Այս մոլորակի վրա մարդկության լինելության գլխավոր նպատակը` ինչպես իր ներքին, այնպես էլ շրջապատող աշխարհի բազմազանության ու այդ բազմազան ամբողջականության ներդաշնակ գոյակցության պահպանումը, ինչպես նաև ճանաչողության սահմանների ընդլայնման ճանապարհով իր հոգևոր կատարելության աստիճանի անընդհատ բարձրացումը պետք է լինի: Այս Ուղու հաղթահարման ընթացքում, կարևորը մարդու հոգևոր-բարոյական և մարմնավոր-նյութական վեկտորների միջև անհրաժեշտ մշտական ներդաշնակության առկայության պայմաններում մարմնավորի նկատմամբ հոգևորի հարատև գերակայության, նրա առաջնայնության պահպանումն է: 

Մարդկության պատմության տեսանելի ընթացքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրա զարգացումը ցիկլային, պարուրաձև բնույթ ունի: Այն առաջընթացի ու վերելքի, հաստատման ու պահպանման և անկման ու վայրէջքի ժամանակաշրջաններից է բաղկացած:
Երբ մարդկության ընթացքն ապահովող հոգևոր-բարոյական և մարմնավոր-նյութական վեկտորների միջև անպայմանորեն անհրաժեշտ աստիճանակարգը խախտվում է, երբ մարմնավոր-նյութականը հոգևորի սպասավորից վեր է ածվում առաջնային գերակայի, խաթարվում են մարդկության գոյության, նրա հոգևոր առաջընթացի համար անհրաժեշտ բոլոր ներդաշնակությունները, և մարդը վեր է ածվում ագրեսիվ սպառողի ու իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներն ուղղում է միայն իր մարմնավոր կարիքները, անհագ ցանկությունները բավարարելուն: Այսինքն՝ մարդը շեղվում է նախանշված Ուղուց, կորսվում են բոլոր ճշմարիտ ուղենիշները, հարյուրամյակներ, հազարամյակներ առաջ մեծագույն ջանքերով «հայտնագործված» առաջնորդող գաղափարները մոռացվում կամ քարանում են այն աստիճանի, որ այլևս հասարակության առջև ծառացած որևէ խնդրի լուծումը նրանց միջոցով դառնում է անհնար: Հանրության կառավարման համակարգերը, որոնց առաջնային խնդիրը պիտի լիներ ստեղծված իրավիճակից ելքերի որոնումն ու առաջացած դժվարությունների հաղթահարումը, այլևս ի վիճակի չլինելով որևէ ռացիոնալ գործունեության, սկսում են զբաղվել միայն կոշտ ու կոպիտ միջոցներով ինքնապահպանման, ինքնավերարտադրման խնդիրներ լուծելուվ, մտավոր քարացածության ու իրենց արտոնյալ դաս համարելու հետևանքով, հասարակությանը ծառայությունների մատուցումը, նրա հոգսերի թեթևացման ուղիների որոնումը սրանց մոտ զուտ ձևական բնույթ է կրում և փոխարենը մեծ բովանդակային իմաստներ են ստանում իրենց և իրենց շրջապատի համար կյանքի առավել բարենպաստ պայմանների ստեղծումը, նորանոր «տարածքների» զավթումը, իրենց ունեցվածքի բազմապատկումն ու բիզնեսների բարգավաճումը: Նաև այս է պատճառը, որ սրանց նայելով մարդկանց մի հոծ զագվածի մոտ սկսում է գերակշռել նվազագույն ջանքերով արագ հարստանալու ձգտումը, ոչինչ չտալով առավելագույնը ձեռք բերելու մոլուցքը, ինչ գնով էլ լինի, իր կարիքներն ու ցանկությունները միայն ուրիշի` պետության, հասարակության հաշվին բավարարելու մղումը: Առաջ է գալիս սրան նրան ընդօրինակելու, առավել «հաջողակներին» նմանվելու, նրանց կապկելու միջոցով ծառացած պրոբլեմների լուծման խաբկանքային մի գործընթաց, հասարակության գործունեության բոլար ասպարեզներում, լինի դա մշակութային, հոգևոր, քաղաքական, տնտեսական և այլն չքանում են հստակ նպատակները, բոլոր գործողությունները դառնում են ինքնանպատակ, ոչ համակարգված, շատ անգամ անկապ ու միմյանց հակասող, զուտ ձևական, դատարկ խոսակցական, ամենուր, բառի բուն և փոխաբերական իմաստով տիրում է աղմուկը, օրստօրե ավելանում է քաոսի աստիճանը, նկատվում է անկում մարդկային գործումեության անխտիր բոլոր ոլորտներում, հասարակությունում սկսում է տիրել համընդհանուր բարոյալքումն ու հուսահատությունը, ավելի ու ավելի են ուժգնանում տագնապները «վաղվա օրվա» նկատմամբ, սկսվում է մեղավորների փնտրտուքի, փոխաադարձ մեղադրանքների ներկայացման մի գործընթաց և այլն, և այլն: Կարճ ասած տեղի է ունենում մարդու, ողջ հասարակության համընդհանուր դեգրադացում:

Եվ երբ մարդը գիտակցում է այս շեղումով պայմանավորված իր, ազգի, տվյալ հասարակության, մարդկային քաղաքակրթության գոյության վտանգված լինելը` սկսում է ելքեր որոնել ստեղծված իրավիճակից: Ինքնաբերաբար առաջ է գալիս առկա արժեքային համակարգը վերաիմաստավորելու և իրական աշխարհը ճանաչելով Ճշմարիտ Կարգը վերհիշելու և նրան դառնալու կարևորության գիտակցումը, մոռացության մատնված, մարդու ճշմարիտ առաջընթացն ապահովող կարևորագույն հասկացությունները վերականգնելու, քարացած ու արդյունքում ոչ պիտանի դարձած բոլոր “հին” գաղափարները կոտրելու, տեխնիկայի լեզվով ասած խաթարված ինֆորմացիան կուտակված աղմուկներից զատելու, այն ռեգեներացնելու և վերբեռնելու անհրաժեշտությունը: Երբ հաջողվում է իրականացնել վերականգման այս գործընթացը, ինչը կարող է հանդես գալ բոլորովին նոր հասկացությունների ու բառակապակցությունների, նոր գաղափարների, նոր ծրագրերի, ժամանակին համահունչ բոլորովին նոր տեսքստերի ձևեվ, մարդկությունը թևակոխում է իր զարգացման մի նոր փուլ, որը նրա կողմից ընկալվում է որպես գաղափարական հեղափոխության, անկման ավարտի և վերելքի ու առաջընթացի սկզբի, նոր հոգեվիճակի, մի նոր վերածննդի, բոլորովին նոր արժեհամակարգի, մեկ այլ կացութաձևի անցման ժամանակաշրջան:

Սրան հաջորդում է առաջընթացի հաստատման ու պահպանման ժամանակաշրջանը, որի տևողությունը կախված է նրանից, թե որքանով են ներդաշնակված հասարակության հոգևոր- բարոյական և մարմնավոր-նյութական վեկտորները և պահպանվում են արդյոք նրանց միջև անհրաժեշտ գերակայությունները: Եթե նրանք զարգանում են համընթաց, մարդու նյութական բարեկեցության աճը չի դառնում ինքնանպատակ, առավել ևս գերագույն նպատակ, այլ ծառայում է նրա հոգևոր վերելքին, նրա ոգեղենության բարձրացմանն ու հզորացմանը, ապա այսպիսի հասարակության առաջընթացը հարատև կարող է լինել: Սակայն երբ առաջ է գալիս նյութականի գերիշխանություն հոգևորի հանդեպ, երբ մարդու հոգևոր առանցքը, վերը նկարագրվածի նման մոռցության է մատնվում, սկսվում է հասարակության բարոյական անկման, նրա հետաճի ու վերասերման մի երկարատև ժամանակաշրջան, որն ավարտվում է կամ այդպիսի հանրությունների վերացմամբ, կամ մի նոր հեղափոխությամբ, նոր ռեգեներացիոն գործընթացներով, առաջնորդող նոր գաղափարների ծնունդով և ամեն ինչ սկսվում է նորից, հասարակությունն անցնում է իր զարգացման հաջորդ պարույրին:

Այսօր, ստեղծված վիճակից ելքեր որոնելուց առաջ, չափազանց կարևոր է հասկանալ, թե ներկայիս մարդկությունը և մենք էլ նրա հետ միասին, իր ընթացքի որ` առաջընթացի, պահպանման, թե անկման փուլում է գտնվում: /Շարունակելի/
Հոդվածի առաջին մասը կարող եք կարդալ`այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել