Երեկ Ճանապարհային ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում վարորդներին զգուշացնում է, որ տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը սահմանված կարգին չհամապատասխանեցնելու դեպքում ճանապարհային ոստիկանությունը կկիրառի օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ: 
«Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց (հատկապես՝ վրաերթերի) մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգեցված թաղանթով)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ես կարող եմ ավելացնել մեկ այլ պատճառ ևս, որն ավելի շատ սոցիալական բնույթի է: Ճանապարհային ոստիկանները չեն կարող տեսնել՝ մգեցված ապակիներով երթևեկող վարորդներն ամրագոտիներ կապում են, թե՝ ոչ: Հետևաբար այն վարորդները, ովքեր երթևեկում են սովորական ապակիներով, ի սկզբանե անհավասար պայմաններում են գտնվում և դառնում են «քավության նոխազ»: Այնպես որ, ես 100 %-ով համաձայն եմ ոստիկանության այս որոշման հետ և իմ համեստ կարողությունների չափով ամեն կերպ աջակցելու եմ այս ակցիային: Բայց մի պայմանով…
Հարգելի ՃՈ, քանի որ մեր բազմաթիվ չինովնիկները, օլիգարխները, նրանց զավակները, վարորդները և «ախռաննիկները» բոլոր վարորդների նման մսից և արյունից են, հետևաբար մգեցված ապակիները նաև նրանց համար են դառնում վթարի պատճառ, հուսով եմ, որ այս հաղորդագրությունը տարածվում է նաև նրանց վրա: Եթե այդպես է, ապա ես երկու ձեռքով ողջունում եմ ձեր այս նախաձեռնությունը և կաջակցեմ, ինչով կարող եմ, իսկ եթե սա սովորական մահկանացուների հերթական «կլպոցին է», ապա հետո ինձանից նեղանալ չլինի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել