Tert.am-ը գրում է.

Էռնեստ Հեմինգուեյի «Տոն, որը միշտ քեզ հետ է» հուշագրությունների գիրքը վաճառքների հիթ է դարձել Փարիզում` նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո, որի հետևանքով մահացել է ավելի քան 130 մարդ, գրում է BBC-ն։

Ֆրանսիական Folio հրատարակչության ներկայացուցիչը հայտնել է, որ սովորաբար փարիզյան գրախանութներում մեկ օրում վաճառվում է այդ գրքի մինչև 10 օրինակ, սակայն այս օրերին վաճառքները հասել են օրական մինչև 500-ի:

Ամերիկյան գրականության դասականի հուշագրությունները վաճառքների առաջատար են դարձել նաև կենսագրական գրքերի շարքում Amazon-ի ֆրանսիական կայքում:

Փարիզի բնակիչները հաճախ Հեմինգուեյի գիրքը ծաղիկների և մոմերի հետ բերում են ահաբեկչությունների վայր` զոհերի հիշատակը հարգելու համար:

Համացանցում մեծ տարածում է ձեռք բերում նաև տեսանյութը, որում 77-ամյա փարիզուհին կոչ է անում համերկրացիներին վերընթերցել Հեմինգուեյի գիրքը երկրի համար այս դժվարին օրերին։

1964թ. հրատարակված գրքում հեղինակը նկարագրում է կյանքը Փարիզում 1920-ականներին և առաջին գրական փորձերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել