Կայուն հարաբերություններ ունենալու համար նա կարևորում է սերը, հարգանքը, վստահությունը: Սա բնորոշում է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Աննա Ավանեսյանին, ով կանացի հատուկ նրբանկատությամբ իր «Ճակատագրով՝ կին» հաղորդման ժամանակ փորձում է բացահայտել իր հերոսուհիներին:

Աննան արդեն երկար տարիներ է, ինչ աշխատում է հեռուստատեսությունում և լավ գիտի՝ որոնք են պրոֆեսիոնալ հաղորդավարուհի դառնալու կարևոր պայմանները. «Տեսախցիկը նման է ռենտգենյան սարքի. այն ի ցույց է դնում մեր թերություններն ու առավելությունները: Գրագիտությունը, տեղեկացվածությունը, ճկունությունը, ինտելեկտն անհրաժեշտ ու պարտադիր են. դրանցից ոչ պակաս կարևոր է հմայքը, որի անտեսանելի թելերը սեր ու համակրանք են առաջացնում դիտողի մոտ»,-BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է Աննան:

Աննայի համար «Ճակատագրով՝ կին» հաղորդումը բավականին առանձնահատուկ է, քանի որ հեղինակային շարք է. «Հաղորդումն ինձնից պահանջում է նոր տիպի ստեղծագործական մոտեցում և կրկնակի ներգրավվածություն նկարահանման և մոնտաժային աշխատանքում,-նշում է Աննան և ավելացնում, որ մարդկանց ճակատագրերի մասին խոսելը նրբանկատություն է պահանջում։- Մեր հերոսներն անկեղծանում են, խոսում, երբեմն՝ արտասվում. ամենայն պատասխանատվությամբ եմ մոտենում այդ պահերը հանրությանը ներկայացնելուն: Թերևս կարող ենք «Ճակատագրով՝ կին»-ը հաջողված համարել, քանի որ Առաջին ալիքն ընդունեց արտերկրում ապրող հայերի մասին պատմող նմանատիպ նախագծի առաջարկս, և այդպես սկսեցինք «Ճակատագրեր. Օվկիանոսից այն կողմ» շարքն ամերիկաբնակ մեր հայրենակիցների մասին»:

Իսկ մեր այն հարցին՝ արդյոք Աննան կմտաբերի՞ մի հաղորդում, որի ընթացքում նա չի կարողացել զսպել արցունքները, հաղորդավարուհին պատասխանեց. «Հաղորդման առաջին իսկ նկարահանումների ժամանակ հերոսուհին արտասվեց, թեև նպատակ չունեի արցունքներ կորզել: Այնպես ստացվեց, որ գրեթե բոլոր հետագա հաղորդումներում եղան նման հուզիչ պահեր: Նույնը նաև ամերիկյան մեր հաղորդումներում կրկնվեց: Չեմ կարող ասել, որ ինքս նույնպես արտասվել եմ, իսկ ահա «Սպասիր ինձ» հաղորդման տաղավարում շատ են եղել նման պահեր, երբ մասնակիցների պատմությունները և երկար սպասված հանդիպումները ստիպել են ինձ արտասվել տեսախցիկների առաջ»:

Երբ մարդիկ Աննային փորձում են բնորոշել Աննային, առաջինը նշում են նրա համեստության մասին, ինչը, ըստ Աննայի, հաջողության հասնելու ճանապարհին կարող է երբեմն խանգարել. «Համեստ լինելով հանդերձ՝ կարծում եմ՝ կարևոր է իմանալ սեփական արժանիքները և ադեկվատ գնահատել ունեցած ներուժը: Աշխատասիրությունն է հաջողության գրավականը՝ անկախ բնագավառից»:

Աննան նաև Հանրային հեռուստաընկերության խորհրդի մամուլի քարտուղարն է և նշում է, որ որքան շատ են անելիքները, այնքան ավելի շատ գործ է հասցնում անել. «Ստեղծագործականը փորձում եմ համատեղել վարչական աշխատանքի հետ, որը նույնքան հետաքրքիր է: Արդեն երրորդ տարին է, ինչ գործում է ԵՊՀ-ի և Հանրայինի համատեղ ջանքերով ստեղծված «Մասս մեդիա» կենտրոնը, որտեղ հեռուստատեսային մասնագիտություններով պատրաստվում են ապագա մասնագետներ: Զբաղվածություն ունեմ նաև այդ կենտրոնում: Փորձում եմ լիարժեք կատարել իմ առաջ դրված խնդիրները, այնպես, որ հաճույք պատճառեն աշխատանքի ընթացքը և արդյունքները»:

Հեռուստատեսությունն իհարկե շատ բաներից է կտրում, երբ աշխատանքդ ավելի շատ է, մնացած այլ բաներին գրեթե ժամանակ չի մնում. «Ինձ մարզասրահից է կտրել, վերջին շրջանում ոչ մի կերպ չեմ հասցնում սպորտով զբաղվել, թեև հասկանում եմ դրա կարևորությունը»:

Ասում են՝ հայտնի մարդկանց համար բարդ է ընտանիք կազմել, բայց Աննան գիտի երջանիկ մարդկանց բազմաթիվ օրինակներ. «Դրան հակառակ՝ բարդ կարող է լինել նաև նրանց համար, ում աշխատանքը հայտնիության հետ կապ չունի: Պարզապես ճանաչված մարդկանց դեպքում անձնականը քննարկման առարկա է դառնում, նման լուրերը կայքերի թոփ թեմաներն են դառնում, իսկ որոշ մարդիկ անձնականը դարձնում են PR-գործիք: Ես դրան էլ դեմ չեմ, պարզապես ընտրության հարց է՝ ապրել բոլորի աչքի առաջ կամ աչքից հեռու»:

Աննան կյանքում հիասթափության մեծ չափաբաժին չի ունեցել, երբ պարզապես կարող էր ամեն ինչ թողնել ու հեռանալ. «Փառք Աստծո, նման իրավիճակում չեմ հայտնվել: Նույնիսկ այն պահերին, երբ կան հիասթափության նշույլներ, և ինչ-որ բան վշտացնում է, կյանքի հերթական շրջադարձը դրական ելքի է բերում: Գոնե ինձ հետ այդպես շատ է պատահել: Հարաբերություններ կառուցելն ու պահպանելն ամենօրյա աշխատանք է պահանջում: Սերը, վստահությունը, հարգանքն ինձ համար առաջնային են»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Առաջին Ալիքի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել