Հերթական ահաբեկչությունը, հերթական սուգը, մոմավառություններ աշխարհով մեկ, լաց, ցավ, մեղադրանքների, պայքարի, հույսի, լավատեսության կոչեր, արտահայտություններ, հայտարարություններ… Ուժեղացված անվտանգության միջոցառումներ, նույնիսկ սահմանները փակելու, պարետային ժամ մտցնելու հնարավոր տարբերակներ:
Եվ ի՞նչ… Մի քանի օր հետո հաստատ կմոռացվի, կընդունի առօրյա, սովորական ընթացք... Էլի քաղաքական, պետական գործիչները, գերտերությունները կսկսեն մրցակցությունը, պայքարն իրենց ազդեցության ոլորտների ու գերիշխանության համար:
Ցեղասպանություններ, պատերազմներ, մարդկային միլիոնավոր զոհեր… Գերտերությունները դատապարտեցի՞ն Հայոց ցեղասպանությունը, դաս առա՞ն այդ ամենից, տվեցի՞ն արժանի գնահատական… Իհարկե, ո՛չ… Աշխարհակործան պատերազմներից դաս չքաղելու, Հայոց ցեղասպանությունը չդատապարտելու հետևանքով չարորակ ուռուցքի նման աճեցին ու մետաստազներ տվեցին վայրագություններն ու չարիքները… Հետագա ցեղասպանությունները, արդեն հաճախացող ահաբեկչությունները հետևություններ չանելու և դրանց դեմ միասնական ուժերով չպայքարելու հետևանք են:
Ես ոչ միայն վստահ եմ, այլև համոզված, որ պետական գործիչները, այդ երկրների դիվանագետները, քաղաքական գործիչները, որ այսօր տխուր դեմքով ցավակցում, դատապարտում, սպառնում են, բավարարվելու են մի քանի հերթապահ միջոցառումներով ու իհարկե դրանց լայնածավալ լուսաբանմամբ: Համոզված եմ նաև, որ այդ մոմավառությունների, հուղարկավորությունների ընթացքում կշարունակեն զենքեր արտադրել, զենքեր, սպառազինության այլ միջոցներ վաճառել, ֆինանսական միջոցներ հատկացնել պատերազմող կողմերին, նույնիսկ ծայրահեղ, վտանգավոր ահաբեկչական խմբերին:
Հնարավոր չէ, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպական երկրների հզոր, տեխնիկապես, ֆինանսապես, ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ կադրերով զինված հետախուզական ծառայություններն անհրաժեշտ տեղեկություններ չունենան ահաբեկչական իսլամիստական խմբավորումների, նրանց տեղաբաշխման, տեղաշարժերի, հեռահար նպատակների, ղեկավարների, զինողների, օժանդակողների, ֆինանսավորողների վերաբերյալ: Բայց ունենալով տվյալներ, չհամագործակցելով միմյանց հետ, չստեղծելով միասնական պայքարի ճակատ, չվստահելով միմյանց` ակամա նպաստում են այդ չարիքի տարածմանն ու լայնամասշտաբ ընդարձակմանը: Եթե միանան, համագործակցեն, համախմբվեն` կհաղթեն, բայց դա, ցավոք, ֆանտաստիկայի ժանրից է: Քաղաքականությունը, իշխանության, ազդեցության ոլորտների տիրապետելու, իշխելու կիրքը չի թողնի, որ մարդկությունը հանգստանա ու խաղաղ ապրի, գոյատևի…
Արդյունքում տուժում է հասարակ քաղաքացին, որի մահը, ճակատագիրն այդ գործիչների համար բացարձակ ոչ մի նշանակություն չունի… Ապացույցը` արաբական հեղաշրջումները, բալկանյան, ուկրաինական պատերազմները, Իրաքը, Սիրիան ու այդ չարիքների մետաստազը` Իսլամական խալիֆաթը… Դրանց հետևանքով՝ ուղղորդված կամ ոչ ուղղորդված մոլագար ահաբեկչական ակտերն ու մարդկային հազարավոր զոհերն ու զրկանքները…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել