Tert.am-ը գրում է.

«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ Մետաքսի ճանապարհը երկու խնդիր է լուծում, որից առաջինը արևելքի և արևմուտքի քաղաքակրթությունների միջև կապի վերականգնման հարցն է:

«Երկրորդ խնդիրն այն է, որ այդ ճանապարհի շուրջ պետք է լինեն տնտեսական գոտիներ, որոնք պետք է զարգանան և ապահովեն խաղաղություն, որովհետև ճանապարհը կարող է գործել, եթե լինի կայուն խաղաղություն տարածաշրջաններում և բերի տնտեսական զարգացում այն երկրներին, որոնք ինչ-որ ձևով առնչվում են այդ ճանապարհի հետ»,-ասաց նա:

Նա գտնում է, որ քանի որ այդ ճանապարհը Չինաստանը իր գլխավոր տնտեսական զարգացման ուղղություն է համարում, նրան կհաջողվի համախմբել և  բոլոր շահագրգիռ պետությունների մասնակցությամբ իրականացրել դրա կառուցումը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Վազգեն Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի խնդիրն այն է, որ մաս կազմի այդ ճանապարհին, ինչի համար պետք է կարողանա  հայ-չինական տնտեսական կապերն այնպես ներկայացնել, որ չինական կողմը շահագրգռվածություն ունենա Հայաստանի առումով որոշակի ակտիվություն դրսևորելու՝ մասնավորապես Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հարցում:

Ըստ նրա՝ պետք է կարողանալ ներկայացնել Նաիրիտը՝ որպես ծրագիր, որպեսզի նրանք որոշակի ներդրում կատարեն այն վերագործարկելու համար, իսկ ներդրումների դիմաց Հայաստանը կարող է կաուչուկ փոխհատուցել:

«Երկրորդ՝ ես կարծում եմ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մենք պետք է կառուցենք պղնձաձուլարան և քիմիոմետալուրգիական կոմբինատ, որը պետք է մշակի արդյունահանվող հանքանյութը և պոչամբարներում կուտակված երկրորդական հումքը»,-ասաց նա և երրորդ ուղղությունը համարեց սև մետալուրգիայի ուղղությունը:

«Եթե այդ ծրագրերը մենք կարողանանք ճիշտ ներկայացնել և չինական կողմի մոտ  շահագրգռվածություն առաջացնենք, կարող ենք հեռանկար ունենալ»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել