Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկ տրամադրելու համաձայնագիրը: Փաստաթղթին հավանություն տալու հարցը ներառված է ՀՀ կառավարության առաջիկա նոյեմբերի 12-ի նիստի օրակարգ:

Համաձայնագրով նախատեսվում է Եվրոպական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 40 մլն ԱՄՆ դոլարի վարկ` «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման համար:

Դրա նպատակն է երկրի ոռոգման համակարգերի արդիականացումը և ջրօգտագործողների միավորումների (ՋՕՄ) ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը: Ծրագրով նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, ինչպես նաև ավելացնել ՋՕՄ տեխնիկական հագեցվածությունը:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.
-մեխանիկական ոռոգման համակարգերի փոխարինում ինքնահոսով,
-հիմնական և միջտնտեսային ջրանցքների վերականգնում,
-ՋՕՄ ներտնտեսային ոռոգման համակարգերի արդիականացում,
-ծրագրի կառավարում, ՋՕՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:

Ըստ վարկավորման պայմանների`
-վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալը` 10 տարի,
-ամրագրված տարեկան տոկոսադրույքը` տարեկան 2 տոկոս,
-նախնական միանվագ կոմիսիոն վճարը` վարկի գումարի 0,5 տոկոսը:

Գյուղատնտեսության և դրան առնչվող ենթակառուցվածքների զարգացումն էական նշանակություն ունի ՀՀ տնտեսական ակտիվության և աճի համար: Կայուն և որակյալ ջրամատակարարման ապահովումը, ինչպես նաև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն էապես կնպաստեն գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, արտադրանքի արտահանման ծավալի աճին: Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՀ կառավարությունը մտադիր է համաձայնություն տալ վերը նշված համաձայնագրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել