95 տարի առաջ այս օրը` հոկտեմբերի 30-ին, հայկական զորքերն առանց որևէ լուրջ դիմադրության թուրքերին հանձնեցին Կարսն այն դեպքում, երբ կային հակառակորդին վճռական հարված հասցնելու և հաղթելու բոլոր նպաստավոր պայմանները: 
Որքան էլ որ զավեշտական չհնչի, բայց Կարսում թուրքական զորքերի դիմաց կանգնած էին այն նույն զինվորներն ու հրամանատարները, ովքեր Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում կռվել էին մինչև վերջ: 
Այդ հաղթանակներից անցել էր ընդամենը 2 տարի, բայց ի՞նչ էր փոխվել, ինչո՞ւ հայերը կարողացան կռվել Սարդարապատում, բայց չկռվեցին Կարսում: Ո՞րն էր մարտունակ հորջորջվող բանակի այդ աստիճան բարոյալքման պատճառը: 
Պատճառները տարաբնույթ են։ 
Քաղաքական ղեկավարության և զինվորական հրամանատարության միջև գոյություն ունեին խորը հակասություններ, թույլ տրվեցին մի շարք մարտավարական սխալներ, բացի այդ, եթե Կարաբեքիրն անձամբ էր գլխավորում ռազմական գործողությունները, ապա Թովմաս Նազարբեկյանն այդպես էլ չբարեհաճեց դուրս գալ Երևանից, իսկ Սիլիկյանի շտաբը, չգիտես ինչու, Կարսից 70 կմ հեռավորության վրա էր գտնվում: Ընդհանուր առմամբ պետք չէ խորանալ մանրամասների մեջ, սրանցից ոչ մեկը վճռական ազդեցություն ունենալ չէին կարող: 
Պատճառը ռուսական, բայց արդեն Կարմիր բանակի վերադարձն էր տարածաշրջան (մի շարք հեղինակավոր պատմագետներ ուշադրություն չեն դարձրել այդ հանգամանքի վրա) և դրանից ելնելով՝ բոլշևիկյան համապատասխան քարոզչությունը, որն ուղղակիորեն բարոյալքեց և կազմաքանդեց մի ողջ կանոնավոր բանակ: 
Խնդիրն այն էր, թե ինչպես շարքային զինվորները, այնպես էլ բարձր հրամանատարությունը կարծում էին, թե կռվում են բոլշևիկա-քեմալական միասնական ուժերի դեմ: Մի մասն օգնություն էր ակնկալում ռուսներից` համոզված լինելով, թե չի կարելի հակամարտության մեջ մտնել եղբայրական Ռուսաստանի դեմ: Մյուս մասն էլ կարծում էր, թե կարելի է պայմանավորվել թուրքերի հետ: 
Մի ուշագրավ տեղեկություն ևս. գեներալ Դ. Փիրումյանը թուրքական մի զորամասի դեմ ուղարկեց գնդապետ Մազմանյանի գունդը, որը, սակայն, պարտություն կրելով, անցավ խայտառակ փախուստի: Չկարողանալով կասեցնել իր զինվորների ամոթալի նահանջը՝ հուսալքված գնդապետը ինքնասպանություն գործեց: 
Կարսի հանձնումից 95 տարի անց հայկական բանակի գեներալա-սպայական կազմի ճնշող մեծամասնությունն իրավամբ համարվում են հայ-ռուսական ռազմավարական դաշինքի վճռական պաշտպանները, իսկ գեներալների մի մասը խոսում և հրամաններ են արձակում ռուսերեն լեզվով: Նույնիսկ փորձում են նմանակել ռուս գեներալներին, խոսքի մեջ ամեն պահ կրկնելով` բլյատ, բլյատ, սուկա բլյատ: 
Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ ռուսներն այլևս գործարքի մեջ չեն հայտնվի Թուրքիայի հետ և ռազմական գործողություն չեն իրականացնի Հայաստանի տարածքում: Ավելին` բոլշևիկյան այդ նույն քարոզչությունը, բայց մի փոքր այլ երանգներով իրականացվում է ներկայումս նույնպես` հեռուստացույցով, համացանցով և նույնիսկ պետական բարձրաստիճան այրերի շուրթերով: 
Անպատասխան հարցադրում. հայկական բանակը կկռվի արդյո՞ք ռուսների կամ նրանց հետ համագործակցող թուրքերի դեմ, թե՞ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել