Image result for սահմանադրությունԱզգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդով ընտրված Հանրապետության նախագահի իշխանության հակակշիռը ոչ թե Ազգային ժողովի նախագահն է, այլ Ազգային ժողովն ինքը, որը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Օրենսդիր իշխանությունն իրականացնելուց բացի, այն «վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ»:

Դրանք շարադրված են Սահմանադրության նախագծի 34 հոդվածում, մինչդեռ Հանրապետության նախագահին հատկացված է 12 հոդված: Ինչ վերաբերում է Ազգային ժողովի նախագահին, ապա 3 կետից բաղկացած մեկ հոդվածը բավական է եղել, որպեսզի շարադրվեն Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների և Ազգային ժողովի խորհրդի գործառույթները: Ահա այդ հոդվածը, որը 104-րդն է.

«1. Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում են և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

2. Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը:
3. Ազգային ժողովում ձևավորվում է Ազգային ժողովի խորհուրդ, որը կազմված է Ազգային ժողովի նախագահից, նրա տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից և մշտական հանձնաժողովների նախագահներից: Ազգային ժողովի խորհուրդը հաստատում է հերթական նստաշրջանների և նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաև իրականացնում է Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ»:

Սահմանադրության նախագծում կառավարությանը հատկացված է 15 հոդված: Մենք արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու վարչապետի ընտրության և նշանակման մանրամասներին: Այժմ տեսնենք, թե նախագիծն ինչ է առաջարկում կառավարության հրաժարականի վերաբերյալ. «Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը»: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը»:

Այսպիսով, համառոտ անդրադարձանք սահմանադրական բարեփոխման նախագծի այն հոդվածներին, որոնք վերաբերում են Հանրապետության երեք գլխավոր պաշտոնների` Ազգային ժողովի նախագահի, Հանրապետության նախագահի, վարչապետի ընտրությանը, նշանակմանը և գործառույթներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել