ՆԱՏՕ-ի միջազգային աշխատակազմի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Շտեֆան Էլգերսմանը նոյեմբերի 9-ին Երևանում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ համագործակցության կարմիր գիծ իր կողմից չունի: Նա արձանագրել է, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի հետ, և իրենք այդ համագործակցությունը բարձր են գնահատում:
Սա հայտարարություն է, որն առաջին հայացքից վկայում է այն մասին, որ ՆԱՏՕ-ն Հայաստանի ՀԱՊԿ-ին անդամակցության փաստը չի դիտարկում որպես Հայաստանի հետ համագործակցության խոչընդոտ:
Մյուս կողմից, սակայն, ուշագրավ է մեկ այլ հայտարարություն, որ արել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան: Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն կզսպի՞ իր անդամ Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները՝ պաշտոնյան հայտարարել է, թե տրամաբանական է, որ Թուրքիան ունի իր հավակնությունները, քանի որ Հարավային Կովկասին ամենամոտ գտնվող ՆԱՏՕ-ի անդամ երկիրն է: Այս հայտարարությունն, ըստ էության, շատ էական մեսիջ է Հայաստանին, որի համար, ինչպես հայտնի է, առանցքային նշանակություն ունի «թուրքական վտանգ» հասկացությունը:
Ավելին՝ հաշվի առնելով այդ հասկացության կոնտեքստում նաև հայաստանյան հասարակական-քաղաքական վերնախավի այսպես ասած «ռուսական հովանոցի» կրեդոն՝ դրանից բխող տարածաշրջանային իրողություններով, «թուրքական վտանգը» դառնում է ռեգիոնալ անվտանգության համակարգի բնույթի և ուժերի հարաբերակցության կանխորոշիչ գործոն: Եվ այս տեսանկյունից ՆԱՏՕ-ի պաշտոնյան, մի կողմից հայտարարելով, որ դաշինքը Հայաստանի հետ հարաբերություններում կարմիր գիծ չունի, մյուս կողմից ըստ էության արձանագրում է, որ Հարավային Կովկասում «թուրքական վտանգի» գործոնը հաղթահարելու համար Հայաստանն էլ պետք է կարմիր գիծ չունենա ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել