Tert.am-ը գրում է.

ԱԺ ճեպազրույցների ժամին խմբակցությունների ներկայացուցիչներից լրագրողները հետաքրքրվեցին ԵԽԽՎ-ում ներկայացված հայկական պատվիրակության գործունեությունից՝ հաշվի առնելով, որ արդեն երկրորդ հակահայկական զեկույցն է ընդունվում:

Նշենք, որ ավելի վաղ Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին ձայների 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ, հավանության է տրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցին: Այժմ` երկուշաբթի ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը քննարկելու է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը, որը վերաբերում է ԼՂՀ Սարսանգի ջրամբարին:

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, թե չի կարող մեղադրել պատվիրակության անդամներին չաշխատելու, հիմնավորումները չներկայացնելու մեջ:

«Ես կարծում եմ, որ ունենք, խնդիր պետական բոլոր օղակներով աշխատելու: Ամենաճիշտ փաստարկներն անգամ արդյունք չեն տալիս: Այդ բրիտանացի անձը նաև Թուրքիայի քաղաքացի է, կինը թուրք է, Ադրբեջանում բիզնես ունի, սակայն ես կարծում եմ, որ մենք համատեղ աշխատելու խնդիր ունենք: Դա վերաբերում է Արտաքին գործերի նախարարությանը, դեսպաններին և այլ օղակների»-նշեց նա:

Աղվան Վարդանյանն ասաց, որ նույնիսկ քաղաքական հանձնաժողովի քննարկմանը մասնակցել է 40 պատգամավոր, երբ հանձնաժողովում ընդգրկված է 83 պատգամավոր:  Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ ԱԺ ղեկավարությունը խմբակցությունների հետ պետք է քննարկում անի և չսպասելով հունվարին հարցի քվեարկությանը, պաշտոնական հայտարարություն անի:

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանին, ով նույնպես ԵԽԽՎ պատվիրակության կազմում է, հարցրեցին, թե նա ԵԽԽՎ-ում աշխատելիս էլ է հույսն Աստծո վրա դնում: ՕԵԿ խմբակցության քարտուղարն ասաց, որ ամեն հարցում է ինքն իր հույսն Աստծո վրա դնում է, քանի որ աստվածապաշտ է:

«Այնտեղ մի քանի ուղղություններով աշխատում ենք և մեր այն գործընկերների հետ, որոնց հետ շփումներ կան հստակ ներկայացնում ենք իրականություն՝ Սարսանգի ջրամբարի, Ադրբեջանի մոտեցումների ԼՂ հիմնահարցի և այլնի մասին»,- պատասխանեց նա:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով նույնպես հայկական պատվիրակության անդամ է, նշեց, թե ի տարբերություն նախորդ միահամուռ աշխատանքի պատվիրակության հետ, որը հաջողությամբ պսակվեց, այս դեպքում ինքը չի ընդունել իշխանությունների կողմից ընդունած ռազմավարությունը, այն է՝ պայքարել, որպեսզի զեկույց չլինի:

«Ասել եմ, որ դա իրատեսական չէ, պետք է փոխել զեկուցողին»,- ասաց նա և պնդեց, թե կար հնարավորություն փոխել Վոլտերին՝ ֆրանսիացի պատգամավոր Ժան Կլոդ Մինյոնով:

«Նաև պետք է փոխվեր զեկույցի անընդունելի վերնագիրը, իսկ նոր զեկուցողը կարող էր անել, կար դրա հնարավորությունը, բայց պատվիրակությունն իշխանությունների թելադրանքով ի սկզբանե որոշել էր՝ մերժել զեկույցը: Չարեցին, և հետո էլ սկսեցին բոյկոտել ԵԽԽՎ-ին, հրաժարվել համագործակցությունից, որի համար պատժամիջոցներ կառույցները կիրառեցին»,-ասաց նա և հավելեց, թե թշնամական վերաբերմունք ձևավորվեց հայկական պատվիրակության շուրջ և Մինյոնը նույն քվեարկության օրը մի քանի ձայնով պարտվեց:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը նշեց, թե լուրջ ընդգրկուն աշխատանք է և անտեղի է համարում Զուրաբյանի նման հայտարարությունը: «Այն մարդիկ, ովքեր թերագնահատում են պատվիրակության աշխատանքը՝ անլուրջ է: Եթե պատվիրակությունը խմբակցություններից է կազմված, խմբակցություններն են որոշում ներկայացուցիչներին: Ես, լինելով պատվիրակության անդամ, կարող եմ ասել, որ մեր բոլոր պատվիրակները հոյակապ տիրապետում են իրենց գործին և փորձում են ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրի շահերը լինեն պաշտպանված, բայց հակառակորդ երկրի կողմից կա հսկայածավալ լոբբիստական աշխատանք, և ԵԽԽՎ-ն վերածվում է Միլի մեջլիսի»,-ասաց նա:

«Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ պետք է արձանագրել, որ անհատներից չէ կախված այս գործընթացները: «Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցը քաղաքական բնույթ չի կրում, հիմնական զեկուցողը որևէ անգամ չի եղել տարածքում և չի ուսումնասիրել: Ժամանակին այդ հարցը բարձրացվել էր՝ համատեղ օգտագործել ջրամբարը, բայց նրանք հրաժարվել են»,- ասաց նա: Ըստ ՀՀԿ-ականի՝ Մինսկի խումբը պետք է վերջնական պատասխանը տա:

Հարցինն, թե ինչ ռազմավարություն է մշակվում, նա պատասխանեց, թե եղել է փակ նիստ և  իրոք քննարկվում է այդ հարցը: «Շտապողականություն պետք չէ ցուցաբերել, հետագա անելքների հետ կապված մոտ ապագայում կտեսնեք»,-ասաց նա և հավելեց, թե չի կարծում հետևանքային ազդեցություն ունենա: «Դա կմնա միայն բանաձև»,-ասաց նա: 

«Ժառանգություն» խմբակցությունից էլ Զարուհի Փոստանջյանն էլ նշեց, թե սա մեկ օրվա բացթողում չէ, այլ շարունակական անպատասխանատվության և ապաշնորհ քաղաքականության հետևանք է: «Արտաքին քաղաքականության բացակայության հետևանք է, որը կապված չէ միայն խորհրդարանականների վարքագծից»,-նշեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել