Սահմանադրության փոփոխությունը ներկա փուլում քաղաքական դաշտի առանցքային վիճահարույց հարցն է: Ինչպես գիտենք՝ ձևավորվել են սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող մի քանի ուժեր: «Չեք անցկացնի» շարժումն արդեն մի քանի օր է, ինչ նախաձեռնել է դրամահավաք, որի արդյունքում ստացված հասույթը, ըստ կազմակերպիչների, պետք է օգտագործվի քարոզարշավի ընթացիկ ծախսերը հոգալու համար:

Այսօր ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել միանալ դրամահավաքին և որոշակի ներդրում կատարել «ՈՉ»-ի քարոզչական հիմնադրամում: Մեջբերեմ մի հատված. «ՈՉ-ի քարոզարշավին այդ դրամը պետք է իշխանությունների կողմից ժողովրդին պարտադրված տեղեկատվական շրջափակումը ճեղքելու համար։ Դրամը կարող եք փոխանցել բանկային ցանկացած բաժանմունքից Կենտրոնական Բանկի 103005000015 հաշվեհամարին (ստացող՝ ՀԱԿ խմբակցություն, նպատակ՝ նվիրատվություն ՈՉ-ի քարոզարշավին)»։ 
Զուրաբյանը նաև նշել է. «Խնդրում եմ նաև առավելագույնս նպաստել «ՈՉ»-ի քարոզարշավի այս կոչի տարածմանը»:

Հպանցիկ նշեմ, որ չնայած Զուրաբյանը կոչ է արել առավելագույնս տարածել գրառումը, 3 ժամում այն ունեցել էր 8 like և 4 share:

Առհասարակ չեմ հասկանում Զուրաբյանի կոչը: Պատգամավորի արած հայտարարությունը «թարգմանաբար» նշանակում է՝ ժողովուրդ, մի որոշ մի բանով օգնեք, քարոզարշավ իրականացնենք: Պարոն Զուրաբյան, ձեր շարքերի նախկին օլիգարխիայի ներկայացուցիչներին փորձե՞լ եք դիմել: Նրանք նույնպես «հեչ լավ չեն», թե՞ պարզապես անվստահություն կա այդ հիմնադրամի ֆինանսական հոսքերի համակարգողների նկատմամբ: 
Անկեղծ ասած՝ Զուրաբյանի այս գրառումը մի պահ սոցիալական ցանցերում բարեգործական ակցիաներ, «օգնեք փոքրիկ Գայուշիկին գնել նոր iPhone» տիպի դրամահավաքներ իրականացնող ֆեյք հաշիվներին է հիշեցնում: Այս գրառումն էլ երևի կարելի է վերնագրել՝ «օգնեք փոքրիկ Լյովիկին»:

Չզարմանաք, եթե Զուրաբյանը ձեզ նկարներ ուղարկի իրենց նիստերից և ասի. «please LIKE, shat karevor e»: 
Մի հատ ձեր շարքերը թափ տվեք կամ «պապիին» մի կեսբերան ասեք, կարող է վերջին ներդրումներն անի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել