Ամպերը եթերայնության իրենց գագաթնակետին են: Երկիրը ցնծում է սեփական երազների մաքրությունից: Ինչ հրաշալի է օդը` խաղաղությամբ պսակված: Ցավագին անհաս է թվում անգույն կատարյալը: Հայացքս կանգ է առնում ամեն եզրում` որպես անկուշտ, մոլեգնած մի անծանոթ: Արևը միայն ոսկեզօծում է մթնշաղը: Հույզերը կլանել են ամբողջ երփներանգը: Փրկությունը տրվելն է այս խենթությանը, իրականը գլորվել է դրա մաքրությանը... Կաթնագույն ... ծանոթ-անծանոթ հավերժություն... Խոնարհվում եմ քեզ, շնորհիր քեզ ինձ:
Աչքերս փակում եմ, որ երազներս չպատռվեն կեղծիքի փոշոց: Ես փախչում եմ անծայրածիր կաթնագույն: Այստեղ պայարը հալված է, պարգևը տիրող լռությունն է: Կաթնագույնով շղարշված` ամենը թվում է անորոշ, խամրած: Այս հույզերն են կորցրել իրենց հույսերը, ես էլ կորցրել եմ իմ հույզերը: Անհատակ կաթնագույնը անէացրել է ամբողջը, ինչ կրում էր հոգիս` որպես հնացած հուշերիս հանգրվան: Դատարկությունը խմում է լուռ աղերսանքներս,էլ կանչ չունեմ, էլ շունչ չունեմ, էլ երգ չունեմ...
Սերդ սփփռել եմ կաթնագույնիս, որտեղ այն պիտի արթնանա, ծիլեր տա, շողա, այն պիտի փոթորկվի ու ետ դառնա` փոթորկելու մոլեգնած մենությունս: Կարոտներս հրամցրել եմ կաթնագույնիս մոռացված անկյունները լուսավորելու, այժմ խաղաղությունն եմ բաշխում հեռու եզրերին, որ կարդաս կաթնագույնիս միալար թախիծը, այն, որ առանց քեզ էր, կարծում եմ, անշունչ էր, ինչպես էլ գոյատևում էր....

Առնելա Այվազյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել