Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստ են ընդունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Սարսանգի ջրամբարի հարցով զեկուցող Միլիցա Մարկովիչին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե նոյեմբերի 23-ին ԵԽԽՎ Սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի կայանալիք նիստում,  որի ժամանակ հնարավոր է ընթանա Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի նախապատրաստման քննարկում, ենթադրվում է արդյոք ԵԽԽՎ զեկուցողի այց ԼՂՀ։

«Նոյեմբերի 16-ին մենք նամակ ենք ստացել ԵԽԽՎ Քարտուղարության գլխավոր տնօրեն Մարիո Մարտինսի կողմից՝ Սարսանգի ջրամբարի հարցով ԵԽԽՎ զեկուցող Միլիցա Մարկովիչի՝ ԼՂՀ կատարելիք այցին աջակցելու խնդրանքով։ Պատասխան նամակում մենք նշել ենք, որ չնայած զեկույցի անվանման և նրա պատրաստման գործընթացի առնչությամբ մեր ունեցած լուրջ վերապահումներին ու նկատառումներին, ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ԵԽԽՎ-ի հետ համագործակցությանը»,- նշեց Անի Սարգսյանը:

Ըստ ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի՝ միաժամանակ ընդգծվել է Սարսանգի ջրամբարի հարցի քաղաքականացման ցանկացած փորձի անթույլատրելիությունը։

«Մեր խորին համոզմամբ զեկույցում չպետք է շոշափվեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ինչպես նաև կողմերի միջև փոխադարձաբար համաձայնեցված և միջազգային մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերի առարկա հանդիսացող հակամարտության տարբեր ասպեկտներ։ Նման մոտեցմանը կողմնակից են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք 2015 թ․ նոյեմբերի 12-ին արված իրենց հայտարարության մեջ նշել են, որ «հաշվի առնելով բանակցությունների զգայուն բնույթը՝ ձևաչափը փոփոխելու կամ զուգահեռ մեխանիզմներ ստեղծելու փորձերը կարող են խաթարել բանակցային գործընթացը և խոչընդոտում են կարգավորման ուղղությամբ առաջընթացի ձեռքբերմանը․․․ Հույս ունենք, որ ԼՂՀ կողմից համագործակցելու պատրաստակամությունն ամենայն պատասխանատվությամբ կընկալվի Միլիցա Մարկովիչի կողմից՝ զեկույցը օբյեկտիվության և անկողմնակալության սկզբունքների հիման վրա պատրաստելու նպատակով»,- շեշտեց Անի Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորները հադես են եկել նախաձեռնությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ։ Ադրբեջանցի պատգամավորներն իրենց առաջարկած տեքստում նշում են, թե Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից։ Առաջարկության մեջ ասվում է, որ երկար տարիներ՝ հատկապես գարնանն ու ամռանը, Ադրբեջանի սահմանամերձ գոտիների ոռոգումը կատարվել է Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարից, ինչը ներկայումս ամառվա ամիսներին դադարեցվում է։ Այս նախաձեռնությամբ առաջարկվում է ԵԽԽՎ-ին հետաքննություն անցկացնել և ընդունել համապատասխան բանաձև։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել