Այսօր ֆեյսբուքյան ընկերներից մեկի հետ ունեցած գրային կապի արդյունքում կրկին վերարծարծվեց այն հարցը, թե որքանո՞վ նպաստավոր եղավ քրիստոնեությունը մեզ՝ հայերիս համար։ Ամեն անգամ նույն միտքն է ծագում, նույն հարցը՝ արդյո՞ք կրոնն էր մեղավորը, որ մենք եղանք այնպիսին, ինչից դժգոհ ենք, թե մենք չեղանք այնպիսին, ինչպիսին պարտավոր էինք լինել... 

Ճշմարտություն է, որ մենք երբեք ազգային ծրագիր չունեցանք, ոչ Քրիստոսից առաջ, ոչ՝ հետո և ոչ հիմա։ Այս միտքը մեզ պիտի առաջնորդի այնտեղ, որ ոչ թե քանդենք հետո շինենք, այլ ինչպես Քրիստոսն էր ասում. «ես չեկա վերացնելու, այլ կատարյալ դարձնելու»։ Մեզանից շատերն այսօր տրված են միայն քանդելու մտադրությանը, սակայն ոչ երբեք ունեցածը պահելով դարձնել այնպիսին, որ այն հօգուտ մեզ գործի։ Ինչպե՞ս կարողացանք քրիստոնեությունից օգտվելով ստեղծել մեր մշակույթը, արվեստը։ Հազար տարի պետականություն չունենալով՝ պահել մեր ազգային յուրահատկությունները։ Մեր ցավը ոչ թե քրիստոնեության մեջ է, այլ մեր եսակենտրոնության։ Մեզանից ամեն մեկը մտածում է իր մաշկի, անհատական շահի, փառքի մասին, ոչ թե հավաքական առաջխաղացման մասին։ Այսօր քիչ չեն այնպիսիները, որոնք պարզապես քննադատում են Աստվածաշուչը՝ համարելով այն ջհուդական, հրեական, ոմանք ասում են, թե նրանք այդ բոլորը սրանից-նրանից հավաքեցին, ստեղծեցին իրենց կրոնը, և մենք էլ կուրորեն գնում ենք այդ կրոնի հետևից։ Լավ, նրանք նույնիսկ այդ դեպքում արեցին մի բանը, որը աշխատեց հօգուտ իրենց ազգային հավաքականության, իսկ ի՞նչ ենք անում մենք։ Նրանք ձևավորեցին տասանորդի գաղափարը, որ նշանակում էր՝ ամեն մի անձ, որ շահում է, իր շահի տասը տոկոսը պարտավոր էր և է վճարել ազգային տուրք, որը մի ժամանակ կոչվում էր վճարել տաճարի տուրք, հիմա այն կոչվում է Դվիթի տուրք։ Նրանք հասկացան՝ առանց դրամի ոչինչ չի իրականանա։ Մենք գաղափարախոսությունների մեջ ենք փնտրում մեր հաջողությունը։ Հաջողությունը գործնականում են ձևակերպում և ոչ՝ տեսականորեն։ Մենք չունենք ոչ մեկ նպատակ, ազգային իմաստով, մենք չունենք ոչ մի հավատամք՝ ազգայինի համար ձևավորված, մենք չունենք գործունեության հստակ ծրագիր, բայց ունենք ամեն միջոց՝ իրարից բաժանվելու, իրար նկատմամբ թշնամանալու, իրար ատելու։ Իսկ այս բոլորը խոսում է այն մասին, որ մեզ համար ամեն ինչի ձևն է կարևորը և ոչ՝ բովանդակությունը։ Որքանո՞վ ենք մենք այսօր ծանոթ քրիստոնեության ազգապահպան գաղափարներին, որքանո՞վ են մեզ ծանոթ Հին Կտակարանյան պատվիրանները, որ մեզ սովորեցնում էր՝ զավակիդ դաստիարակիր այնպես, որ քո ժողովրդի մեջ ոչ մի տականք չլինի։ Ինչո՞ւ չենք իրականացնում այս պատվիրանը։ Տականքների մի ամբողջ բանակ է ձևավորվում, ինչո՞ւ, որովհետև քանդեցինք մեր հավատքի հիմքերը, արմատախիլ արեցինք մեր ազգային արժեքները, ավանդությունները և տեղը ոչինչ, ցավոք, ոչինչ չդրեցինք։ Ինչո՞ւ, որովհետև խոհեմությունը պակասում է մեզ, անհատական խոհեմության մասին չէ խոսքը, այլ՝ հավաքականի։ Ազգը ինչքան էլ անհատների հավաքականություն է, սակայն եթե այդ անհատները չմիավորվեն, նրանք համարժեք են ամբոխային վիճակի, իսկ ամբոխից ազգ չի ձևավորվում։ Մեզ հարկավոր է ազգ լինել։ Եվ մենք փոխանակ այդ մասին մտածելով միասնականության շաղախը զորացնելու, ամեն ինչ անում ենք այն տկարացնելու համար։ Նայեք՝ ինչ է կատարվում այսօր Սրբազան Հայոց աշխարհում։ Շահամոլների մի ամբողջ մարտահրավեր, ամեն մեկը իր պատառի համար պատրաստ է դիմացինի կոկորդը կրծելու։ Ամեն մեկի համար իր գրպանի սահմանները պահպանելն է կյանքի նպատակը և ոչ երկրի սրբազան սահմանները։ Ինչո՞ւ, որովհետև մարդու միջից եթե վերացրեցիր սրբության գաղափարն ընդհանրապես, նրա համար ոչ մի արժեք այլևս նշանակության չունի։ Մենք այսօր լծված ենք այդ գործին։ Ամեն մի խմբակ, իր փոքրիկ «բանակը» ստեղծած, նպաստում է մեր միասնականության քայքայմանը։ Նայեք՝ նույն անկախություն ստեղծած Վրաստանում ոչ միայն աղանդները չեն գրանցվում, այլ նույնիսկ Հայ Առաքելական եկեղեցին, որի անդամ են եղել նրանք մինչև 607թ. Կյուրոն պատրիարքի ժամանակ, այսօր չեն գրանցում, քանի որ որպես ոչ քաղկեդոնական եկեղեցի մեզ նկատում են, ոչ իրենց նման։ Իսկ մենք, մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Նայեք մեր ցուցատախտակներին։ Չգիտեմ աշխարհում այնպիսի մի ազգ, որն ինքն իրենից այնքան ալերգիկ լինի, որքան մենք մեզանից։ Մաքուր հայերեն խոսելը համարվում է անպատվություն, քաղաքը մաքուր պահելը՝ «հարիֆություն» (առանց իմանալու, որ հարիֆ-հերիֆ թուրքերեն մարդ է նշանակում), իրար զիջելը՝ փոքրոգություն, ներողամտությունն իրար նկատմամբ՝ ապուշություն և նման բազում անմիտ, անհիմն բաներ, որոնք մեզ իրար նկատմամբ դարձնում են թշնամի։ Արդյոք այս բոլորի պատճառը մեր քրիստոնյա լինե՞լն է, ոչ և կրկին անգամ ոչ։ Կարիք չունենք մենք մեզանից դուրս մեզ փնտրելու։ Ամեն մի գաղափարախոսություն իմաստ և արժեք է ունենում, եթե գործերով են դրան կյանք տալիս, իսկ խոսքերով կյանքի կոչված ոչ մի գաղափար իմաստ չի ունենում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել