Երեկվա առավոտը բացվեց ծանր և տխուր լուրերով. Մոսկվայից Երևան ուղերթ կատարող «Higer» մակնիշի, 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը, որը պատկանում է հայկական «Քինգ դելյուքս» ընկերությանը, նոյեմբերի լույս 3-ի գիշերը՝ մեր ժամանակով ժամը 3:10-ի սահմաններում, Տուլայի մարզով անցնող Մ-4 «Դոն» մայրուղու 221-րդ կիլոմետրի վրա, Ուզլովոյե քաղաքից ոչ հեռու, դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել:
Ռուսական լրատվամիջոցների տարածած, հետագայում նաև պաշտոնապես հաստատված տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսում եղել են մեքենայի երկու վարորդները և 59 ուղևոր՝ մեծ մասամբ տղամարդիկ, բոլորը Հայաստանի քաղաքացիներ: 
Վթարի հետևանքով ստացած վնասվածքներից ուղևորներից 7-ը տեղում մահացել է: Եվս մեկ ուղևոր մահացել է հիվանդանոցում: Հարկ է նկատել, որ մի քանի տասնյակ տուժած, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած ուղևորներին հնարավորինս արագ տեղափոխել են վթարի վայրին մերձակա հիվանդանոցներ: Տուժածներից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: 
Նկատենք, որ ուղևորների մեծ մասն այդ ժամին, բնականաբար, քնած է եղել, ու ինչ-որ տեղ նաև դրանով է բացատրվում տուժածների մեծ թիվը: Գառնիկ Հարությունյան անունով վարորդը վթարից չի տուժել, սակայն մի որոշակի ժամանակահատված շոկային վիճակում է եղել և չի կարողացել որևէ բացատրություն տալ կատարվածի վերաբերյալ: Ներկայումս նա ձերբակալված է։
Տուլայի մարզի ոստիկանությունը վթարի փաստով քրեական գործ է հարուցել ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի հատկանիշներով՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու և ավելի անձանց մահվան: 
Շրջանառվում էին լուրեր, որ վթարը տեղի է ունեցել վարորդի քնելու հետևանքով: Սակայն ավելի ուշ այդ լուրերը հերքվեցին: Շոկային վիճակից դուրս եկած վարորդը ՈԴ իրավապահ մարմիններին ցուցմունք է տվել, որ վթարը տեղի է ունեցել մեքենայի ինչ-որ անսարքության պատճառով։
Ռուսաստանցի իրավապահներն անսարքության վարկածին զուգահեռ դիտարկում են նաև «մարդկային գործոնի» տարբերակը, այսինքն՝ վթարը կարող է վարորդի որևէ սխալի հետևանք լինել: Նաև նման լուր շրջանառվեց, թե զանգել է ղեկին գտնվող վարորդի բջջայինը, այն նրա ձեռքից ընկել է, նա կռացել է, որ վերցնի ու այդ պահին կորցրել է մեքենայի կառավարումը: Այդպե՞ս է եղել, ավելի ճիշտ՝ ինչ է եղել և ինչպես, հուսանք, կպարզվի իրականացվող քննության ընթացքում: 
Ակնհայտ է մի քանի բան. կատարվել է ահավոր ողբերգություն: Տուն վերադարձող մեր հայրենակիցները դժբախտության մեջ են ընկել, 9 մարդ զոհվել է, գրեթե 50 հոգի վիրավորվել, նրանցից մի քանիսը ծանր վնասվածքներ են ստացել:
Մյուս ակնհայտ բանն այն է, որ նման մի ողբերգություն վաղ թե ուշ տեղի էր ունենալու: 
Երեկ այս ահավոր եղելությանն արձագանքեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարի ցավակցական ուղերձում նշված է. «Խոր ցավով տեղեկացա Տուլայի շրջանում Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի և անդառնալի հետևանքների մասին: Այս գիշեր մեծ կորուստ կրեց մեր ողջ ժողովուրդը, մեզնից յուրաքանչյուրը: Այս ծանր պահին իմ ցավակցությունն ու վշտակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին: Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:
Սերժ Սարգսյանն իրավասու մարմիններին հանձնարարել է կարճ ժամկետներում վթարի պատճառների և ավելի լայն ու համալիր ուսումնասիրությունների հիման վրա ներկայացնել Հայաստանի տարածքից միջպետական ավտոբուսային փոխադրումների անվտանգության աստիճանն էապես բարձրացնելու ծրագիր: 
Կառավարությանը և Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը նախագահը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել զոհվածների և տուժածների ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ամբողջ ծավալով բժշկական օգնություն կազմակերպելու նպատակով:

Հավելենք, որ ռուսական համապատասխան ծառայությունները՝ շտապբուժօգնություն, ոստիկանություն, ԱԻՆ կառույցներ, գործել են հնարավորինս օպերատիվ: Իրավիճակին արագ արձագանքել են նաև Հայաստանի դեսպանատունն ու Տուլայի մարզային իշխանությունները: Ավելի ուշ Հայաստանի ՏԿԱԻ, առողջապահության և տրանսպորտի նախարարությունները տեղեկություններ տարածեցին, որ սերտորեն համագործակցում են Ռուսաստանի իրենց գործընկերների հետ: 
Ամեն պարագայում դեռ շատ ու շատ հարցեր կան: Նշենք, որ ուղևորափոխադրումների ոլորտում գործող «Քինգ դելյուքս» ընկերությունը պատկանում է «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանին, որը Գագիկ Ծառուկյանի սանիկն է, սակայն վերջին տարիներին լարված հարաբերություններ ուներ նրա հետ: Ա.Հարությունյանը նաև առաջադրվել էր Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, սակայն հաջողության չհասավ: 
Ամեն դեպքում, այստեղ էականն այն է, որ «Քինգ դելյուքսը» մեծ հեռավորության նման ուղերթեր էր իրականացնում, ըստ տրանսպորտի և կապի նախարարության երեկ տարածած հաղորդագրության՝ «ոչ կանոնավոր»: Բայց միայն նշված ընկերությունը չէ, որ զբաղվում է ավտոբուսային նման ուղևորափոխադրումներով: 
Հայաստանը Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցություն չունի: Ավիատոմսերը մեզանում, ինչպես հայտնի է, «օլիգարխիկ գների» են հասնում: Մնում է ավտոտրանսպորտը, այսինքն՝ ավտոբուսներով Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ այլ երկրներ մեկնելու տարբերակը: Ժամանակատար է, անհարմարավետ, բազմապատիկ վտանգավոր, բայց քիչ թե շատ մատչելի: Դե, տասնյակ ու տասնյակ հազարավոր մարդիկ էլ, բնականաբար կամ ճարահատ, ընտրում են այդ տարբերակը: 
Բայց այստեղ էական է այլ բան. այն, թե նման ուղևորափոխադրումներով զբաղվող ընկերություններն ինչպե՞ս են վերահսկվում, եթե, իհարկե, ինչ-որ մի պետական կառույց այս ոլորտը վերահսկում է առհասարակ: 
Ընդհանրապես հարց է, թե ինչ տեխնիկական վիճակում գտնվող ավտոբուսներ են շահագործվում Երևան-Մոսկվա և նման բազմաթիվ «գծերի» վրա, ի՞նչ պատրաստվածության վարորդների են վստահվում հազարավոր ու տասնյակ հազարավոր մարդկանց կյանքերը: 
   
   
«Հայոց Աշխարհ»-ի խմբագրակազմը վշտակցում է վթարից զոհվածների մերձավորներին և հարազատներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել