Tert.am-ը գրում է.

Սահմանադրական փոփոխություններին նվիրված «Այո և ոչ» իրապատման «Հարավ» ուղղության մասնակիցները շարունակում են քարոզարշավը Վայոց ձորի մարզի Խնձորուտ համայնքում:

«Մեր Սահմանադրությամբ այսօր ունենք առաջնային մանդատ ունեցող երկու մարմին՝ նախագահ և խորհրդարան, սա համարվում է պետության հիմքը: Հիմա մեզ ասում են, թե մեկը հանենք, մնա միայն Ազգային ժողովը: Չի կարելի դրան գնալ մի քանի պատճառով»,-ասաց «Ոչ»-ը ներկայացնող Հրանտ Բագրատյանը՝ ներկայացնելով պատճառները. «193 երկրներից 126-ում կա երկու առաջնային մանդատ ունեցող մարմին կամ միապետ, ընդ որում՝ զարգացած երկրների մեծ մասն այդտեղ են»:

Շարունակելով ներկայացնել իր հիմնավորումները՝ Հրանտ Բագրատյանն ասաց. «Պատկերացրեք, որ հիմա նախագահ չկա, մենք այդ վիճակն ունեցել ենք 1918 թվականին և 1990-91 թվականներին: Բոլոր այդ շրջաններում մենք ունեցել ենք ռազմական պարտություն, որովհետև, այնուամենայնիվ, նախագահ է պետք: Զինված ուժերի հարց կա, միասնական կամքի հարց կա»:

Ինչ վերաբերում է աշխատանքների վերահսկողությանը, որի մասին խոսում են «այո» ներկայացնող քաղաքական գործիչները, Բագրատյանն ասաց, թե  դա կապ չունի, դա այսօր էլ կարող է լինել: 

«Խորհրդարանի ընտրությունները ոչ մի բան չեն փոխում, ոչ մի հնարավորություն չի փոխվում: Սահմանադրության կարգ ու կանոնը պահպանելու համար պետք է հետևել հիմնականում այն նորմերին, որ կան աշխարհում: Այս սահմանադրության ընդունմամբ բացառվում է իշխանափոխությունը, մի կուսակցության գերակշռությունը դառնում է ակնհայտ և անլուծելի խնդիր: Հանգիստ գնացեք՝ «ոչ» ասեք, մեղք եք, ձեր երեխեքը մեղք են»,-խոսքը եզրափակեց Հրանտ Բագրատյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել