Tert.am-ը գրում է.

ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին բացի բրիտանացի պատգամավոր Ուոլթերի տխրահռչակ ու հնարավոր 2-րդ հակահայ՝ Սարսանգի ջրամբարի հարցով զեկուցող Միլիցա Մարկովիչիզեկույցից, հայկական պատվիրակությանը, հնարավոր է, սպասվի ևս երկու տհաճ անակնկալ, որոնց հանրագումարը միասին դառնում է տհաճություններ «5-ը 1-ում»:

Երրորդ տհաճ անակնկալն այն է, որ  հակահայ դիրքորոշմամբ հայտնի իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունդը 2016թ-ի հունվարին՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում կայանալիք ընտրության ժամանակ ամենայն հավանականությամբ կդառնա ԵԽԽՎ նախագահ: Հիշեցնենք, որ ԽՎ-ի աշնանային նստաշրջանի շրջանակներում, Եվրոպական ժողովրդավարական կուսակցության (ԵԺԿ) կողմից որպես ԵԽԽՎ նախագահի թեկնածու է ընտրվել Պեդրո Ագրամունտը, ով ստացել է ձայների 72 տոկոսը և դարձել ԵԽԽՎ նախագահի պաշտոնական թեկնածու:

Հիշեցնենք, որ հենց Ագրամունտն էր, որ ամեն կերպ փորձում էր Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների մասին զեկույցում ներառել «Լեռնային Ղարաբաղի օկուպացիա» տերմինը:

Մյուս տհաճ անակնկալն այն է, որ ԵԽԽՎ պահպանողականների խմբի ղեկավար կարող է դառնալ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության նախագահ Սամեդ Սեիդովը, ով այս պահին խմբակցության ղեկավարի ժամանակավոր ղեկավարն է այն բանից հետո, երբ խմբի նախկին ղեկավար Քրիստոֆեր Չոփը հետ կանչվեց Դևիդ Քեմերոնի կողմից:

Հաշվի առնելով, որ այդ խմբակցությունը հիմնականում բաղկացած է թուրք, ադրբեջանցի և Մեծ Բրիտանիան ներկայացնող պատգամավորներից, Սեիդովի ընտրության շանսերը ևս բավականին մեծ են:

Եվ վերջապես, հիշեցնենք, որ Ուոլթերի զեկույցում կար կետ, որով առաջարկվում էր «պատժել» հայկական պատվիրակությանը՝ զեկույցի պատրաստման ժամանակ չհամագործակցելու համար, ինչը ենթադրում է տարբեր պատժամիջոցներ` սկսած ձայնի իրավունքից զրկելուց:

Ի՞նչ մարտավարություն պետք է ընտրի հայկական պատվիրակությունը այդ 5 գործոնների առկայության պարագայում՝ բոյկոտի՞ նստաշրջանը, թե՞ մասնակցի:

Tert.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանն ասաց. «Արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր կան, որոնք շատ դեպքերում հրապարակման ենթակա չեն՝ ելնելով այն փաստից, որ հակառակ կողմին ևս այլ քայլերը հասանելի կլինեն և կձեռնարկվեն հակընդդեմ քայլեր»:

Նաիրա Կարապետյանը նշեց, որ պատվիրակության ներսում աշխատանքային և բնավ ոչ ընկճված տրամադրություն է, պարզապես գիտակցում են, որ աշխատանքի ծավալը մեծանալու է:

«Այս պահի դրությամբ պատվիրակության գրեթե բոլոր անդամները, բացառությամբ մեկ-երկու հոգու, աշխատում են իրենց ընկերների և կապեր ունեցող պատվիրակների հետ՝ բացատրելով, թե՛ սոցիալական հանձնաժողովում ընդգրկված զեկույցի, թե՛ Ուոլթերի անընդունելի լինելու փաստը»,-նկատեց Նաիրա Կարապետյանը:
 

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը, բոյկոտի հարցը մեծապես կախված է նրանից, թե երեքշաբթի օրը ինչ կորոշվի Սոցիալական հանձնաժողովում՝ կներառվի՞ զեկույցը հունվարյան նստաշրջանի օրակարգում, թե ոչ:

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում գնահատեց պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, Միլիցա Մարկովիչի զեկույցը Ուոլթերի զեկույցի հետ նույն սցենարի մեջ է՝ ԵԽԽՎ-ն ողողել հակահայ զեկույցներով:

«Ինչպես գիտեք՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են ընդունել տիկին Միլիցա Մարկովիչին, բայց սույն տիկինը նոյեմբերի 23-ին ներկայացնելու է մի զեկույց մի խնդրի վերաբերյալ, որտեղ ինքը չի եղել: Եվ դա իմ համար զարմանալի չէ, որովհետև Միլիցա Մարկովիչն ընդհանրապես աշխարհագրորեն գաղափար չունի, թե որտեղ է գտնվում Լեռնային Ղարաբաղը: Եվ մեզ հետ զրույցներում սույն տիկինը մի այսպիսի անհեթեթություն ասաց` երբ որ իջնեմ Երևանի օդանավակայան, մեկ ժամը բավարար կլինի՞, որ հասնեմ Սարսանգի ջրամբար»,–ասաց նա։

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը, նախքան Սարսանգի ջրամբարի մասին զեկույցի մասին հայտնի դառնալը, ամեն ինչ պետք է անեն, որ Ուոլթերի զեկույցը չդառնա բանաձև. «Չկա չարիք առանց բարիք: Այս բանաձևն այնքան կողմնակալ է, որ խաթարում է ԵԽԽՎ հեղինակությանը, հարվածում է Մինսկի խմբի կողմից հակամարտության կարգավորմանը ձեռնարկված գործընթացին: Հայաստանը չի պատրաստվում այս փաստաթղթի հետ կապված լրացուցիչ պարտավորություններ ստանձնել։ Այս քննարկումը ծայրից ծայր ապօրինի է, որովհետև չկա Ղարաբաղի մասնակցությունը»:

Արմեն Ռուստամյանն ինքը հնարավոր է համարում՝ բոյկոտը, եթե, Աստված մի արասցե, Ուոլեթի զեկույցը հանկարծ բանաձև դառնա. «Չգիտեմ, կարելի է քննարկել, որովհետև եթե սա մի կազմակերպություն է, որը հռչակում է իր նպատակը որպես Ադրբեջանին պաշտպանող կառույց.... Իսլամական կոնֆերանսում էլ նույն իրավիճակն է, Հայաստանն այնտեղ չէ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել