«Առաջին անգամը» շատ լուրջ եւ պատասխանատու գործ է: Հաճախ այն անգամ որոշակի վախ է առաջացնում աղջիկների մոտ` ցավոտ զգացողությունների, երբեմն  անհաջողության սպասումներով: Խնդիրներից խուսափելու, առաջին սեռական փորձի հաջողության  եւ մարդու կյանքում դրա կարեւորության մասին NEWS.am STYLE-ի թղթակցին պատմեց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

«Առաջին սեքսի համար պայմանները շատ պարզ են, սակայն դրանց մասին պետք է նախապես մտածել: Օրինակ՝ ցանկալի է, որ սենյակում կիսամութ լինի: Պետք է հաշվի առնել, որ առաջին սեքսի վերաբերյալ կանանց վերաբերմունքը խստորեն տարբերվում է տղամարդկանց վերաբերմունքից:  Աղջիկներին դուր են գալիս համբույրները, քնքուշ գրկախառնություններն ու խոսքերը, սակայն առաջին սեռական փորձը նրանցից շատերին վախեցնում է:  Ավելորդ կոպտությունը եւ աղջկա զգացմունքների անտեսումը  կարող է հոգեկան, անգամ` ֆիզիկական ցավ պատճառել:  Իսկ իրադարձությունների նման զարգացումը կասկածի տակ է դնում հետագա առողջ հարաբերությունները: Տղամարդիկ, ովքեր պատրաստվում են զրկել աղջկան կուսությունից, պետք է հիշեն, որ այդ գիշեր պետք է լինել համբերատար, ուշադիր եւ ինքնավստահ:

Կուսությունից զրկելուց հետո հաջորդ շփումը պետք է լինի ոչ շուտ, քան 1-2 օր հետո, եթե անգամ աղջիկը դեմ չէ: Խնդիրն այն է, որ կուսաթաղանթի պատռվելուց հետո առաջացած վերքը պետք է սպիանա:

Հիմա տղամարդկանց կուսության կորստի մասին: Հաճախ է լինում, երբ տղամարդը իր «առաջին անգամվա» ժամանակ շատ  արագ է ավարտում կրքոտ շոյանքները: Դրանից պետք չէ անհանգստանալ, քանի որ կարճ ժամանակ անց առնանդամը կրկին «պատրաստ կլինի գրոհի», իսկ ահա երկրորդ անգամ սեռական ակտն ավելի երկար կտեւի: Երկչոտների եւ անվստահների մոտ էրեկցիա կարող է  չլինել կամ ամենապատասխանատու պահին նվազել` տապալելով սեռական ակտը: Նման դեպքում շատ կարեւոր է  աղջկա արձագանքը: Ցանկացած սխալ մեկնաբանություն կարող է ավելացնել տղամարդու անվստահությունն ու վախը սեքսից առաջ` բավական երկար ժամանակ:

Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար առաջին սեռական փորձը մեծ նշանակություն ունի: Պատճառը պարզ է. առաջին սեռական ակտի ժամանակ զուգընկերները խիստ զգայուն են ցանկացած կոպիտ շարժման ու գործողության նկատմամբ:  Իսկ եթե առաջին փորձն անհաջող լինի, այն կարող է կանանց մոտ ընդհանրապես սեքսի ցանկության կորստի, իսկ տղամարդկանց մոտ իմպոտենցիայի հանգեցնել»:

Գրի առավ Անահիտ Գրիգորյանը/ NEWS.am STYLE

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել