Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արդեն շուրջ կես տարի շարունակվող Էրեբունու անձնագրայինի կեղծ անձնագիր տրամադրելու ու կաշառքի գործով քննության շրջանակներում լիովին համոզվեցի, որ Հայաստանի դատական համակարգն ինդիվիդուալ է ամեն հարցում, բոլորից տարբերվող ու բոլորից թատերականացված: 
Երբ դահլիճում բոլորը ներկա են՝ մեղադրող կողմը, ամբաստանյալները, պաշտպաններն ու այլոք: Դատավորը, նախապես տեղեկացված լինելով, որ նիստը հետաձգվելու է, քանի որ իրեն արդեն զանգահարել է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն ու տեղեկացրել, որ ամբաստանյալներից մեկի պաշտպանը, ով իրենց գրասենյակի փաստաբան է, շտապ պետք է գնա ԱԱԾ քննչական, քանի որ ժամերի հարց է, թմրամիջոցների (կոկաինի) գործով հարցաքննությանը պետք է որպես պաշտպան հանդես գա:
Այդտեղ լիքը հարցեր են առաջանում.
- Եթե դատավորը նախապես իրազեկված էր այն մասին, որ նիստը հետաձգվելու է, ապա ո՞րն է իմաստը, որ ցուցադրաբար բերում են վեց հատորանոց գործը: Հասկացանք, որ արարողակարգ գոյություն ունի, բայց ոչ այդ կարգի ցուցադրական:
- Ուրեմն վեց հայ ու մեկ ՀՀ քաղաքացի, ով ազգությամբ եզդի է, ամբաստանյալները հեչ, մի քանի օտարերկրյա «բառիգ» մե՞ջ:
- Հանրային պաշտպանի գրասենյակում չե՞ն կարողանում ճիշտ կազմակերպել աշխատանքային պրոցեսը կամ իրարից տարբերել առաջնային ու երկրորդական կարևորության գործերը, որ ոչ թե դահլիճում հազիվ «իրար գլուխ» կարողանան հավաքվել 15-16 հոգի՝ ամբաստանյալներ, այն էլ որոնցից մեկն արդեն շուրջ 10 ամիս է՝ կալանավորված է, պաշտպաններ, դատախազներ ու դատավոր, ու այդ օրվա նիստը ձախողվի, ինչ է որ հանրային պաշտպանի գրասենյակից որոշել են, որ այդ դատավարության պաշտպաններից մեկը պետք է շտապ մեկնի նախաքննության: Ի՞նչ է, գրասենյակում ուրիշ պաշտպան չկա՞ր, որ այդ ժամին պակաս կարևոր պրոցեսում ներգրավված լիներ, որ այդ մեկը հետաձգեին... Չե՛մ հավատում: Անշուշտ, ամեն մարդու համար իր գործն է ամենակարևորը, բայց հարցին նաև օբյեկտիվ է պետք մոտենալ:
- Մի նիստը ձախողվում է, որովհետև դատախազներն են «նեղանում» ու դահլիճից հեռանում, մյուս անգամ այս պատճառով է նիստը ձախողվում, երրորդ ու չորրորդ անգամ՝ այլ պատճառներով: Դե գնա ու ակամայից մի մտածիր, որ ամեն բան միտումնավոր է արվում, մտածված ու նպատակային է ձգձվում... Գուցե որ դատավորը փոխվի ու դատավարությունը զրոյից մեկնարկի՞... Քանի որ մարտ ամսից թոշակի անցնող դատավորը ֆիզիկապես չի հասցնի մինչ այդ գործն ավարտին հասցնել, այն պարագայում, երբ դեռ 12 վկա պետք է հարցաքննվի, վերոնշյալ ամբաստանյալները, բոլոր ճառերը, բոլոր ընթացիկ միջնորդությունները և այլն, և այլն: Իսկ ձգձգելու այլ ի՞նչ նպատակ կարող է լինել... Արդեն ամեն մարդ ինքը թող մտածի ու հասկանա...
Ինչևիցե, շոուն շարունակվում է... C’est la vie.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել