Tert.am-ը գրում է.

Սահմանադրական փոփոխություններին նվիրված «Այո և ոչ» իրապատման մասնակիցները Սյունիքի մարզի Տաթև համայնքում են: Համայնքապետարանի բակում իրապատման մասնակիցները տաթևցիներին են ներկայացնում իրենց տեսակետները։

«Այո»-ի կողմնակից Հրայր Թովմասյանն ասաց, թե այն կառավարման ձևը, որը գործում է Հայաստանում, չի երաշխավորում պետության հեռանկարային զարգացումը:

«Կարող ենք ասել, որ այս սահմանադրության ընթացքում ենք մենք հաղթանակներ ունեցել, քիչ թե շատ կայունություն կա, բայց այնուամենայնիվ, հեռանկարային, տևական զարգացման համար երաշխիքներ չկան: Այս փոփոխությունները միտված են մի քանի խնդիրների. ունենալ կանխատեսելի զարգացում, ընտրությունների հետևանքով չլինեն հանրային բախումներ, չլինի հասարակության բևեռացում, ունենալ հավասարակշռված քաղաքական իշխանություն, ունենալ իշխանություն, որն իրականում գտնվում է և՛ հանրային, և՛ ընդդիմության վերահսկողության ներքո, ունենալ անկախ դատական իշխանություն, որը կապահովվի այն կայունությունը, որը մենք ուզում ենք»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Նա նշեց, թե ավելի լավ Հայաստան ունենալու համար ամեն ինչ ժողովրդի ձեռքին է: «Պետք է արձանագրենք, որ այս փոփոխությունները մեզ շատ ավելի լայն հնարավորություններ են տալիս մեր երազած հայրենիքն  ունենալու»,-նշեց Հրայր Թովմասյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել