Tert.am-ը գրում է.

Տեխնիկական անվտանգության ապահովման խնդիրները թեմայով ԱԺ-ում հրավիրված խորհրդարանական լսումներին, որը կազմակերպել էր Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը տեղեկացրեց, թե 2015թ-ի նոյեմբերի 1-ի դրությամբ՝ պետական ռեգիստրում գրանցվել է 17450 արտադրական վտանգավոր օբյեկտ, որից վերելակները 6890-ն են, ամբարիչ սարքավորումներ՝ 4531, կաթսայատներ՝ 1635, նավթաբենզալցակայաններ՝ 681 և այլն:

Ըստ նրա՝ տեխնիկական անվտանգության ազգային ՊՈԱԿ-ն իրականացնում է փորձաքննություններ և որակավորում. այն միայն մեկ տարում իրականացրել է 8 836 փորձաքննություն:

«6890 վերելակներից տեխզննություն չի անցել 3335-ը: Եթե տուգանենք, ապա մեկ միլիոն դրամ պետք է տուգանենք, բայց ում ենք տուգանում, մենք պետք է տուգանենք համատիրության ղեկավարին, եթե այդ համատիրության ղեկավարը ունենա այդ մեկ միլիոնը, կվերանորոգի։ Այս պահին երկու քարի արանքում ենք՝ ոչ կարող ենք տուգանել, ոչ էլ չտուգանել»,- ասաց Մխիթարյանը:

ՏԿԱԻՆ փոխնախարարին հարցրին, թե կա՞ն գոնե նախնական կանխարգելիչ միջոցներ։  Նա պատասխանեց, թե կամ հոսանքը անջատում են, կամ էլ «պլոմբում վերելակը»:

«Բայց դա տևում է 30 րոպե, որից հետո բնակիչները գնում են, բարձրանում տանիք, հոսանքը միացնում: Բնակչության հետ դժվար է, չեն սպասում, չեն գիտակցում, որ եթե անջատված է ուրեմն վտանգավոր է, իսկ դրա վերանորոգումը ժամերի խնդիր չէ: Այդքան վերելակների ու մուտքերի հետ դժվար է, ներուժ չունենք»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել