Tert.am-ը գրում է.

Սահմանադրական փոփոխությունների «Այո և ոչ» իրապատման մասնակից, ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է շոուի ընթացքում մարդկանց հետ շփումներից արդյունքում առանձնացված խնդիրներին ու տպավորություններից: Ինչ տեսան, լսեցին ու հասկացան:

-Տիկին Եսայան, մենք դեռ Թումանյանից գործերից գիտենք, որ թագավորը դերվիշի շորեր էր հագնում, գնում գյուղերը, որպեսզի իմանա` ինչ է իր մասին ասում ժողովուրդը: Հիմա մարզերում «այո», «ոչ» եք քարոզում, ի՞նչ հիմնական արձանագրումներ արեցիք:

- Քանի որ մենք թագավորներ չենք, մենք Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացիներ ենք պատգամավորներս`և՛ «ոչ» քարոզողները, և՛ «այո» քարոզողները, և մեզ կարող ենք թույլ տալ մարդամեջ դուրս գալ ոչ թե քողարկված, ծպտյալ, այլ մեր իրական դեմքով ու իրական հագուստներով, այնպես ինչպես կանք: Եվ միշտ եմ ասել` մեր բոլոր պատգամավորները, պաշտոնյաները, որոնք իրենց կարգավիճակով մի քիչ այլ հնարավորություններ ունեն, քան շարքային քաղաքացիները, պիտի ունենան այդ պատասխանատվությունը, գնան ժողովրդի ոտ, լսեն նրան, տեսնեն, թե ինչպես են ապրում մարդիկ, հետևություններ անեն: Եվ փորձեն իրենց հնարավորությունների սահմաններում խնդիրը լուծել, ինչը մեզնից յուրաքանչյուրն անելու է:

-Ասում եք` շատ լավ պրակտիկա է` ժողովրդի հետ, նրա կողքին լինելու, որ գնաք, տեսնեք`մարդիկ ինչպես են ապրում:  Այս մի քանի օրվա շփումները ի՞նչ ցույց տվեցին, որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ ունեի՞ք լիարժեք պատկերացում, թե ինչ պայմաններում են մարդիկ ապրում, ինչ խնդիրների բախվում:

-Ոչ միայն որպես որևէ կուսակցության ներկայացուցիչ, այլ որպես ՀՀ քաղաքացի, գիտեի խնդիրների մասին և գիտեի ոչ թե գրքային կամ թերթային տարբերակով,այլ անձնապես, որովհետև դա իմ համար նորություն չէ. ես լինում ու շրջում եմ գյուղերով ու դա իմ համար նոր բան չէ: Դեռ ավելին` համարել, որ այն կյանքը, որն ապրում է մեր քաղաքացին, բոլորինս է: Եվ այն խնդիրները, որ մեզ ներկայացնում էին մարդիկ, տեսանելի խնդիրներ են, և պիտի ասեմ, որ նաև սա է խնդիրներից մեկը, որ անհրաժեշտություն է առաջացել երկրում համակարգային փոփոխություններ իրականացնել: Այն, ինչի հարցում ՀՀ նախագահը, Հանրապետականը, Դաշնակցությունը, քաղաքական այլ ուժեր կոնսենսուսի եկան.փոխել կառավարման համակարգն այնպես, որ հետագայում սոցիալական, տնտեսական և բազմաթիվ այլ խնդիրների լուծումը լինի ավելի դինամիկ ու արդյունավետ:

-Ասում եք`Սահմանադրությունն է երկրում առկա խնդիրների պատճառը: Ի դեպ, մամուլը Ձեր`«այո»-ներիդ, այս փաստարկի հետ կապված հեգնել էր, որ տպավորություն է, թե երկրում այլմոլարակայիններ են, այսինքն` գործող Սահմանադրությունը խախտում են այլմոլորակայինները ու լուսադեմին հեռանում: Իրո՞ք չկա ռացիոնալ հատիկ, որ ինչ կապ ունի համակարգը, մարդիկ կապ ունեն` կառավարողները:

-Ես կարծում եմ, որ մեր երկրում եթե կան էլ այլմոլորակայիններ, այդ այլմոլորակայինները ամենուրեք են, ոչ միայն քաղաքական դաշտում,այլև լրագրողական և այլ դաշտերում: Եվ խնդիրը ոչ թե երկրի գլխավոր օրենքը խախտելու մեջ է, այլ այդ գլխավոր օրենքի ընձեռած հնարավորությունների մեջ է, որովհետև այսօր գործող Սահմանադրությունը որևէ մեկը չի խախտում, պարզապես այն հնարավորություն չի տալիս ավելի արագ գնալ փոփոխությունների: Ինչի հնարավորությունը վստահաբար տալիս է այս նախագիծը: Երբ իշխանությունը, որևէ նախագահ կարող է նշանակել վարչապետ, որը կարող է կառավարել անկախ իր բոլոր սխալներից, թերություններից ու ձախողումներից, ինքը կկառավարի այնքան, որքան կուզի նախագահը: Այս նախագծում, որով մենք ենք առաջարկում հասարակությանը, նման բան չի կարող լինել, որովհետև ցանկացած ձախողած վարչապետ, ցանկացած ձախողած նախարար անմիջապես կհեռանա իր պաշտոնից խորհրդարանական կայուն մեծամասնության արդարացի պահանջով: Մենք, հիշեցնում ենք, նրան մեկ տարի ժամանակ են տալիս այդ ծրագրերն իրականացնելու համար, այլապես մեկ տարի հետո կնշանակվի այնպիսի մարդ, ով կկարողանա իրականացնել ժողովրդին տրված տնտեսական, սոցիալական բոլոր խոստումները, որը պիտի անի որպես պաշտոնյա: Հիմա մենք փոխում ենք և այստեղ բոլորովին էլ այլմոլորակայինների մասին չէ խոսքը ...

-Ի դեպ, մի գյուղացի էլ ասաց`սուրբ հոգի՞ է իջել, ինչո՞ւ եք այդքան ուզում փոխել:

- Դա չեմ լսել, բայց պետք է ասեմ, որ գյուղացիները շատ ավելի սուր բաներ են ասում մեզ և արդարացի բաներ են ասում, որովհետև այն խնդիրները, որոնք մենք` որպես պատասխանատուներ չենք կարողանում լուծել, գյուղացին անմիջապես զգում է իր մաշկի վրա: Դա մեր պատասխանատվությունն է և մեր ամոթը, եթե մենք չենք կարողանում մեր ամենօրյա աշխատանքում օգնել ՀՀ քաղաքացուն:

Եվ ամբողջ խնդիրն այն է, որ այն, ինչ ասում են, ինչպես արդեն ասացի, մեզ համար նույնպես նորություն չէ: Դրա համար բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր գիտակցում են, որ խնդիրներն այսպես սուր են դրված, այսօր լծվել են սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի իրականացմանը:

-Իսկ մարդիկ հետաքրքրվա՞ ծ են, ինչ եք նկատել:

-Երեք տեսակետ կա. կան հետաքրքրվածներ, կան «ոչ»-եր և բացարձակ անտարբերներ, և այդ բոլորը, հատկապես անտարբերների ու «ոչ»-երի պարագայում բացատրվում է նրանով, որ մարդկանց թվում է, որ Սահմանադրության մեջ պետք է լինեն այնպիսի կետեր, որ իրենց աշխատավարձերը բարձրացվեն, թոշակները բարձրացվեն և պատկերացում չունեն Սահմանադրության դերի ու նշանակության մասին: Եվ ուրախությամբ ուզում եմ նշել, որ երբ մենք խոսում ենք մարդկանց հետ, բացատրում ենք, թե ինչը ինչով է փոխարինվելու և ինչի համար ենք դուրս եկել, շատերը հասկանում են: Եվ դա ուրախացնող է: Որովհետև Սահմանադրությունը կենսաթոշակի մասին օրենք չէ, բայց Սահմանադրությունը այդ հարցի լուծման բանալին է դառնալու աստիճանաբար:

-Ինչ տվեց Ձեզ սահմանադրական՝ Ձեր դեպքում «այո»-ի այս 7 օրը:

- Եթե անձամբ ինձ եք հարցնում, ես բոլոր օրերին գրառումներ եմ կատարում` որպես ստեղծագործող մարդ ու վստահաբար կարող եմ ասել, որ սա ինչ-որ մի գիրք պետք է դառնա, որովհետև շատ ուսանելի էր ինֆորմացիան շատ-շատ է: Եվ այն էմոցիաները, որ ստանում ենք, շատ-շատ է: Սա շատ կարևոր է ցանկացած մարդու համար, առավել կարևոր է քաղաքական գործչի համար: Եվ ինձ հարստացած եմ զգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել