Ինչ ուզում եք՝ ասեք, բայց խորհրդային, կոմունիստական իշխանությունները կարողանում էին սերունդների համար կերտել հերոսներ, փոխանցել սերնդեսերունդ, հերոսացնել, երբեք չքննադատել կամ նսեմացնել, նրանց դարձնել դաստիարակության, ընդօրինակման, նմանվելու իդեալական կերպարներ:
Եթե Չապաև էր պետք` գյուղացի, անկիրթ, անգրագետ, որը պետք է հերոսանար և հերոսաբար զոհվեր… Ուրեմն պետք էր ստեղծել այդ կերպարը… Սերգեյ Լազոն պետք է այրվեր շոգեքարշի հնոցում, պետք է լուսաբանվեր, հերոսացվեր… Ալեքսանդրմատրոսովներ էին պետք` անպայման Խորհրդային Միության մյուս ազգություններից ևս… Հերոսներ, առաջամարտիկներ, ռեկորդակիրներ էին պետք բոլոր բնագավառներից, բոլոր ուղղություններով` ստախանովներ, չկալովներ, մարեսևներ, զորգեներ, երիտասարդ գվարդիականներ, ուրեմն պետք է ստեղծվեին…
Համաձայն եմ, չափազանցված էր, որոշ դեպքերում նույնիսկ զռռացող ու գռեհիկ… Բայց նաև դրական, ուսանելի շատ բան կար…
Իսկ մե՞նք… Մենք ոչ միայն հերոսացնում ենք, այլ մեր եղած իրական հերոսներին ենք մոռանում և ոչ միայն մոռանում, այլ նույնիսկ «պտուտակ առ պտուտակ» փորձում քանդել, հավաքել, մրոտել, նսեմացնել ու վարկաբեկել: Իսկ մեր նոր սերնդին օրինակներ են պետք, հերոսներ, հայրենասերներ, ազնիվ, լավ, նվիրված, պետական մտածողությամբ անշահախնդիր կերպարներ` պատմական անցյալից, արցախյան հերոսամարտից, ներկա մեր շրջապատից, եթե, իհարկե, կան…
Օրինակներ, որոնց ընդօրինակելով, նմանվելով՝ սերունդներ կդաստիարակվեն…
Մինչդեռ աջ ու ձախ միայն հայհոյանքներ են, ցեխ, կեղտ, թույն, վիրավորանքներ, տականքներ, միայն կաշառակերներ, պատեհապաշտներ…
Պետք է կարողանանք նկատել նաև լավը, լավ մարդկանց… Իսկ եթե չկան, ապա որպես ազգ, որպես ժողովուրդ մենք լուրջ, շատ լուրջ պրոբլեմներ ունենք… Ուրեմն ազգովի մտածելու, խորհելու լուրջ խնդիր ունենք…
Ժամանակն է սովորենք պահել, պահպանել ու ակնածանքով սերունդներին փոխանցել այն ամեն լավը, որ ունենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել