Եթե Դուք ֆեյսբուքյան օգտատեր եք և ոչ մի բանից չեք նյարդայնանում, ապա Ձեզ հետ ամեն բան նորմալ չէ :))))

Այսօր փորձում էի պարզել, թե մեր վիրտուալ ընկերների կատարած որ գործողություններից ենք մենք ամենից շատ նյարդայնանում: Ցուցակը մտովի կազմելիս արդեն հասկացա, որ ավելի հեշտ կլիներ գրել այն մասին, թե ինչը չի նյարդայնացնում: Եվ այսպես, մենք նյարդայնանում ենք…

…ինքնալայքումից

Եթե ինչ-որ միտք եք արտահայտել, ապա դա նշանակում է, որ արդեն իսկ հավանում եք այն, եթե դրանով կիսվել եք մյուսների հետ: Դե իսկ սեփական նկարները լայքելն ավելի շուտ նման է նարսիցիզմի վերջին՝ անբուժելի փուլին: Մի արեք այդպես:

…քոմենթահարույց ստատուսներից

«Ինչի՞ հենց իմ հետ պիտի սենց բան պատահեր…», «Մնաց 562 օր…», «Էսօր էն օրն ա, երբ…»: Նկատել ե՞ք, որ նման ստատուսները միշտ բազմակետով են ավարտվում՝ ինտրիգն էլ ավելի սրելու համար: Հավատացեք՝ ոչ ոքի հետաքրքիր չեն նման ստատուսները:

…սուտ check in-ներից

Եթե դուք տանը նստած թեյ եք խմում, պետք չէ check in լինել քաղաքի լավագույն սրճարանում կամ փաբում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե Դուք հիանալի ժամանակ եք անցկացնում: Երբեմն ավելի լավ ժամանակ կարելի է անցկացնել տանը՝ նույն թեյի բաժակի շուրջ:

…twitter-յան sync-ից

Մարդիկ նյարդայնանում են նման գրառումներից, պետք չէ սոցիալական ցանցերը խառնել իրար: @լուրջ @եմ @ասում, @yerevan @2014

…թագամորթոցուց

Նախկինում տոն օրերի նախօրեին մարդիկ լցվում էին տոնական տրամադրությամբ, իսկ հիմա օրեր առաջ ստիպված ենք լինում ստատուս գրել և խնդրել ընկերներին չթագել մեզ տոնածառների, հավկիթների, ծաղիկների և այլնի վրա: Ինձ թվում է՝ ոչ մեկին հաճելի չէ 250 այլ մարդկանց հետ միասին թագվել այն նկարների վրա, որտեղ ինքը չկա:

…հանրային սիրաքստիկից

«Իմ 65-րդ ընկերուհի, ես ուզում եմ, որ ամբողջ աշխարհն իմանա, որ դու իմ կյանքն ես, առանց քեզ ես կմեռնեմ, մինչև քեզ իմ կյանքն անիմաստ էր, դու իմ կեսն ես»: Եվ սա այնքան ժամանակ, մինչև 65-րդի հետ վիճում է: Իսկ հետո՝ «Իմ 66-րդ ընկերուհի, ես գժվում եմ քո համար, բլաբլաբլա»:

…անիմաստ հրավերներից

«Ի՞նչ է լինելու քո առաջնեկի անունը», «Ե՞րբ ես մահանալու», «Ո՞վ է քեզ համար խենթանում»

Էլ չեմ ասում բազմապիսի խաղերի հրավերների մասին: Իհարկե գովելի է, որ այնքան ազատ ժամանակ ունեք, որ խաղեր եք խաղում կամ հետաքրքրված եք Ձեր առաջնեկի անունով, բայց խնդրում ենք՝ մի ուղարկեք հրավերներ. նա, ով նույնպես կհետաքրքրվի, առանց Ձեր հրավերի կմտնի:

…լայքամուրանքից

«Որ խնդրեմ՝ կլայքե՞ք», «Շատ եմ խնդրում, շատ կարևոր է, կյանքի և մահու հարց է, մտեք և լայքեք իմ նկարը, որպեսզի ես շահեմ մեկ սրճեփ», «Լավ էլի, մեր էջը լայքեք, չեք փոշմանի»

Առանց մեկնաբանության:

…ստատուսակռվից

«Դու չպետք է ինձ հետ այդպես վարվեիր…»

«Դու ես մեղավոր…»

«Ստոր, սրիկա, իսկ ես քեզ սիրում էի…»

«Մոռացիր ինձ»

«Դու կայրվես դժոխքի կրակներում»

Լավ, մի՞թե չի կարելի հասուն մարդկանց նման նստել և զրուցել: Մի՞թե հաճելի է, երբ Ձեր բոլոր ընկերներն ականատես են լինում, թե ինչպես եք Դուք նվաստանում և հարաբերություններ պարզում ստատուսների միջոցով:

…ուտելիքի-խմիչքի նկարներից

…եթե միայն դրանք արված չեն որևէ էկզոտիկ ռեստորանում կամ ափսեում խորոված խավարասեր չէ: Ախր ձվածեղներ և տապակած կարտոֆիլներ բոլորս ենք տեսել, բոլորս ենք խմում թեյ կամ գարեջուր, դրանցով ոչ ոքի չես զարմացնի:

…զուգարանային սելֆիներից

Մեզ հետաքրքիր չի տեղեկանալ, թե ինչ հաճախականությամբ եք հոգում Ձեր բնական կարիքները՝ չմոռանալով անմահացնել այդ պահը զուգարանի հայելու առջև: Էլ չեմ ասում, որ սրճարանների զուգարաններում մարդիկ հաճախ մի ամբողջ ֆոտոսեսիա են կազմակերպում:

…ընկերուհիների մուսի-պուսի մեկնաբանություններից

«Իմ հրաաաաաշք», «Իմ գանձ, գեղեցկուհի ես», «Քո նմանը չկաաա, իմ ընկերուհի», «Գժվում եմ էս նկարիդ համար, աշխարսսսս»: Եվ այս ամենը բոլոր նկարների տակ: Խենթացեք միմյանց համար, որքան ուզում եք, բայց մի՛ արեք դա այնպես, որ մարդկանց մոտ սրտխառնոց առաջանա: Ի վերջո, եթե դա զուտ ցուցադրելու համար չէ, խենթացեք միմյանց համար անձնական նամակագրության մեջ:

Ցուցակը կարելի է անվերջ շարունակել… Խնայելով մեր բոլորիս նյարդային համակարգը՝ մաղթում եմ անվտանգ նավարկություն ֆեյսբուքի ջրերում և ադեկվատ ֆռենդներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել