ՀՀ-ում կան տնտեսագիտական ուղղվածության մի շարք պետական և մասնավոր ԲՈՒՀ-եր, մի շարք համալսարաններում կան տնտեսագիտական բնույթի առանձին ֆակուլտետներ, հետազոտական ինստիտուտներ, տարեկան հարյուրավոր, եթե ոչ հազարավոր շրջանավարտներ են դուրս գալիս այդ կրթօջախներից, այդտեղ աշխատում են բազմաթիվ տնտեսական մասնագիտությունների տեր դասախոսներ՝ դոկտոր-պրոֆեսորներ...

Հիմա առանցքային հարցադրումը. ո՞ւր են նրանք հրապարակային-քննարկման հարթակներում, երբ ՀՀ տնտեսական վիճակն այսքան մտահոգիչ է: Ո՞ւր են նրանց առարկայական վերլուծություն-առաջարկությունները, քննադատական կամ գնահատողական կարծիքները: Ինչո՞ւ են նրանք ավանդաբար պասիվ... Չէ՞ որ հենց նրանք նաև պետք ինչպես աջակցեն, այնպես էլ քննադատեն ու ինչ-որ առումով ուղղորդեն մեր Կառավարության տնտեսական քաղաքականությունը, դրա իրատեսականությունը, արդյունավետությունը: Ենթադրելի է, որ նրանք այդ ոլորտի գիտակները պետք է լինեն, մինչդեռ նրանք կարծես բացակայում են:

Տեղեկատվական հրապարակային դաշտում բոլորն անընդմեջ քաղաքականությունից են խոսում, մինչդեռ երկրի համար առանցքային կարևորություն ունի հատկապես տնտեսությունը: Այսօր քաղաքացին չգիտի՝ վաղը տնտեսության մեջ իրեն ինչ է սպասում, տնտեսական ինչ վարք որդեգրի: Բազմաթիվ, այդ թվում՝ քաղաքական խնդիրների հիմքը տնտեսական վիճակն է: Այս առումով տեղեկատվական դաշտում գործնականում դատարկություն է. լավագույն դեպքում ունենք մեկ-երկու տնտեսական ուղղվածության փորձագետ, ովքեր երբեմն որոշակի դիտարկումներ են անում առկա վիճակի մասին և վերջ:

Այս ամենի պարագայում տրամաբանական հարց է ծագում, որ եթե նրանք «ֆիզիկապես առկա» են, բայց «գործնականում ներկա» չեն, ո՞րն է նրան գոյության իմաստը: Փաստորեն, ինչպես նաև կրթա-գիտական մի շարք այլ մասնագիտությունների ոլորտներ, այստեղ նույնպես ձևավորվել է «զարգացման» ինքնավերարտադրվող մոդելը: 
Ու էսպես մինչև ո՞ւր ենք գնալու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել