Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ ՀՀ կառավարությունը երեկվա նիստում փոփոխություն և լրացումներ կատարեց իր 2008թ. որոշումներից մեկում և ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմից դուրս` կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ռազմարդյունաբերական վարչությունը վերակազմավորեց նախարարության աշխատակազմից դուրս` առանձնացված ստորաբաժանում հանդիսացող ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի:

Հաստատվեցին պետական կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը: Կոմիտեի նպատակներից են ՀՀ ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից բխող միջոցառումների մշակումը և իրականացումը, ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) կազմակերպությունների, սպառազինության և ռազմական տեխնիկայի ու ռազմատեխնիկական ունեցվածքի զարգացման ծրագրերի իրականացումը, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային պահանջմունքների բավարարումը:

Պետական կոմիտեի խնդիրներից են զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի ու դրանց առանձին հանգույցների և սարքավորումների վերականգնման ու արդիականացման աշխատանքների, ինչպես նաև նոր նմուշների մշակման և արտադրության կազմակերպումը, ՌԱՀ-ում ռազմական պատվերի կատարման որակի հսկման կառավարման համակարգի ներդրումը, ՌԱՀ-ի կազմակերպությունների միջոցով զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով ապահովումը, ռազմարդյունաբերական ոլորտում միջազգային համագործակցության ապահովումը և այլն:

Կոմիտեի կառավարումն իրականացնում է նախարարը, ղեկավարումը` կոմիտեի նախագահը, ում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ նախագահը` նախարարի ներկայացմամբ: Կոմիտեի նախագահն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՀՀ սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով, նախարարի հրամաններով, կոմիտեի կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և ՀՀ միջազգային պայմանագրերով: Կոմիտեի նախագահը հաշվետու է ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետին և նախարարին: Կոմիտեի նախագահը ղեկավարում է կոմիտեի գործունեությունը, պատասխանատու է կոմիտեին առաջադրված խնդիրների և գործառույթների պատշաճ իրականացման, իրեն վերապահված ոլորտներում տիրող իրավիճակի և դրանց հեռանկարային զարգացման ապահովման համար:

Պետական կոմիտեն ունի աշխատակազմ, ռազմատեխնիկական, արտադրության և վերանորոգման կազմակերպման, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման, զինվորական ներկայացուցչության, ռազմատեխնիկական համագործակցության, արտահանման և ներկրման կազմակերպման, ընկերությունների կառավարման և զորահավաքային նախապատրաստության, ֆինանսատնտեսագիտական և օգտահանման բաժիններ:

Կառավարության որոշումն ուժի մեջ է մտնում 2015թ. դեկտեմբերի 1-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել