Tert.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ ‪‎Բրինքը այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածությանը և կարծիք հայտնեց, որ իրենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են հնարավորինս թուլացնելու սահմանային լարվածությունը և աջակցելու կողմերի միջև բանակցային գործընթացին:

Նա նշեց, որ տեղյակ է, որ սահմանին շարունակվում են բռնությունների դրսևորումները, ինչպես նաև, որ Մինսկի խմբի համանախագահները հստակ հայտարարություն են արել՝ ծանր զենքերի ու հրետանու կիրառումն անընդունելի լինելու մասին և կոչ են արել կողմերին հարգել հրադադարը:

«Ես և մեր դեսպանը աշխատում ենք և սատարում ենք համանախագահների ջանքերը, որոնք ուղղված են բռնություններից խուսափելուն»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցից հետո խոսակցություններ են պտտվում ԼՂ որոշ տարածքներ հանձնելու մասին, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ընդգծեց, որ ներկայումս կա հստակ գործընթաց երկու երկրների իշխանությունների ու Մինսկի խմբի միջև, և իրենք պաշտպանում են այդ գործընթացը:

«Ես ծանոթ չեմ այդ հայտարարություններին, բայց վստահ եմ, որ համանախագահներն աշխատում են բանակցային գործընթացին աջակցելու ուղղությամբ, որն ի վերջո կբերի հակամարտության կարգավորման»,-ասաց նա:

Մեկ այլ հարցի, թե մտադի՞ր չեն ավելացնելու ԼՂ-ին տրամադրվող ֆինանսական միջոցները՝ հաշվի առնելով, որ Արցախը հստակ ժողովրդավարական ուղի է որդեգրել, Բրիջիթ ‪‎Բրինքը պատասխանեց, որ աջակցությունը երկու ուղղությամբ է տրվում ՝ ջրային ենթակառուցվածքների բարելավման և ականազերծման աշխատանքների համար:

«Մեր նպատակն է ապահովել մարդկանց անվտանգությունը»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել