Անհանգիստ օրեր էին սկսվել բովանդակ Հելլադայում։ Այն բանից հետո, երբ Զևս Սարգսյանը հայտարարել էր, որ պատրաստվում է ազատ հելլենների առջև դնել տիրանիայից ու բռնապետություններից հրաժարվելու և դեմոկրատիկ կառավարման անցնելու նախագիծը, որը պետք է հավանության արժանացնեն ազատների քվեարկության շնորհիվ, նոր հանդարտված Հելլադան նորից սկսեց փոթորկվել, հուզվել ու եռ գալ, որովհետև նույնիսկ ջախջախիչ պարտություններ կրելուց հետո շանթարձակ Զևսի ըմբոստ աստվածներն ու հերոսները չէին հաշտվում պարտության հետ և այս ամենում տեսնում էին Օլիմպոս 26-ի նոր դավադրություն։ Դեռ Պրոմեթևսն էր գուշակություն արել, որ Զևսը մի օր ցանկանալու է հավերժացնել իր իշխանությունը և դառնալու է Օլիմպոս 26-ի մշտնջենական տիրակալը, և այս գուշակությունն ի կատար էր ածվում։

Բարդ օրեր էին ըմբոստների համար։ Հադես Տեր-Պետրոսյանը մեկուսացել էր իր խավարչտին թագավորությունում ու ակտիվություն չէր դրսևորում վաղուց՝ իր հետևորդներին ուղղորդելու սուրբ գործի ողջ ծանրությունը թողնելով իր հավատարիմ հերոս Լեոնիդաս Մուտիտուսի վրա, ով, սակայն, չէր կարողանում փոխարինել Հադեսին և փոխարենը զբաղվում էր Աթենքի ակրոպոլիսում Ցիզալպիական Գալիայի հանձնաժողովին մեղադրելով Հելլադայի գլխավոր դատավորի կողմից 100 տաղանդ ոսկի կաշառք վերցնելու մեջ։

Անմխիթար էր նաև Հռոմում ծնված հելլեն Ռափիկիոսի ու նրա գահաժառանգների շարժման վիճակը, ովքեր նվաստացուցիչ ձախողում ապրեցին Զևսի ընտրությունների ժամանակ և այս օրերին մաքառում էին կիսամոռացության թմբիրներում։ Ակտիվության, թերևս, միակ կրողը կրկին Հռոմի հետ սերտ կապեր ունեցող Վեստայի քրմուհի Զառիուս Լաչառիկուսն էր, ով իր փխրուն ուսերի վրա էր վերցրել գահաժառանգներին ակտուալ պահելու ծանր բեռը, մինչ Ռափիկիոսն իր վիշտը խեղդում էր գինու կժերի մեջ։ Զառիուս Լաչառիկուսն այս առաքելության մեջ չլսված քայլի էր հանդգնել. Զևսի՝ Փռուգիա կատարած այցի ժամանակ մի խումբ բորոտավորների ու խելապակասների հետ նույնպես գնացել էր Փռուգիա ու խիստ ոչ աստվածահաճո վանկարկումներ էր արել Շանթարձակի հասցեին՝ հուսալով հաճոյանալ Հռոմի պատրիկներին։

Եվ այս խառնաշփոթի ու խռովության մեջ հույսի միակ ճրագը վառվեց ի դեմս Տրոյական պատերազմի կիսամոռացված հերոս Սեփիալտեսի։ Սեփիալտեսն ինքը Փյունիկիայից էր, թեև պնդում էր, որ հելլենական ծագում ունի։ Տրոյական պատերազմի ժամանակ նա այն սակավաթիվ հելլեններից էր, ով միացավ բովանդակ Հելլադայի կուռ զորքին, որպեսզի ազատագրեն Պրիամոս Ալիևի բիրտ ռեժիմի ճիրաններից անտիկ հունական հողերը։

Սեփիալտեսն ինքը բավականին վտիտ էր ու, ճիշտն ասած, մարտի դաշտում էլ առանձնապես բանի պետք չէր, բայց ժամանակները խառն էին, ու հեռավոր ափերում բնակվող հելլեններին քաջալերելու ու հունական բանակ գրավելու համար Սեփիալտեսին զինվորագրեցին սպարտական բանակ ու այս լուրը տարածեցին բովանդակ Հելլադայի բոլոր ծայրերում։ Էական չէ, որ Սեփիալտեսը ոչ մի բանով աչքի չընկավ պատերազմի ժամանակ։ Էական չէ, որ նրա հերոսական կերպարին օտար ափերում հաստատված հելլեններն էլ առանձապես չհավատացին։ Էականն այն է, որ Սեփիալտեսն ինքը հավատաց, որ ինքը մեծ հերոս և հմուտ ռազմիկ է ու Տրոյական պատերազմից հետո իրեն տվեց տարօրինակ քաղաքական ավանտյուրաների՝ տարեցտարի ավելի ու ավելի ընկղմվելով դավադիր Հռոմի ցանցերի մեջ, իրեն շրջապատելով վաղուց արդեն աչքը Հելլադայի վրա դրած արևմտյան այս հզորագույն տերության դրածոներով և ձեռնամուխ լինելով իր սև գործին։

Ու ժողովեց Սեփիալտեսը Հելլադայի բոլոր ընդվզողներին իր դրոշների ներքո և կուռ փյունիկյան ակցենտով հայտարարեց բոլորին, որ Զևսի օրերը հաշվված են, և Օլիմպոս 26-ը պետք է փակել, իսկ փակելու համար պետք է տապալել Զևսի առաջարկած Բովանդակ Հելլադայի կարգուկանոն փոխելու վերաբերյալ նախագծի համահունական քվեարկությունը։ Եվ ստեղծվեց այս ժողովի արդյունքում «Όχι»-ի (հունարեն «Ոչ»-ի) միասնական դաշինքը, որը դարձավ Պելոպոնեսյան նոր դաշինք։

Շատ մոռացված դրոշներ հավաքեց Սեփիալտեսն իր դրոշների ներքո՝ Լեոնիդաս Մուտիտուսից մինչև Ռափիկիոս Հռոմվայեցի, վաշխառու Եղնուկիոսից մինչև Վեստայի քրմուհի Զառիուս Լաչառիկուս և շատ այլ կերպարների, որոնք թեև հերոսներ չէին, բայց տարբեր հերոսների զինակիր ու աղախին էին եղել կամ էլ կուզենային լինել։ Ու չնայած նրան, որ Սեփիալտեսին չմիացան Զևսի հետ հաշտված Հեփեստոս Ծառուկյանի երբեմնի լեգիոնները, Սեփիալտեսենք լիահույս էին, որ հասարակ հելլեններին կգրավեն իրենց կողմը, եթե Հելլադայի պոլիսներում մայմունություններ անեն։ Ու երդվեցին Սեփիալտեսենք, որ չեն դադարեցնի իրենց պայքարը, մինչև հաղթանակի կամ էլ առաջին քոթակի չհասնեն և վերջնական աջակցություն ստանալու համար այցելեցին Հռոմի դեսպան Ռիչարդիուս Գլաբրոս Միլսինիուսին՝ ներկայացնելու իրենց ծրագիրը։

Մեծարգո Միլսինիուսը մի պահ շփոթվեց՝ իր պալատի դռների մոտ անլվաների այդպիսի ամբոխ տեսնելով, մի պահ անգամ մտածեց, որ Աթենքում սոված ապստամբություն է սկսվել, բայց, տեսնելով իր հավատարիմ Սեփիալտեսին, միանգամից սիրտը տեղն ընկավ, լսեց առաջարկը և ուրախությամբ տվեց իր համաձայնությունը՝ կարգադրելով ժամանածներին բաժանել նախորդ երկու բուռն խրախճանքից մնացած ուտելիքի մնացորդները՝ ի նշան իր բարյացակամության։

Քաջալերված այսպիսի օրհնությամբ՝ Պելոպոնեսյան նոր դաշինքն անցավ ակտիվ գործողությունների, բայց այս մասին՝ հաջորդիվ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել