ՀՀ մշակույթի նախարարության առաջարկով կառավարության առաջիկա նոյեմբերի 12-ի նիստի օրակարգ է ներառվել սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարկետումը մինչև 2016թ. ձմեռային զորակոչը երկարաձգելու որոշման նախագիծը: Նախարարությունը հաշվի է առել երաժշտական-կատարողական արվեստի բնագավառում Հ. Առաքելյանի ցուցաբերած բացառիկ ընդունակությունն ու խոստումնալից ապագան, միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքը, հայ երաժշտարվեստը Հայաստանում և արտերկրում ըստ արժանվույն ներկայացնելու գործունեությունը, ինչպես նաև մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները, հայկական երաժշտական արվեստը երիտասարդ կատարողներով համալրելու անհրաժեշտությունը:

Երիտասարդ երաժիշտը ծնվել և բնակվում է Երևանում, սովորել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանի դասարանում: 2005թ. կատարելագործվել է Գերմանիայում՝ աշակերտելով աշխարհահռչակ սաքսոֆոնահար, պրոֆեսոր Դանիել Գոթիեին: 2009 թ-ին Հ. Առաքելյանն ընդունվել է Քյոլնի բարձրագույն երաժշտական դպրոց:

2004թ. սկսած՝ պատանին մրցանակային տեղեր է զբաղեցրել Իտալիայում, Գերմանիայում, Հայաստանում, Ֆրանսիայում տեղի ունեցած տարատեսակ մրցույթներում: Նա տարբեր տարիների եղել է Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական, Նաում Գուզիկի, «Արամ Խաչատրյան» և այլ հիմնադրամների, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի կրթաթոշակառու:

Հայրապետ Առաքելյանը մշտապես ելույթ է ունեցել թե՛ Հայաստանում, թե´ միջազգային տարբեր բեմահարթակներում՝ նպաստելով հայ երաժիշտների միջազգային ճանաչմանը: 2015- 2016թթ. նախատեսվում են երիտասարդ երաժիշտ-կատարողի ելույթները մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթներում, ինչպես նաև համերգային շրջագայություն Ռուսաստանում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Լեհաստանում, Չինաստանում և այլուր:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության առաջարկությամբ կառավարության նույն նիստի օրակարգ է ներառվել երկրի ձյուդոյի ազգային հավաքականի անդամ, մինչև 66կգ քաշային կարգում հանդես եկող Ֆերդինանդ Կարապետյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2018թ. ձմեռային զորակոչը տարկետում տալու որոշման նախագիծը:

23-ամյա մարզիկը 2013թ. Ռուսաստանի Դաշնության ձյուդոյի առաջնությունում գրավել է 2-րդ տեղը: 2015թ. հոկտեմբերի սկզբին Ֆ. Կարապետյանը Տաշքենդում կայացած «Գրան պրի» միջազգային մրցաշարում տարել է երեք հաղթանակ և գրավել 7-րդ տեղը, ինչը տալիս է հաջորդ տարի Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունենալիք օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային միավորներ: Ֆ. Կարապետյանը պատրաստվում է մասնակցել 2017- 2018թթ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:
Կառավարության դրական որոշման դեպքում տաղանդավոր երիտասարդները հնարավորություն կունենան իրենց երկիրը ներկայացնել միջազգային ասպարեզում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել