Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայում սպանդի են ենթարկվել հարյուրից ավել անմեղ մարդիկ։ Աշխարհը ցնցված է։ Աշխարհով մեկ մարդիկ սգում են զոհվածների հիշատակը։ Սպանդարարները իսլամիստ ծայրահեղականներ են։ Նույն սցենարն է, ինչ հարյուրավոր անգամներ Իրաքում, Սիրիայում ու Լիբանանում. զինված անձինք հայտնվում են մարդկանց շրջանում ու սկսում են կրակել, ինչպես նաև պայթեցնում են իրենց՝ սպանելով շուրջը գտնվող բոլորին։


Ինչու՞ Ֆրանսիան


Ապակայունացված Մերձավոր Արևելքը չէր կարող անմասն թողնել Եվրոպային։ Արաբական Գարնան սկզբից ի վեր եվրոպական պետությունները առերեսվեցին անվերջ պատերազմներից փախչող հազարավոր մարդկանց հոսքին, որը աննախադեպ ծավալների հասավ վերջին ամիսներին։


Եվրոպան այդ ապակայունացման մեջ ունեցել է առանցքային դեր, ու Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներում Եվրոպան ու մասնավորապես Ֆրանսիան ունեն շատ մեծ մեղքի մասնաբաժին։

2011 թվականը նշանավորվեց ՆԱՏՕ–ի զորքերի ինտերվենցիայով Լիբիա։ Դրանում Ֆրանսիան հիմնական նախաձեռնողներից էր ու իր մասնակցությունը ցուցաբերեց տասնյակ ռազմական օդանավերով ու նավատորմով։ Օպերացիայի արդյունքում Լիբիան զրկվեց բանակի ողջ ներուժից, իսկ զինյալները տանջամահ արեցին Լիբիայի դիկտատոր Մուամար Գադաֆիին, նրա բանակի զինվորներին, պաշտոնական Տրիպոլիին հավատարիմ շրջանների բնակչությանը։ Հազարավոր մարդիկ գլխատվեցին ու գնդակահարվեցին։ ՆԱՏՕ-ն տապալեց Լիբիայի նախկին ռեժիմը՝ չստեղծելով պայմաններ նոր կայուն ռեժիմ ստեղծելու համար։

Երբ ֆրանսիական ու ՆԱՏՕ–ի այլ անդամների զենքերով զինված նախկին զինյալները ներքաշվեցին Մալիում ռազմական հեղաշրջման մեջ, 2013 թվականի սկզբին Ֆրանսիան զորք մտցրեց նաև Մալի։ Ամիսներ անց Ֆրանսիան հայտարարեց ռազմական օպերացիան ավարտելու մասին, իսկ իրավիճակը Մալիում մնում է ապակայունացված մինչ այսօր։

Ֆրանսիայի իշխանությունը ակտիվորեն ներքաշել է իր պետությունը նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների մեջ։ 2013 թվականի օգոստոսին Ֆրանսիան ստորագրել է Սաուդյան Արաբիայի հետ ռազմական գործակցության պայմանագիր՝ 1 մլրդ եվրո ծավալով։ Ֆրանսիան զգալի ռազմական ու խորհրդատվական աջակցություն է տրամադրել Սաուդյան թագավորությանը, արդիականացրել է մի շարք ռազմանավեր, կրթել զինվորականությանը։ Սաուդիան Արաբիան է հանդիսանում տարածաշրջանում ֆրանսիական զենքի հիմնական գնողը։ Ու նույն Սաուդյան Արաբիան է, որ իր հարևաններ Քաթարի, Արաբական Միացյալ Էմիրությունների ու Թուրքիայի հետ արդեն մոտ 5 տարի է զբաղվում է աշխարհի տարբեր ծայրերից իսլամիստների որոնմամբ ու տեղափոխմամբ Սիրիա՝ Ասադի ռեժիմի դեմ պայքարելու։

Միջնորդների միջոցով ապակայունացումից բացի կա նաև իրադարձություններին ուղիղ մասնակցություն։ Ֆրանսիան է, որ առաջինն է ընդունել այժմ արդեն գոյություն չունեցող շինծու ընդդիմադիր կոչվածներին որպես Սիրիայի օրինական իշխանություն։ Ֆրանսիան է, որ 2012 թվականին կազմակերպեց համաժողով՝ Սիրիայում զինյալներին աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Ֆրանսիան է, որ միանշանակ աջակցեց ԱՄՆ-ին Սիրիա զորքեր մտցնելու հարցում՝ համատեղ ուժերով Ասադի բանակին մեղադրելով քիմիական զենքի կիրառման մեջ։ Հարձակումը տեղի չունեցավ, չնայած Սիրիայի սահմանին արդեն մոտեցվել էին թե՛ ամերիկյան, ֆրանսիական ու բրիտանական նավատորմերը, թե՛ ի պատասխան ռուսական մի շարք ռազմանավեր։

Այսօր իրավիճակը ողջ հյուսիսային Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում ամբողջովին ապակայունացված է, ու Ֆրանսիան այդ գործընթացում զբաղեցրել է առանցքային դեր։ Զինյալներին հարյուրավոր միլիոն եվրո ռազմական ու ֆինանսական օգնությունը իրականություն դարձրեց «Իսլամական պետություն» խմբավորման լայնամասշտաբ ծավալումը տարածաշրջանում։ Թե՛ սուննի արաբ պետությունները, թե՛ Թուրքիան, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ֆրանսիան հերքում են ուղիղ աջակցությունը «Իսլամական պետությանը», սակայն շարունակում են գումար ու զենք փոխանցել Սիրիա ու Իրաք։

Եվրոպական ռազմաճակատը

Այսօր Եվրոպան զոհ է դառնում իր իսկ անհեռատեսությանը։ Եթե փորփրում ես փեթակը, պետք է հիշես, որ մեղուները կարող են շատ ցավոտ խայթել։ Ֆրանսիայի ահաբեկչությունը «Արաբական գարնան» շարունակությունն է։ «Գարնան», որը Ֆրանսիան ու շատ այլ պետություններ բուռն ողջունում էին։ «Գարուն», որը խժռեց միլիարդավոր ամերիկյան դոլարներ ու ֆրանսիական եվրոներ։ «Գարուն», որը խժռեց ավելի քան երկու միլիոն կյանք սկսած 2003 թվականի Իրաքի օպերացիայի մեկնարկից։ «Գարուն», որը կազմալուծեց Լիբիան, Իրաքը ու Սիրիան։ Սա պատերազմ է, որն ընդլայնում է իր աշխարհագրությունը՝ իր մեջ ընդգրկելով նաև իրեն սնողներին։

Փարիզի անմեղ զոհերը դարձան ապացույց, որ ընթացիկ պատերազմում ռազմաճակատը Մերձավոր Արևելքից հասել է Եվրոպա։ Պատերազմը ավարտվելու միտում չունի։ Այն կխլի դեռ շատ ու շատ մարդկային կյանքեր ու կարող է փոփոխել մեզ հայտնի Եվրոպայի քաղաքական քարտեզն ամբողջությամբ։ Ու շատ մոտ ապագայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել