Եթե նկատել եք, սահմանադրական բարեփոխումների արշավում հանրապետականների քարոզչության հիմնական մեխը լինելու է այն, որ հենց նոր սահմանադրությունն ընդունվի, անսպասելիորեն խիստ արդյունավետ են սկսելու գործել պետական ինստիտուտները, քաղաքական կուսակցություններն ու արդարադատության համակարգը։ Բավականին զավեշտալի է ստացվում։ Փաստորեն մինչ օրս հանրապետականներին ազգանպաստ գործունեություն ծավալելու հարցում խանգարում էր գործող սահմանադրությունը, իսկ հենց նորն ընդունենք՝ Գալուստ Սահակյանը սկսելու է խելացի մտքեր արտահայտել, Կարեն Ավագյանն էլ երիտմիությունը չի գլխավորելու ու փուչիկներով չարաճճիություններ չի անելու, Աշոտյանը դադարելու է լաբորատոր մկների պես էքսպերիմենտների ենթարկել երեխաներին, Սամվել Ալեքսանյանը կտրուկ դադարելու է բիզնեսով զբաղվել ու սկսելու է մենակ բազմազավակության նպաստով գոյատևել, ԱԺ-ում էլ չեն լինելու դոլարային միլիոնատերներ, նրանց երեխաները սկսելու են ծառայել բանակում ու 30 տարեկանը նոր բոլորած՝ չեն զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ զուտ նրա համար, որ իրենց պապան լուրջ կալիբրի հանրապետական ա...

Է հետո՞։ Մե՞զ եք էշի տեղ դրել, թե՞ սա ինչ-որ յուրահատուկ ինքնախոստովանություն է։ Սրանից ստացվում է, որ հանրապետականներն իրենք էլ հրաշալի գիտեն, որ հիմա իրենք միայն վնաս են պատճառում, բայց ուզում են հավաստիացնել մեզ, որ վերոնշյալ բոլոր հանգամանքները հետևանք են ոչ թե իրենց փուչ էության ու փտած քաղաքական համակարգի, այլ որովհետև սահմանադրությունն է լավը։ Կարո՞ղ են ցույց տալ գեթ մեկ կետ սահմանադրությունում, որն արդարացնում է բոլոր այդ անիրավությունները։ Իհարկե չեք կարող, որովհետև այդպիսիք չկան։

Բոլոորս էլ հասկանում ենք, որ խնդիրը ոչ թե սահմանադրությունն է, ոչ էլ անգամ առանձին անձիք։ Խնդիրն այն արմատացած արժեհամակարգն է, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը, որը տոտալ իշխում է մեր իրականությունում, և պետք չէ գլուխներս սեռական բռնության ենթարկել՝ փորձելով դա բարդել այլ գործոնների վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել