.am-ը հետաքրքրվեց՝ ՄԽ կազմի փոփոխություն կամ ընդլայնում հնարավո՞ր է: Արտակ Զաքարյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ Մինսկի խումբը միակ արդյունավետ ձևաչափն է, որի շրջանակներում կարող է քննարկվել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:

«Եթե ցանկանում են օգտակար լինել, պետք է հետևեն Մինսկի խմբի հայտարարություններին, նրանց բառաֆոնդին: Այլ ձևակերպումներ, այլ միջամտություններ՝ անթույլատրելի են ու խիստ վտանգավոր՝ տարածաշրջանի անվտանգության համար»,- ընդգծեց նա:

Արտակ Զաքարյանի խոսքով՝ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից ընդունված«Բռնությունները աճը Լեռնային Ղարաբաղում և բռնագրավյալ այլ տարածքներում» վերնագրով զեկույցը խիստ բացասական հետևանք կարող է ունենալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Ադրբեջանը շարունակ շահարկում է հարցը, իսկ շահարկողի ձեռքը տալ հնարավորություն՝ շահարկելու հարցը, ոչ կոնստրուկտիվ մոտեցում է:

Հարցին՝ հակամարտության կարգավորման գործում ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԵԱՀԿ-ի հաջորդ նախագահող Գերմանիան, որը հայտնի է որպես թուրքամետ, ադրբեջանամետ մոտեցում ունեցող պետություն, Արտակ Զաքարյանը նախ նշեց, թե չի կարելի ասել, որ Գերմանիան թուրքամետ կամ ադրբեջանամետ դիրքորոշում ունի, ապա նշեց, թե Մինսկի խումբը արդյունավետ ձևաչափ է հարցի կարգավորման համար. «Չեմ կարծում, որ նոր ներգրավումները կարող են բաց լրացնել: Ես վստահ եմ, որ Գերմանիան խիստ հավասարակշիռ մոտեցում կցուցաբերի»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել