Ընդամենը մեկ շաբաթ առաջ, երբ Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով Թբիլիսիում էր, ադրբեջանական իշխանամերձ մամուլը հայտարարեց, որ իբր այդ օրերին Վրաստանում չէ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, հետևաբար նա խուսափել է Ալիևի հետ հանդիպելուց: Միաժամանակ կայքերից մեկը Վրաստանի վարչապետին «պարսավանքի» ենթարկելու մտադրությամբ հիշեցրել էր, թե ինչպես դրանից ընդամենը մի քանի օր առաջ Իվանիշվիլին հանդիպել էր Հայաստանի նախագահին, ոչ միայն հանդիպել, այլև նրա կողքին էր եղել Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու վերաօծման արարողության ամբողջ ընթացքում: Կայքի ակնարկը պարզ էր` Ադրբեջանն ու Վրաստանը ռազմավարական դաշնակիցներ են, մինչդեռ դուք… և այլն:

Ստախոսը սովորաբար մեկ ստով չի բավարարվում, և ահա նույն կայքն ասում է երկրորդ սուտը. իբր ոչ թե Իվանիշվիլին է խուսափել Ալիևի հետ հանդիպելուց, այլ Ադրբեջանի նախագահը չի կամեցել տեսնել Վրաստանի նախկին վարչապետին, ում կայքն անվանել է «բազմադեմ» գործարար քաղաքական գործիչ: Սեփական նախագահին քծնելու լավ ավանդույթ ունեցող կայքը շատ արագ ընկնում է ինքնամոռացության գիրկը և Ալիևի վրացական այցը լուսաբանող հոդվածներից մեկը վերնագրում «Իլխամ Ալիև. գնաց, տեսավ, հաղթեց»: Իբր` Ադրբեջանի ներկայիս նախագահի այցն այնքան հաջողված էր, որ նա երկու օրում կարողացավ կարգավորել երկու երկրների միջև եղած բոլոր կնճռոտ, այդ թվում` իրանական գազը վրացական շուկա հասցնելու հարցերը: Եվ միայն երեկ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մամուլին հայտնել է, որ այդ օրերին ինքն Ալիևի հետ լավ էլ հանդիպել է և «շատ հետաքրքիր» զրույց ունեցել, ավելի հետաքրքիր, քան «Գազպրոմի» թեման:

Ադրբեջանական կայքն ստիպված այս լուրը զետեղել է իր լրահոսում: Բայց լուրն այսօր շարունակություն է ունեցել: Արտատպելով «Վրաստանի նորություններ» կայքի նյութը՝ ադրբեջանական կայքը Բիձինա Իվանիշվիլիին այս անգամ «գորշ կարդինալ» է անվանել, և ահա թե ինչու. Իվանիշվիլին հայտարարել է, որ մեծ հավանականությամբ իրանական գազը կմատակարարվի Վրաստան: Նրա կարծիքով՝ շատ կարևոր է Իրանի հետ հաստատել առավելագույնս ամուր և սերտ առևտրային հարաբերություններ: «Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը, իմացե՛ք, մեզ շատ հարկավոր են»,- ասել է Իվանիշվիլին և հավելել, որ կառավարության անդամների հետ ինքը ևս ակտիվորեն աշխատում է տնտեսության բոլոր ուղղություններով: «Ես ոչ մի բան չեմ կառավարում, բայց այն ամենին, ինչը կապված է տնտեսության հետ, եռանդով մասնակցում եմ»,- եզրափակել է Իվանիշվիլին:

Նրա խոսքով՝ ինքն այդ բանակցությանը մասնակցում է բիզնեսմենի կարգավիճակով: Այս ամբողջ ադրբեջանական լրատվական շիլա-փլավից պարզ է դառնում գոնե մի բան` իրանական գազը հասցվելու է Վրաստան, և այս պնդման հեղինակը ոչ թե էներգետիկայի նախարար Կալաձեն է կամ այլ ոք, այլ Բիձինա Իվանիշվիլին է, մի փաստ, որը հիմնովին փոխում է իրերի դրությունը: Ա՛յ ադրբեջանական կայք, բա ո՞ւր մնաց «գնաց, տեսավ, հաղթեց»-ը, ո՞ւր մնացին ադրբեջանական գազի գրեթե անսպառ լինելու հայտարարությունները… Իրականում մնաց լոկ ստի տոպրակը, որն առաջիկայում ևս մեզ նորանոր «անակնկալներ» կարող է մատուցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել