Երախտարապտ եմ Բարձրյալ Աստծո, որ այս հնարավորությունն է ընձեռել որոշ հարցերի շուրջ խոսելու, քանի որ այն, ինչ մերժվում է, պետք է ունենա տրամաբանական իր լուծումը։ Ուրեմն, իմ գրությունը վերաբերում էր մի հարցի. մոմ վառել կամ ոչ։ Եվ ուզում եմ հասկանալ, թե ինչու է մեր եղբայրներին այս հարցը այդքան բարկացրել, որ այս երկու օր է, աղոթք, սողմոս մեկդի թողած, այս հարցն են քննարկում, և քննարկումներն էլ այնքան խորն են գնացել, որ վեր են ածվել եկեղեցա-դավանաբանա-ծիսական խնդիրների։ 
Նախ բոլոր նրանց, որոնք մտածում են, թե մոմի հասույթը մտնում է հոգևորականի գրպանը, հանգստացնեմ ասելով, ոչ եղբայրներ մի մտահոգվեք, այդ գումարը տեր հայրների գրպանը չի մտնում։ Այդ գումարով վճարվում են եկեղեցու բոլոր վճարումները. լույս, էլեկտրոէներգիա, գազ, հարկեր, աշխատողների (աշխարհիկ) աշխատավարձ, բարեգործական օգնություններ, ծերերի և որբերի աջակցություններ և նմանատիպ հարցերի համար են ծախսվում այդ գումարները։ Երբ հայ եկեղեցին այսօրվա բողոքական կամ աղանդավորական շարժումների նման տասանորդ էր փորձում վերցնել իր ժողովրդից, քանի որ այդ է պատվիրում Մէլքիսեդեկ քահանայապետից փոխանցված Աստվածաշնչյան պատումը (Ծննդոց 14.18-20 Սաղեմի արքա Մելքիսեդեկը հաց ու գինի հյուրասիրեց նրան, որովհետև ինքը բարձրյալ Աստծու քահանան էր… Աբրահամը նրան տասանորդ տվեց ամեն ինչից, այս անգամ էլ այդ օրերի հեղափոխական գաղափարներով տոգորված հայ մտավորականները իրենց գրչի սրածայրը ուղղած դեպի հայ եկեղեցին, քննադատում էին այսօրվանների նման, թե ինչո՞ւ եք տասանորդ վերցնում։ Ստիպված եկեղեցին տեղի տվեց իր ժողովրդի կոչին, քանի որ գիտեք թերևս, որ հայ եկեղեցին ամենաժողովրդավարն է, ուր կաթողիկոսին ոչ թե հոգևորականներն են ընտրում, ինչպես այլ եկեղեցիներում, այլ՝ ազգը, ժողովուրդը, վերացրեց տասանորդի միջոցով եկեղեցու կարիքների հոգալու սովորությունը, պահեց միայն պարզ նվիրատվությունը. հոգևորականի պարագային՝ խաչհամբյուր կոչվածը, որը ազատ կամքով, որքան կամենում էր անձը, եկեղեցու օժանդակության պարագային, նորից նվիրատվությունը, որքան կամենում էիր այնպես, ինչպես մեր մեկնաբաններից մեկն է նշել թե. «Տասանորդը Տիրոջ Պատվիրանն է... Դուք էլ տասանորդ վերցրեք՝ կամավոր տալու դեպքում, քանի որ դա Տիրոջ Պատվիրանն է»։ Ուրեմն, երբ խոսքը գնում է կամավոր վճարմանը, ինչո՞ւ ենք տարբերություն դնում կամավոր մոմավառության և կամավոր տասանորդատվության, եթե գործողությունը կատարվում է ոչ ստիպողաբար, այլ՝ կամավոր, ո՞վ է ում իրավունք տվել քննադատության գամերն առած սրան կամ նրան մեղադրանքի խաչափայտին գամել, խորհուրդ տալով «Մեկ եղբայրական խորհուրդ. առանց հստակ Հայտնության կամ Աստծու Խոսքի Հստակ հակասություն նկատելու մի շտապեք մարդկանց անարգել»։ Մարգարեացած խոսքը ուղղված մարգարեին։ Եթե այդպես է, ինչո՞ւ ենք դարերի խորքից եկած ավանդություններն արմատախիլ անում այն պարզ մտածումով, թե եթե ես կամ «մենք» մի բան չեմ կամ չենք ընդունում, որևէ մեկն իրավունք չունի անելու այնպես, ինչպես անում է։ Մի քանի մտահոգ եղբայրներ, որոնց այդքան հուզել է մոմավառության՝ ըստ իրենց «բիզնեսը» (այն տպավորությունն ունեմ կարծեք մեկն այն ձեր ձեռքից խլած լինի և չեք կարողանում գաղափարի հետ հաշտվել), հարցում էին ուղղել, թե Աստվածաշնչյան ո՞ր համարում, գլխում կամ հատվածում կա նշված մոմ վառելու գաղափարը, այս հարցի շուրջ իմ գերմանացի բարեկամներից մեկը Մյունեխում ասել էր, այն համարում ուր գրված է, թե «հավատացյալի գլխին ձեռքդ դնելիս նա այնպայման պիտի թավալվի գետին և սկսի անմիտ բաներ խոսել, որը, իբրև թե, կոչվում է սուրբ Հոգով լեզվախոսություն»։ Իսկ ես պարզապես ասեմ Աստվածաշնչյան մտքերը, դեպքերը, որոնք շարադրված են ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարաններում, ես ուզում եմ փնտրել մի տեղ, որ խոսված լինի յոթը մոմանի մոմակալի կողքին նաև ինը մոմանոցի մասին, այսինքն՝ այն, ինչը նույն այդ գրքերը գրողները՝ հրեաները, ունեն, այսինքն՝ եթե նրանք վառում են իրենց մինորան (յոթը մոմանի մոմակալը), իսկ խանուկայի ժամանակ՝ 9 մոմանոց մոմակալը, վերջինիս մասին Աստվածաշնչում որևէ նշում չկա։ Նշում չկա նաև, որ զույգերը ինչպես պիտի ամուսնանան, ինչպես պիտի թաղվեն և նմանատիպ արարողություններ։ Այնպես որ, նույն հաջողությամբ կարելի է նաև մեղադրել հրեաներին, որ նրանք ունեն յոթ և ինը մոմերով իրենց մոմակալները՝ Մինորան և Խանուկայի մոմակալը։ Իսկ ինչ վերաբերում է փայլուն մտքին, թե «էլեկտրական լույսին էլ ինքնագլուխ Խորհուրդ վերագրենք», այս գաղափարը ես կխնդրեմ ուղղել ոչ թե մեզ՝ դարերի խորքից եկող ձեր և մեր հավատքի ջահակիրներին, այլ նրանց, որոնք ոչ մեկ ավանդություն չունեն, քանի որ հստակություն չունեն, որ որոշ երևույթներ, որոնք առնչվում են կրոնին, ունեն խորհրդանշաններ, որոնք, պահելով իրենց իմաստը, իմաստավորում են նաև հավատամքի այս կամ այն գաղափարը։ Նմանատիպ մոտեցմամբ, ոմանք էլ կարող են մեղադրել, թե ինչու եք մկրտում ջրով, ինչ է մարդը կեղտոտ է, որ դուք նրան ջրով եք մկրտում և կարծեմ ովքեր բծախնդիր են, գիտեն, որ այսօր կա կրոնական շարժում, որը ավետարանական խոսքերը՝ «Ես ձեզ ջրով եմ մկրտում, ապաշխարհության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ...Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով» (Մատթեոս 3.11), հավատացյալներին քարոզում են ինքնահրկիզում՝ հրով մաքրվելու համար։ Քանի որ նրանք էլ այդ կերպ են ընկալում Ավետարանը, մեղադրում են մեզ, թե ինչու իրենց նման չենք պահում քրիստոնեական արժեքները՝ ջրի փոխարեն կրակ օգտագործելով։ Ուրեմն ստացվում է՝ Հայ Առաքելական Մայր եկեղեցին քամելյոնի նման ամեն մի գաղափարից պիտի փոխի իր գույնը՝ դեմքն ու դիմագիծը։ Թերևս քաջատեղյակ եք, որ ինչպես նախանցյալ դարում, այնպես էլ անցյալ դարի սկզբներին, կային անձինք, որ մեր եկեղեցուն առաջարկում էին Անգլիկան եկեղեցու մոդելը, ձևը, բարեբախտաբար մերոնք չընդունեցին, և ինչպիսի՞ն է այսօր այդ եկեղեցու վիճակը։ Դատարկ եկեղեցիներ, որոնք տրվում են շրիլանկացիներին և պակիստանցիներին մզկիթ կառուցելու համար, որտեղ պարզ երևույթ է դարձել ինչպես կանանց եպիսկոպոսությունը, այնպես էլ միասեռականների ամուսնությունը։ Եթե անցյալում մեր մայր եկեղեցին ընդուներ այն առաջարկները, որոնք արվել էին մեզ, և արվում են այսօր ևս ոմանց կողմից, մեր եկեղեցին էլ պիտի ունենար այն ճակատագիրը, ինչպիսին նրանք ունեն...
Մեր մեկնաբան եղբայրը, որի գրության ոճը ինքնին խոսում է իր քարոզիչ լինելու մասին, որպես րաբունապետ իր առջև դրած տկարիս սովորեցնում է. «ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉՎԱՃԱՌԵՆՔ, ՈՐ ԱՐԴԱՐԱՑՆԵՔ ՍՈՒՏԸ, ՔՐԻՍՏՈՆՅԱԻՆ ՎԱՅԵԼ ՉԷ, ԱՅՍԻՆՔՆ՝ ՁԵԶ» (խոսքը ինձ է ուղղված): Չգիտես ինչու քարոզխոսության պատվանդանից դիտված, ամեն մի մտածում նկատվում է «բիզնես», ամեն ինչ միայն վաճառվում է, այս պարագային մոմավառության գաղափարի բացատրությունը, պատկերացրեք միայն բացատրությունը, ևս նկատվում է բիզնես, քանի որ մոմի փոխարեն վաճառվում է ճշմարտությունը։ Իսկ այս մեկն էլ ներկայացվում է մոտեցման նոր կերպով, եղբայրասիրության և քրիստոսասիրության նոր ձևորոշիչով, խնդրեմ. «ՈՐԵՎԷ ՄԵԿԸ, ԵԹԵ ԴԵՄ ԽՈՍԱ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՐԵՎԷ ՄԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ, ՀԱՄԱՐՎԵԼՈՒ Է ԿՈՒՐԱՑԱԾ և ԱՂԱՆԴԱՎՈՐ»: Եվ հանկարծ մի նոր դաս. ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀՔՈՎ Է: Այսինքն՝ մարդիկ խոսում են նույն կրոնին՝ քրիստոնեությանը, հետևելու մասին՝ հրաժարվելով իրենց իսկ հայրերի հավատամքից, իրենց իսկ հայրերի Քրիստոսից, որը, երկնքից իջնելով, վավերացրեց, կնքեց հայոց հավատամքը՝ մի Նոր Ուխտ կապելով Հայ Ազգի հետ, մենք կորցնում ենք փրկության Շնորհը, իսկ ոմանք այն գտնում են և գիտե՞ք ինչպես, քանի որ նրանք կարդում են Աստվածաշունչը։ Աթեիստներն էլ էին կարդում Ս. Գիրքը, հետո։ Այդ դեպքում ո՞ւր է ձեր մեջ Աստվածային պատվիրանը: «Պատվիր քո հորն ու մորը». արդյո՞ք դա վերաբերում է միայն քո հորը կամ մորը, արդյո՞ք այն մասին չէ, ինչի մասին ակնարկել է մեր սիրեցյալ մեկնաբանը, թե «ՄԱՐԴԻԿ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՑ ՉԵՆ, ԹԵԵՎ ԿՈՒԶԵԻՆ ԼԻՆԵԼ ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ԵԿԵՂԵՑԻ»: Ինչպե՞ս, երբ բոլորը դառնային այնպիսին, ինչպիսին դուք եք դարձել՝ ուրանալով, հրաժարվելով ձեր անցյալից, ձեր էությունից, ձեր ինքնությունից։ Շատ ուրախ եմ՝ որպես մի նոր ուսուցիչ փորձում եք ձեր փորձառությամբ տկարիս փորձառության վարժեցնել։ Ուրախ եմ, որ մոտ վաթսուն տարվա կյանքս ձեր գրությամբ պիտի ավելի արժևորվի և իմաստավորվի։ Քանի որ տողերը, որոնք որպես մի նոր էթիկայի դասաժամ գալիս են սովորեցնելու, թե «ՀՈԳԵՎՈՐ ՄԱՐԴԸ ԻՐ ՆՄԱՆՆԵՐԻՆ ԹՈՂ ՃԱՆԱՉԻ ՄՅՈՒՍ ՇԱՐԺՈՒՄՆԵՐՈՒՄ և ՀԱՍԿԱՆԱ, ԹԵ ԻՆՉՈՒ ՄԱՐԴԻԿ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՑ ՉԵՆ»։ Հարգարժանս, անհամեստություն թող չթվա ասածս, բայց 26 տարիների իմ հովվական կյանքում, պաշտոնավարելով ինչպես Գերմանիայում, այնպես էլ Ֆրանսիայում և էկումենիկ շփումներից ծանոթ լինելով ներսից ձեր «ՄՅՈՒՍ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ»-ին, քաջածանոթ և քաջատեղյակ եմ ներսի խոհանոցի բոլոր մանրամասներին ավելի, քան դուք կարող եք պատկերացնել, հատկապես, եթե 11 տարի ապրել եմ Լութերական եկեղեցու կարևոր կենտրոններից մեկում և շփվելով նրանց վերին աստիճաններում կանգնած եղբայրների հետ։ Ամեն մի շարժում ծնվում է իր ներսի աններդաշնակությունը ներդաշնակելու համար, որն իրականում որևէ առնչություն չունի այլոց խնդիրների հետ։ Եթե այդքան շատ եք ընթերցում Ս. Գիրքը պիտի խնդրեի, որ ձեր «ՏԵՐԸ ԵՎ ՆՐԱ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԲՈՂՈՔԱԿԱՆ ԴԱՐՁԱՆ ՈՉ ԻՐԵՆՑ ԿԱՄՔՈՎ, ԱՅԼ ՄՈՎՍԵՍԻ ԱԹՈՌԻՆ ՆՍՏԱԾ ԿԵՂԾԱՎՈՐ, ԱՐԾԱԹԱՍԵՐ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ» հայտարարությամբ, Տիրոջը ոչ թե Մարթին Լութերի կերպարի մեջ մտցնելով, նրան զրկեք նախախնամության աստվածային ծրագրից, թե Հոր կամքով որդին հայտնվեց երկրի վրա և ոչ էլ եկավ բողոքական շարժումը ձևավորելու։ Այլ եկավ երկնային կամքը երկրի վրա շոշափելի դարձնելու։ 
Սակայն մեկ այլ հարց. եթե դուք կարդաք Բ Օրինաց 13.6-15 և 17.2-7 գլուխները կհասկանաք, թե ինչու էին հրեաները իրենց միջից վերացնում նրանց, ովքեր փորձում էին շեղել այն, ինչը իրենք համարում էին Աստծուց տրված և անփոփոխելի, այսինքն` Հիսուսի խոսքերով ասած «Մինչև որ երկինք ու երկիր անցնեն, մի հովիտ իսկ – որ մի նշանախեց է, - օրենքից և մարգարեներից չի անցնի» (Մատթեոս 5.18)։ Մեջբերեմ միայն Բ Օրինաց 17.2-7. «Եթե քո միջավայրում, քո Տեր Աստծու քո տված քաղաքներից մեկում գտնվի մի տղամարդ կամ կին, ՈՐ ՔՈ ՏԵՐ ԱՍՏԾՈՒ ԱՌՋԵՎ ՉԱՐ ԳՈՐԾ ԱՆԻ, ԴՐԺԻ ՆՐԱ ՈՒԽՏԸ, գնա, պաշտի օտար աստվածներ, երկրպագի նրանց, որոնք ես չեմ արտոնել ու հանձնարարել քեզ, ապա խստորեն հարց ու փորձ կանես։ Եթե իրոք այդպիսի բան եղել է՝ պղծությունը կատարվել է Իսրայելի մեջ, ապա այդ չար բանը կատարած տղամարդուն կամ կնոջը կբերես ձեր քաղաքի դռների մոտ, և ՔԱՐԿՈԾԵԼՈՎ ԿՍՊԱՆԵՔ ՆՐԱՆՑ։ Երկու կամ երեք մարդկանց վկայությամբ պետք է մեռնի մահվան դատապարտվածը. մեկ մարդու վկայությամբ չի կարելի նրան մահվան դատապարտել։ Նախ վկաները թող քար նետեն նրա վրա՝ սպանելու նրան, ապա՝ ամբողջ ժողովուրդը։ ԴՐԱՆՈՎ ԴՈՒ ՉԱՐԸ ՁԵՐ ՄՆՋՆՑ ՎԵՐԱՑՐԱԾ ԿԼԻՆԵՍ»։ Չասելու համար, որ նույն գրքի 17.12-15 համարներում էլ մեզ սովորեցնում է «Եթե քո Տեր Աստծու՝ բնակվելու համար քեզ տված քաղաքներից որևէ մեկում լսես, թե՝ «ՄԵՐ ՄԻՋԻՑ ԱՆՕՐԵՆ ՄԱՐԴԻԿ ԴՈՒՐՍ ԵԼԱՆ ՈՒ ՀԵՂԱՇՐՋԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԻ ԲՈԼՈՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ» ասելով, թե՝ «Գնանք ու պաշտենք մեզ անծանոթ օտար աստվածներ», ապա կքննես, հարցուփորձ կանես և մանրակրկիտ կստուգես նրանց։ Եվ եթե իրոք հավաստի է, որ այդ պղծությունը տեղի է ունեցել ձեր մեջ, ապա սրի հարվածներով կկոտորեք այդ երկրի բոլոր բնակիչներին, նզովելով կնզովեք այդ քաղաքն ու այն ամենը, ինչ կա այնտեղ, և նրանց անասունները սրի կքաշեք»։ Այս տողերը կարդալուց հետո միայն կարող ենք ասել, փառք Աստծո, որ մեր «ՄՅՈՒՍ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ»-ի անդամները Հայաստանում են գործում և ոչ՝ Իսրայելում, ուր գրվեց Ս. Գիրքը, այլապես, ինչպիսի անակնկալներ կարող էին սպասել մյուս շարժումների անդամներին։ Աստծու անունը տալով չէ, որ մարդ դառնում է նրան հետևորդ, այլ նրա յուրաքանչյուր պատվիրանի կատարումն է իմաստավորում հավատացյալին։ Եթե դու չես սիրում քեզ ծնած հորդ ու մորդ, որոնց տեսնում ես, ինչպե՞ս կարող ես սիրել քո Երկնավոր Հորը, որին չես տեսնում։ Եթե դու չես սիրում քո էությունդ, որ քո Հայրենիքդ է, ազգությունդ, սրբություն սրբոց Եկեղեցիդ, Հավատքդ, չես կարող ուրիշ հավատամքներ սիրել, քանզի մարդ չի կարող ինքն իրենց դուրս իրեն փնտրել...։ 
Ինձ տրված խորհուրդը լսելուց անմիջապես հետո, որը բարձրաձայնում էր «ԱՌԱՆՑ ՀՍՏԱԿ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ» Տիրոջ հայտնությունը ինձ վաղուց էր եղել, բայց ես այդ մասին լռում էի, սխալ չհասկացվելու համար։ Այն եղավ, ձայնը երկնային ասում էր ինձ. «Ինչու ես թույլ տալիս, որ վարձու հովիվները արածեն ազգիդ բանական հոտին, չէ՞ որ քեզ կանչեցի, հոգևոր կյանքի, պաշտպանը լինելու իմ ոչխարների, ուրեմն քեզ հրաման եմ տալիս, իմ փարախից դուրս նետիր բոլոր այն վարձկաններին, որոնք խաբում են մարդկանց, թե իմ անունով են եկել մինչդեռ նրանք եկել են Նեռի անունով, իմ կամքին հակառակ գործելով, նայիր նրանց գործերին և կհասկանաս, որ նրանք ոչ թե ցորեն ու գարի են սերմանում, այլ՝ որոմն»։ Ահա այս Հայտնությունից հետո էլ գիշեր ու ցերեկ պայքարում եմ բոլոր նրանց դեմ, ովքեր, դիմակավորված տիրոջ անունով, Նեռի իշխանության մունետիկներն են մեր մեջ՝ ատելություն, բաժանում, թշնամանք և ոչ թե միասնականություն, նվիրվածություն և սեր քարոզելով։ Նրանց դեմ, ով մեր անցյալի ամեն ինչ համարում են կեղծ, ամեն ինչ, որ Տիրոջ առաքյալներից է մեզ փոխանցված, համարում են «բիզնես», քանզի այս երկիրը սրբության վայր կոչեցի, ասում է Տերը, իսկ այն վեր է ածվել հափշտակող գայլերի անտառի։
Եվ այս բոլորը գրում եմ ոչ թե ձեզ ատելուս, այլ ձեզ սիրելուս համար, որ զգուշանալով հետ կանգնենք բոլոր այն նեռաոգի «շարժումներից», որոնք ոչ թե Տիրոջ օրհնությունն են բերում մեր վրա, այլ՝ բարկությունը։ «Քանի դեռ ամբողջովին չեմ կործանել քեզ, ով երկիր Հայոց, - ասում է Տերը, սթափվիր, վերադարձիր քո ճշմարիտ հավատքին, որպեսզի չվերանաս ինչպես Բաբելոնն ու Ասորիքը»։
Ահա Աստվածային այն հայտնությունը՝ տրված ի վերուստ, որի մասին լռում էի, սակայն այսօր ստիպված եմ բարձրաձայնելու։
Վերադարձեք մեր ճշմարիտ հավատքին, քանի որ հեռանալով դրանից՝ մենք ճամփա ենք հարթում Տիրոջ զայրույթի ժայթքման...
Ով ականջ ունի լսելու, թող լսի... 
Մնամ միշտ աղոթող բոլորի խաղաղության, սիրո, եղբայրության և միասնականության համար:
Կոմիտաս վարդապետ Հովնանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել