BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր

BlogNews-ի ստեղծումից ի վեր 5 տարի է անցել, ու չի եղել ամիս, որ BlogNews-ն իր միջոցներից չտրամադրի կարիքավոր մարդկանց։ Մենք ի սկզբանե ցանկանում էինք ոչ միայն պոպուլյար ու սիրված կայք ստեղծել, այլև լինել սոցիալապես պատասխանատու ընկերություն, ում օրինակը վարակիչ կլինի շատերի համար։ Մենք երկար ճանապարհ անցանք ու այդ ճանապարհին տարբեր մասշտաբի սոցիալական ծրագրեր իրականացրինք։ Մենք անապահովների կողքին էինք այն ժամանակ, երբ մեր միջոցները մեր կարիքների համար հազիվ էին հերիքում, մենք նրանց կողքին ենք նաև հիմա։ 5 տարի շարունակ մենք մեր ընկերների հետ միասին փնտրում էինք անապահով ընտանիքների ու աջակցում նրանց՝ սկզբում գումարով, կամ անհրաժեշտ սննդամթերքով, իսկ հետո արդեն նվիրում էինք ամբողջական տնտեսություններ՝ փոքրիկ ֆերմաների ու ջերմոցների տեսքով։

Ինչո՞ւ ենք մենք դա անում, որովհետև, որքան էլ վերամբարձ հնչի, երջանիկ լինելու համար մեզ հարկավոր է նաև, որ մեր կողքինը երջանիկ լինի։ Մեզ ասում են, որ մեր արածն անիմաստ է, որովհետև աշխարհում մեծ հաշվով ոչինչ չի փոխվի մեկ ընտանիքի օգնելով, բայց մենք հակադարձում ենք նրանց ասելով, որ դրանով կփոխենք այդ մեկ ընտանիքի աշխարհը։ Մեզ ամեն օր համոզում են, որ մեկ ծաղկով գարուն չի գալու, իսկ մենք համառորեն չենք դադարում այլ ծաղիկներ որոնել ու գործել միասնաբար։ Այսօր մենք շատ ենք ու ավելի միասնական ենք, քան երբևէ, ու նայում ենք դեպի ավելի խոշոր գործեր։

Օրեր անց մենք մեր նոր ծրագրի մեկնարկը կտանք՝ «Բարեգործական սրճարան և ճաշարան»։ Այս գաղափարը ոչ մի տեղ չենք տեսել, ոչ մի տեղից չենք գողացել. մենք ենք մտածել։ Շատ ուրախ եմ ասել, որ այն արդեն իրականություն է։ Երևանի կենտրոնում՝ Թումանյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկում կբացվի մի գեղեցիկ սրճարան՝ «Avenue 37» անվամբ, որն իր ողջ շահույթը կուղղի դեպի «Դու միայնակ չես» բարեգործական ճաշարաններ, որտեղ ամեն օր հաց կստանան մինչև մի քանի հարյուր կարիքավորներ։ Առայժմ պատրաստ է միայն մեր առաջին ճաշարանը, որն Ավանում է գտնվում. առաջիկայում կբացվեն նաև նորերը այլ վարչական շրջաններում։ Մենք փորձել ենք ստեղծել մի վայր Երևանում, որտեղ բարին միշտ հաղթում է ու յուրաքանչյուր ոք կարող է իր հնարավորությունների ներածին չափով թեթևացնել թեկուզ մեկ կարիքավորի այդ օրվա հոգսը։

«Avenue 37»-ում հնարավորություն է լինելու ձեր հաշվից զատ վճարել նաև կարիքավորների ճաշերի համար (մեկ ճաշն ընդամենը 500 դրամ արժե): Ենթադրենք՝ Ձեր հաշիվը սրճարանում կազմում է 2500 դրամ, դուք վճարում ենք 3000-ը, մատուցողուհուն ասում եք, որ ցանկանում եք վճարել կարիքվորների ճաշի համար և հաջորդ օրը մեկ կարիքավոր ձեր փոխանցած գումարով սնվում է «Դու միայնակ չես» բարեգործական ճաշարանում։ Ճաշարանի դռները միշտ բաց են և, ցանկության դեպքում, ցանկացած ոք հնարավորություն է ունենալու գալ, շփվել այդ մարդկանց հետ։

«Avenue 37»-ի դիզայնի ու վայրի ընտրության վրա երկար ենք մտածել ու արդյունքում ստացել ենք գեղեցիկ ու վառ մի սրճարան, որը ոչնչով չի զիջում այլ որակյալ սրճարաններին։ Ասեմ նաև, որ գները «Avenue 37»-ում շատ մատչելի են։ Մենք հաշված օրերից կբացվենք։ Մնացել են մի քանի փոքր շտրիխներ։ Այս գրառումը կարդացողներին սիրով հրավիրում եմ բացմանը, որի մասին շատ շուտով կհայտարարեմ :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել