Վերնագիրը թարգմանաբար վերցված է ադրբեջանական հայտնի կայքից, որը մեր տպավորությամբ հազար կտոր է լինում իր երկրի խնդիրները լուծել չկարողանալու պատճառով: Հերթական հրապարակման նյութը Ռուսաստանի ադրբեջանական հայրենակցական կազմակերպությունների անարդյունավետ աշխատանքն է: Այդ տարատեսակ միություններն ունեն շռնդալից անուններ և մեծամեծ ղեկավարներ, բայց ավա՜ղ, այդ ամենն օգտագործում են ոչ թե ազգաշահ գործի, այլ անձնական բիզնեսին զարկ տալու կամ իրավապահներից խուսափելու նպատակով:

Կայքը Ռոստովի մարզի ադրբեջանական կազմակերպությունների հերթական ձախողումն է համարում նոյեմբերի 18-ին Դոնի Ռոստովի ժողովրդական ստեղծագործության մարզային տանը տեղի ունենալիք «Արցախ» պարի պետական համույթի համերգը, որի հովանավորներից մեկը ԼՂՀ մշակույթի նախարարությունն է: Հասկանալի է, որ այս բոլոր անվանումները չակերտված են` ակնարկելով դրանց անօրինական գոյությունը:

Եվ ինչպես միշտ, Ռոստովի ադրբեջանական համայնքը մատը մատին չի խփում, որպեսզի «ձախողի, արգելի, չեղարկի բռնազավթված Ղարաբաղի հայկական համույթի ելույթը»: Ավելին, համայքի ղեկավարը կայքի լրագրողներից է իմացել, որ «Արցախ» համույթն է համերգ տալու, և նույնիսկ մեղադրել է նրանց, թե ինչու են իրեն ուշ տեղեկացրել: Դե արի ու մի պայթիր: Եվ իրոք պայթելու բան է: Շաքիր Ալլահվերդիև անուն-ազգանունով համայնքի ղեկավարը կարողացել է միայն պարզել, որ համերգի տոմսերն արժեն 500-800 ռուբլի:

Համբերությունն իսպառ կորցրած կայքն իր հայրենակիցներին մեղադրում է, որ ազգապահպան գործով զբաղվելու փոխարեն համայնքի ղեկավարները Դոնի Ռոստովի կենտրոնական շուկայի տեղերն են մեջ-մեջ անում: Ի դեպ, նյութը «զարդարված» է մի լուսանկարով, որտեղ ձմերուկով բեռնված ավտոմեքենայի ֆոնին կանգնած է գլխին ևս երկու ձմերուկ դրած ադրբեջանցի առևտրականը:

«Համույթ է, էլի, ելույթ կունենա ու կգնա,- կայքին ասել է այս Ալլահվերդիևը:- Ինչո՞ւ աղմուկ անենք, ադրբեջանցիներին պայքարի կոչենք: Ես դա սխալ եմ համարում: Մենք էլ համույթներ ունենք, ինչո՞ւ նրանք չեն գալիս ու չեն ցույց տալիս իրենց արվեստը: Իմ կարծիքով այս սադրանքով (նկատի ունի համերգի կազմակերպումը) պետք է Ադրբեջանի ԱԳՆ-ն զբաղվի, իսկ մենք արդեն ոչինչ չենք կարող անել»:

Ակնհայտ է, որ ադրբեջանցի առևտրականները, որոնց մասին արհամարհանքով է խոսում կայքը, շատ ավելի առողջ մտածողություն ունեն, քան իրենց լրագրող հորջորջող, ատելությունից կուրացած քարոզիչները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել