«Այո և ոչ»-ի մեջ ինձ ամենացնցողը հանրապետականների անկրկնելի պադոշությունն ա։ Խոսքի, Հայաստանի տարբեր կետեր են գնում ու, մարդկանց աչքերի մեջ նայելով, այնպիսի կեցվածք են ընդունում, ասես լֆիկածին ու շմայսոտ իրենց կուսակցությունը սենց վատն ա ոչ թե մարդկային գործոնի պատճառով, այլ որովհետև եղած սահմանադրությունն ա վատը։ Դե, կներեք էլի, մենք էլ ավանակ ենք ու միանգամից հավատացինք, որ եթե մեզ մոտ լիներ, ասենք, ֆրանսիական սահմանադրություն, ո՛չ Լֆիկն էր մենաշնորհներ ունենալու, ո՛չ Շմայսն էր քֆուրներ տալու, ո՛չ էլ ֆրակցիայի կեսն էր մականունավոր լինելու ու խախտելու սահմանադրական այն դրույթը, որ պատգամավորին արգելում ա գործարարությամբ զբաղվել։
Ու հիմա ամեն անգամ, երբ ես տեսնում եմ Մարգարիտ Եսայանին, Կարինե Աճեմյանին ու հատկապես Վարդան Այվազյանին, ովքեր այնպես են խոսում, ասես իրենք ընդհանրապես ոչ մի կապ ու մեղավորություն չունեն ազգի այս վիճակի հետ, իրենք ՀՀԿ-ն մենակ հեռվից են տեսել, ու եթե ինչ-որ բան էլ խանգարում էր նրանց լավ ու արդյունավետ լինելու հարցում, էդ հին սահմանադրությունն էր, ինձ մոտ բուռն ցանկություն է առաջանում կրակել հեռուստացույցիս վրա։
Նույն Այվազյան Վարդանը հպարտությամբ նշում է, որ եղել է Չարենցավանի քաղաքապետ, նախարար ու պատգամավոր տասնյակ տարիներ։ Բա լավ, պարոն Այվազյան, այդ ո՞նց ստացվեց, որ եղած սահմանադրությունները ձեզ խանգարում էին լավ իշխանություն լինել, բայց չէին խանգարում դոլարային միլիոնատեր դառնալ։ Հը՞, պարոն գռուզչի, ո՞նց ա ստացվում, որ սեփական շահերի բավարարման համար ձեզ ոչինչ չի խոչընդոտել, ու որտեղի՞ց վստահ լինենք, որ վաղը որևէ կերպ նոր սահմանադրությունը կսահմանափակի ձեզ ու ձեր կուսակիցներին։

Կամ էլ թե չէ էն Մարքրիտը... Տիկին, բացի ձեր կուսակից ընկերուհիներին պադնոժկաներ տալուց՝ գործուղումների մեկնելու և պարզապես հավեսի համար, ի՞նչ օգտակար բան եք արել՝ ինչ մտել եք ԱԺ, ի՞նչ օգտակար օրենսդրական նախագծով եք հանդես եկել, ո՞ւմ մատից եք գոնե մի հատ փուշ հանել։ Իսկ կարիք կա՞ հիշեցնելու, թե քանի հակաժողվրդական օրենքի օգտին եք քվերակել, որովհետև ԱԺ-ում ձեր միակ ֆունկցիան կոճակ սեղմելն է։
Այնպես որ, գոնե մի քիչ պետք է ադեկվատություն դրսևորել ու հասկանալ, որ «Այո և ոչ»-ն անսպասելիորեն հաջող ու ազնիվ նախագիծ է ստացվել, որը հնարավորություն չի տալիս կոսմետիկ շտկել գործող իշխանությունների ներկայացուցիչների անհրապույր դիրքերը, իսկ եթե նույն այդ ներկայացուցիչներն իրենց տալիս են պոպուլիզմին ու երեսպաշտությանը, ապա նրանք առանց այն էլ ոչ շահեկան դիրքերն էլ ավելի կատաստրոֆիկ հարվածների են ենթարկվում։ Եթե չեք կարողանում լինել ազնիվ, ապա բարի եղեք ու գոնե հարգեք հեռուստադիտողին ու ինտերնետային լսարանը, այնտեղ հիմարները քիչ են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել