Հիշո՞ւմ եք, երբ քաղաքում գերբեռնվածության պատճառով մի քանի երթուղային տաքսի շուռ եկան, անհապաղ որոշում կայացվեց անխնա տուգանել այն վարորդներին, որոնք մեքենայի մեջ կանգնած ուղևոր կտեղափոխեն: Մեր անձնուրաց ՃՈ աշխատակիցները մի քանի օր շարունակ հսկում էին քաղաքի փողոցներում սլացող երթուղային տաքսիներին, որոնց վարորդների լեքսիկոնն այդ օրերին համալրվեց «Կզեք, անցնենք» արտահայտությամբ, որն ուղղված էր երթուղային մեջ կանգնած ուղևորներին ՃՈ մեքենա տեսնելիս: Բնականաբար, քաղաքացիների անվտանգությունը մի քանի օր անց սկսեց ուղիղ համեմատականով հարվածել գծատերերի գրպանին: Մի քանի մեսիջ, մի քանի ուտուշ-խմուշ, և մեր անձնուրաց ՃՈ-ան աշխատակիցները մոռացան ընդամենը մի քանի օր առաջ կայացված որոշման մասին: Մինչ օրս էլ երթուղային տաքսների վարորդներն ուղևորներին տեղափոխում են ոչ թե մեքենայի նստելատեղերի քանակին, այլ մեքենայի ծավալին համապատասխան՝ «Նա սիպ» սկզբունքով (ծերունիներն ասում են, որ եղել են երթուղային տաքսու մեջ, որում եղել են միանգամից ևս 27 ուղևոր: Ասում են...): Հավանաբար անձնուրացների ակնոցների մգեցվածության պատճառով, կամ էլ գծատերերի հորդորով այդ ամենը դարձավ անտեսանելի:
Հետո ներմուծվեց ամրագոտու (մեր քաղաքում երթևեկողների համար լրիվ անիմաստ) ինստիտուտը: Այս անգամ մեր անձնուրաց ՃՈ աշխատակիցները, գիշեր-ցերեկ մտածելով մեր անվտանգության մասին, սկսեցին անձնուրաց հետևել վարորդների կրծքավանդակի հատվածին: Վայ-ն եկել տարել էր այն վարորդներին, որոնք մի պահ անտեսել էին սեփական անվտանգությունը և ամրագոտին չէին կիրառել: Անձնուրաց ոստիկաններն անմիջապես տուգանում էին 5000 դրամով՝ սեփական կյանքի վրա թքած ունեցող վարորդին՝ իրականում պատճառ դառնալով տվյալ վարորդի նյարդային համակարգի խանգարմանը: Ամենաանձնուրաց ոստիկանները տուգանում էին անգամ ժամերով խցանումների (ի դեպ, խցանումների հիմնական հովանավորները հենց իրենք էին ու իրենց կողմից սպասարկվող անիմաստ շարասյունները, որոնք յուրաքանչյուր պատեհ կամ անպատեհ առիթներով կաթվածահար էին անում քաղաքի երթևեկը) մեջ ամառվա 40 աստիճան շոգի պայմաններում համարյա կաթվածահար, ամրագոտի չկապած վարորդներին: Ի դեպ, փող աշխատելու այս ռեալ միջոցը գործում է մինչ օրս:
Չի կարելի անտեսել նաև անձնուրացների պայքարը հարբած վարորդների դեմ, որոնք անձնուրացների հետ հանդիպումից հետո, 10000 դրամ կորցնելով, տեղում սթափվում են և շարունակում իրենց վտագավոր երթևեկը: Վերջին տարիներին լայն տարածում ստացան նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու խոպանչի, ռոմանտիկ անձնուրացները, որոնք անձնուրացաբար կանգնեցնում են 30 կամ 50 կմ/ժ արագությունը գերազանցողներին, և առանց այդ էլ նեղ փողոցը համարյա թե փակելով՝ սկսում են սակարկություններն օրինախախտ վարորդների հետ:
Մի քանի ամիս առաջ գրանցվեցին մահվան ելքով մեքենաների մեջ տեղադրված գազի բալոնների մի շարք պայթյուններ: Այդ օրերին խոսվում էր անհապաղ գազի բալոնների վերահսկողությունը խստացնելու մասին: Ես ինքս այսօր իմ մեքենայում տեղադրված գազի բալոնը տարել էի ստուգման: Ընդհանուր պրոցեսը տևեց ընդամենը մեկ ժամ, ես վճարեցի 12,000 դրամ: Բանից պարզվում է, որ քաղաքում 4 նմանատիպ մասնագիտացված կենտրոններ կան, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են ստուգել և լվանալ ձեր մեքենաներում տեղակայված բալոնները: Մի քանի ամիս առաջ տրանսպորտի և էկոնոմիկայի նախարարությունները փորձել են հարցը կարգավորել, բայց, զգալով, որ մեջը փող չի մնում, մինչ օրս հարցն իրար վրա են գցում: Առաջարկ է եղել անգամ բացի 12000 ֆիքսված գումարից պարտադրել վարորդներին նաև 5000 դրամ վճարել տրամադրվող փաստաթղթի դիմաց (անիմաստ մեքենաների տեխզննման համար գանձվող գումարների կուտն ուտելուց հետո վարորդներին նոր էշություն պարտադրելը պորտաբույծ իշխանական չինովնիկների համար խնդիր չի): Լաբորատորիաների տերերը դեմ են եղել այդ անիմաստ նորամուծությանը, և այս հարցը մնացել է օդից կախված: Ահագին ժամանակ չկա պայթյուն, չկա մահ, անցած միջադեպերը կարելի է մոռանալ:
Դիմապակու թաղանթների հարցն իրոք որ շատ տեղին է ու շատ կարևոր: Այն երկընտրանք չունի: Միանշանակ, թաղանթները պետք է հեռացնել: Սա իրոք անհրաժեշտություն է բոլորի համար՝ և՛ հետիոտնի, և՛ վարորդի: Բայց ինչքան վարորդներն են մեղավոր, որ իրենց մեքենաների դիմապակիները թաղանթապատել են, այնքան էլ մեղավորություն են կրում այդ ծառայություն մատուցողները: Տրամաբանական է, չէ՞, որ թմրանյութ օգտագործողն էլ է մեղավոր, վաճառողն էլ: Ուրեմն այս դեպքում ևս պետք է պատժել նման ծառայություններ մատուցողներին ու ընդհանրապես արգելել թաղանթների ներմուծումը։ Կրկին հասանք ձուկը գլխից բռնելուն, բայց, ավաղ, հենց այստեղ էլ մեր պատմությունը կավարտվի, որովհետև համ ձկան գլուխն են իրենք, համ հետո այդ գլխին «նեխած» պիտակավորում տվողները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել