Չէ հա…
Դե գիտեք, «Այո և ոչ» ռեալիթի շոուն է սկսվելու: Վարիանտ չկար չիմանալու, լրահոսում ոնց ֆռում ես՝ դրա մասին լուրերն են: Ու, մեծ հաշվով, ապրի Կարեն Քոչարյանը, որ իր այդ մտահղացմամբ փորձում է «ջարդել» ստանդարտ ու նաև այդ պատճառով ձանձրալի քարոզարշավային կաղապարները: Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ արտահայտվել: 
Շոուի կազմակերպիչները, նույնպես հայտնի է, բոլոր կողմերին հրավիրել են: Ու այսօր մի տեղ, կոնկրետ «Հայկական ժամանակում» կարդում եմ, որ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին նախագիծը դուր է եկել, սակայն նա հրաժարվել է մասնակցել դրան՝ հայտարարելով, որ այդ կերպ կլեգիտիմացնի սահմանադրական փոփոխությունների գործընթացը: 
Չէ հա՞…
Դե, չի ուզում մարդը լեգիտիմացնել, հո զոռո՞վ չի: 
Բայց լուրջ, էլի, պետք է մի հատ հասկանալ: Կամ գոնե փորձել՝ հասկանալ: 
Այսինքն, երբ «Ոչ»-ի ճակատներից մեկի առավել նկատելի դեմքերից Լևոն Զուրաբյանը քարոզարշավում է հայրենի բնակավայրերով և քաղաքացիներին անում է կոչ, ասել՝ ոչ, նա այդպիսով արդեն չի՞ լեգիտիմացնում սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Իսկ, այ, եթե տեսախցիկների, նկարահանողների ու ռեալիթի շոուի ծրագրում ընդգրկված այլ մասնակիցների հետ քարոզարշավի և տարբեր բնակավայրերում քաղաքացիներին անի կոչ, ասել՝ ոչ, ապա կլեգիտիմացնի՞ նույն այդ գործընթացը: 
«Այո»-ի ու «Ոչ»-ի հարցում դիրքորոշումները, ենթադրենք, պարզ են: Ավելի լավ է, ասեք, թե ուր մնաց տրամաբանությունը: Լեգիտիմ, թե չլեգիտիմ: Ո՞ւր մնաց: Ո՞ր քվեատուփում:
Չեք ուզում մասնակցել, ինչպես ասվում է՝ ձեր գործն է, ստիպողական չէ, հեռուստադիտողները մի կերպ կդիմանան (նմա՞ն բաների են դիմացել): Բայց էլ միք էլի՜… գիտահետազոտական-միտահետազոտական, լեգիտիմ-մեգիտիմ: 
Չնայած, ինչ-որ տեղ բնութագրական է: Ի վերջո, նույն ՀԱԿ-ի նույն լիդերներն ասում են, թե առաջարկվող փոփոխությունների նախագծի բովանդակային քննարկման մեջ չեն մտնելու: Բայց ուզում են բանավիճել: Այսինքն, հրավիրվել բանավեճերի, քննարկումների: Իսկ ինչի՞ շուրջ բանավիճել, վիկո՛նտ, եթե քննարկման բուն նյութը կոնկրետ փաստաթղթի նախագծի բովանդակությունն է: 
Ակամայից Երվանդ Օտյանի հանրահայտ Փանջունուն հիշեցի.
«Օր մը թվաբանության խնդրի մը մասին վեճ ունեցավ իր դասընկերներեն մեկուն հետ:
-Հինգ անգամ հինգ՝ քսանըհինգ կընե,-կըսեր ընկերը, որ ողջամիտ տղա մըն էր և որ հետո հարուստ վաշխառու մը եղավ:
-Չէ՛,-կը համառեր Փանջունի,-հինգ անգամ հինգ՝ հիսուն կընե:
-Ո՛չ, քսանըհինգ կընե:
-Հիսուն կընե:
Մյուսը տեսնելով որ դժվար, ի՜նչ կըսեմ անկարելի է խոսք հասկցնել Փանջունիի և չուզելով անօգուտ կռիվի մը տեղի տալ, հաշտարար հոգիով մը պատասխանեց.
-Լա՛վ, ես թո՛ղ այնպես գիտնամ թե՝ քսանըհինգ կընե, դուն ալ այնպես գիտցիր թե՝ հիսուն կընե, ու ա՛լ չխոսինք այդ մասին ու երթանք միատեղ գնդակ խաղանք:
-Չըլլար,-պնդեց Փանջունի,-պետք է որ նախ համոզվիս թե հինգ անգամ հինգ հիսուն կընե:
-Այդ անկարելի է:
- Անպատճառ պետք է որ քեզ համոզեմ,-շարունակեց մեր հերոսը, հետզհետե բորբոքելով:
-Երբեք չեմ կրնար համոզվիլ և դուն ալ երբեք չես կրնար ապացուցանել ըսածդ,-պատասխանեց ապագա վաշխառուն:
-Չեմ կրնար ապացուցանե՜լ, չեմ կրնար ապացուցանե՜լ,- մռնչեց Փանջունի,- ա՛ռ քեզի համոզիչ ապացույց մը:
Եվ գետնեն քար մը առնելով իջեցուց խոսակցին գլխուն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել