Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը չի ժխտում, որ Հայաստանում կոռուպցիա կա, բայց անընդունելի է համարում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի նախազգուշացումները, որ եթե կոռուպցիան չվերանա, ապա Միացյալ Նահանգները կդադարեցնեն ֆինանսավորումը:

«Որևէ դեսպան, որևէ օտար միջավայր երբեք իրավունք չունի որևէ պետության նկատմամբ մատ թափ տալ: Նայել եմ, ընթերցել եմ դեսպանի խոսքերը, միգուցե՝ ձևակերպումն է այդպիսին: Պարզապես նա սկզբունքորեն ամերիկյան քաղաքականությունն է ներկայացնում, որ իրենք ցանկանում են հիմքեր ստեղծել և օգնել, որ կոռուպցիայի դեմ պայքարն ավելի հզորանա, ինչը մեզ համար ձեռնտու է: Բայց տարբերակվել որպես դեսպան այլ դեսպաններից և իմպերատիվ խոսք ասել, բնականաբար, մեզ համար ոչ միայն հաճելի չէ, այլ՝ ընդունելի չէ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը:

Հարցին՝ ինչո՞ւ է ԱՄՆ-ն կոռուպցիայի դեմ պայքարի հարցում խիստ դիրքորոշում որդեգրել, նախկինում նման կտրուկ հայտարարություններ չէին արվում, Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե պիտի նաև հասկանալի դառնա օտարներին, որ ճնշումների մեխանիզմով հնարավոր չէ մի ժողովրդի հետ խոսել, որը կարողացավ իր ուժերով վերականգնել իր պետականությունը, անկախությունը:

«Մենք բավական ծանր ժամանակաշրջան ենք ապրել և երբեք չենք երկնչել: Ինչ վերաբերում է դեսպանին, դեսպանը փաստորեն իր ոգևորության շրջանակով փորձում է իրադրության որոշակի պայմաններ ստեղծել ... բայց, ըստ էության, դա այդպես չէ: Մենք չենք ընդունում, որ մատ է թափ տալիս, թե ձեզ փող չենք տա: Մենք փողի երկիր չենք, մենք ավելի շատ փորձում ենք մեր ազգային խնդիրները լուծել, որևէ շահերի բախում չենք պարտադրում, չենք ուզում»: ԱԺ նախագահն ասաց, թե նման հայտարարությունները պետք է ավելի կոռեկտ լինեն:

Գալուստ Սահակյանը նշեց, որ ամենամեծ կոռուպցիան մեծ երկրներում է, ապա շեշտեց, որ մեր երկրում կոռուպցիան պարզապես հարվածում է սովորական քաղաքացուն:

«Պարզապես տնտեսապես զարգացած հզոր երկրներ են, կոռուպցիան վերիշխանական կամ իշխանական մակարդակում է: Մեր երկրում կոռուպցիան փաստորեն հարվածում է սովորական քաղաքացուն, նկատելի է և բնական է, որ բոլորս կոռուպցիայի դեմ ենք պայքարում: Կոռուպցիան այն հրեշը չէ, որ աչքով տեսնում ես, պիտի միանգամից ոչնչացնես: Պիտի համակարգը կարողանա ավելի ուժեղանալ, առավել ևս ժողովրդի մոտ պիտի տրամադրություն առաջանա, որ կոռուպցիոն երևույթներին մաս չկազմի: Ժողովուրդն իր անճարակությունից կամ ճարությունից մասնակից է դառնում կոռուպցիային»,- ընդգծեց Սահակյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել