Արդեն երկու օր է՝ սոցիալական ցանցերը և մի շարք ԶԼՄ-ներ ողողված են «Ահաբեկիչներին ներելն Աստծո գործն է, իմ գործն է նրանց իր մոտ ուղարկելը» արտահայտությամբ, որը վերագրվում է ՌԴ նախագահ Վ.Պուտինին։ Առաջինն այս տեղեկությունը նոյեմբերի 17-ին հաղորդել էր ամերիկյան «Fox News» հետուստաընկերությունը, որը սակայն շատ արագ հերքվեց Huffington Post-ի կողմից։ Վերջինիս լրագրողներին հաջողվել էր պարզել, թե ով է իրականում այս ապատեղեկատվության հեղինակը։ Դա «Russia Today» հեռուստաընկերության լրագրող Ռեմի Մաալուֆն է, ով այն տպագրել է իր միկրոբլոգում, իսկ ապացույցներ, որ Պուտինն այդպիսի արտահայտություն է արել, չի ներկայացրել։ Սակայն ԶԼՄ-ներին դա շատ դուր է եկել, որի հետևանքով էլ այս երկու օրվա ընթացքում այն դարձել է սոցցանցերի գլխավոր «հիթ» և ամենամեկնաբանվող ցիտատ։  

Իրականում այս արտահայտության հեղինակն է (մի փոքր այլ տարբերակով) հայտնի գանգստեր և մաֆիոզի, 20-րդ դարի սկզբի ամենահայտնի «լավ տղա» Ալֆոնս Գաբրիել Կապոնեն, ում բոլորը ճանաչում են որպես Ալ Կապոնե։ Ազգությամբ իտալացի և ԱՄՆ-ում բնկավող սույն «հանցագործը» մեծ սեր ու հարգանք է վայելել ժողովրդի մոտ։ Նրան անվանում էին «Մեր ժամանակների Ռոբին Հուդ»։ Մեծ դեպրեսիայի (տնտեսական ճգնաժամ) տարիներին՝ 1929-33 թթ., նա Նյու Յորքում, Չիկագոյում և այլ ամերիկյան քաղաքներում բացում է բարեգործական ճաշարաններ և նույնիսկ օգնում է իրեն քննադատողներին։ Հենց այդ տարիներին էլ նա անընդհատ կրկնում էր. «Արդյոք կարելի՞ է ներել թշնամուն: Աստված կների։ Մեր գործն է նրանց հանդիպումը կազմակերպելը»։

Այսպիսով, կարելի է ասել, որ ՌԴ նախագահին վերագրվող արտահատությունը նրանից մոտ 85 տարի առաջ արել է Ալ Կապոնեն։ Իսկ մերօրյա ճարպիկ լրագրողն էլ այն ժամանակակից է դարձրել՝ հանցագործ բառը փոխարինելով ահաբեկիչ բառով և այն վերագրելով աշխարհի հզոր դեմքերից մեկին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել