Lragir.am-ը գրում է.

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը՝ հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է 11,2 հազարով կամ 10,7 %-ով և կազմել 93 հազար: Այս մասին վկայում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն պետական ծառայության՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սահմանահատումների վերաբերյալ հրապարակած տվյալների հիման վրա կատարած վերլուծությունը: 

Ըստ այդմ՝ երրորդ եռամսյակում միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը կազմել է 17,6 հազար մարդ՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակի 18,8 հազարի դիմաց:   2015 թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ժամանումների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 996 հազար 255, մեկնումներինը՝ 2 մլն 89 հազար 273:

Ընդ որում՝ միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդ է գրանցվել օդային և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով՝ համապատասխանաբար 39 հազար 794 և 53 հազար 731, ինչը նշանակում է, որ Հայաստանն առավել շատ լքել են ավտոմոբիլային տրանսպորտով: Երկաթուղով ժամանումների թիվը 507-ով գերազանցել է մեկնումների թվին:

Այս տարվա 9 ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  պակասել է  45,6 հազար մարդով  կամ 1,1 %-ով և կազմել 4 մլն 85,5 հազար մարդ:  Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորահոսքերի ընդհանուր ծավալում կազմել է 36,1%՝ նախորդ տարվա 39,5%-ի դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել