Tert.am-ը գրում է.

ԱԺ նիստում հատուկ ընթացակարգով այսօր քննարկվում է Ժառանգություն խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ընթացակարգում որոշ փոփոխություններ, մասնավորապես՝ գրավոր հարցերի դեպքում ընթերցել դրանցից միայն երկուսը, իսկ բանավոր հարցերի դեպքում՝ հարցը պետք է ոչ թե 3 րոպե տևի, այլ՝ 2 րոպե, իսկ արձագանքը՝ 2 րոպե:

«Այս նախաձեռնությունը կնպաստի նրան, որ ավելանա բանավոր հարցեր տալու ժամանակը, և եթե հիմա 10-11 պատգամավոր է կարողանում հարց ուղղել, ապա փոփոխության դեպքում կլինի 15-16»,-ասաց Թևան Պողոսյանը և հայտնեց, որ նախագիծն արժանացել է ՕԵԿ-ից բացի բոլոր խմբակցությունների հավանությանը:

Հարակից զեկուցող, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրեց, որ նախագիծը մանրամասն քննարկել են հանձնաժողովում: «Եթե խորհրդարանում չլինի կոնսենսուս այս հարցով, հակված չենք, որ կյանքի կոչվի այն, որովհետև իսկապես փորձում ենք ձեռք տալ մի խնդրի, որը մեր պարլամենտարիզմին է վերաբերում»,-ասաց նա:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով Հովհաննես Սահակյանի խոսքին հորդորեց՝ ՀՀԿ-ին այնպես չմտածել, որ իրենք հավերժ մեծամասնություն են լինելու: Նա ևս համաձայն էր, որ փոփոխությունը դրական է: «Շատ դեպքերում հարց տվողը պատմական էքսկուրսի է վերածում հարցը՝ բրոնզի դարից սկսված հասնում քարի դար»,-ասաց նա, ինչին Հովհաննես Սահակյանն արձագանքեց. «Կլեոպատրիայի ժամանակահատվածից էլ են մեջբերումներ արվում»:
Նա նշեց, որ ուզեն, թե չուզեն այս պահին ՀՀԿ-ն է քաղաքական մեծամասնություն. «Իսկ թե հավերժ է լինելու, թե ոչ, դա դուք չեք որոշում, ժողովուրդն է որոշելու»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել